Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ինչո՞ւ է ստեղծվում Միասնական քննչական կոմիտեն

Ինչո՞ւ է ստեղծվում Միասնական քննչական կոմիտեն

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունվարի 14-ին քննարկվեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը, որը կառավարության կողմից ներկայացնում էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք՝ 2013-ի սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր կարգադրություն նման կառույց ստեղծելու մասին: Քանի որ կարգադրությունն անմիջապես հաջորդել էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին, տեսակետ էր շրջանառվում, թե Միասնական քննչական կոմիտեն ստեղծվում է նախկին գլխավոր դատախազին աշխատանքով «ապահովելու» համար: Տեսակետն անուղղակիորեն հիմնավորվեց Ս.Սարգսյանի կարգադրությամբ, համաձայն որի՝ Աղվան Հովսեփյանը նշանակվում է այդ մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:

Կոմիտեի ստեղծման իրավական հիմնավորումները և նպատակը

Նախագահի կարգադրության մեջ այդ մարմնի ստեղծումը հիմնավորվում է «քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու և քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու» նպատակով: Գրեթե նույն հիմնավորումն է նշվում նաև կառավարության ներկայացրած օրինագծում: «Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները: Տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման եւ գործունեության միասնական սկզբունքներ եւ աշխատաոճ: Շատ դեպքերում միեւնույն իրավական հարցի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ, որի հետեւանքով խաթարվում է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը: Բացի այդ, գործադիր իշխանության մարմինների համակարգում քննչական մարմինների գործունեության հետեւանքով էապես սահմանափակվում է նախաքննության մարմինների դատավարական ինքնուրույնությունը, մի շարք դատավարական հարցերի լուծումն իրականացվում է վարչաիրավական հարաբերություններին հատուկ կառուցակարգերով, ինչն ինքնին հակասում է քննիչի դատավարական գործառույթների բնույթին»,- նշված է կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ:

Ինչպե՞ս է կազմավորվելու կոմիտեն

Նախապես ծրագրված էր, որ Միասնական քննչական կոմիտեում ընդգրկվելու են Պաշտպանության նախարարության, Ոստիկանության և Պետեկամուտների կոմիտեի քննչական մարմինները: Սերժ Սարգսյանի կարգադրության մեջ նույնպես այդպես էր նշված: Միասնական քննչական կառույցի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի կազմում ՊՆ-ի, Ոստիկանության և այլ պաշտոնյաների հետ միասին ընդգրկված են եղել նաև ՊԵԿ-ի երկու պաշտոնյաներ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Տիգրան Բարսեղյանը և Քննչական վարչության պետ Էդուարդ Սարիկյանը: Սակայն ավելի ուշ որոշվել է, որ ՊԵԿ-ի քննչական վարչությունը չի ներառվելու այդ մարմնում, և Միասնական քննչական կոմիտեն ստեղծելու է միայն ՊՆ-ի ու Ոստիկանության քննչական կառույցների ներգրավմամբ:

Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե ինքը միասնական քննչական մարնի ստեղծման ջատագովներից է եղել, բայց տվյալ դեպքում սա այնքան էլ միասնական չէ, քանի որ ընդամենը երկու գերատեսչությունների քննչական կառույց է ներգրավվելու: «Մենք ունեինք 5 քննչական կառույց՝ Հատուկ քննչական ծառայությունը, ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի քննչական բաժինները, ինչպես նաև ՊՆ-ի և Ոստիկանության քննչական կառույցները: Այս մարմնի ստեղծումից հետո ունենալու ենք 4 քննչական կառույցներ, ինչը միասնականության հարց չի լուծում»,- ասաց Գ.Ջհանգիրյանը:

Հ.Թովմասյանը հակադարձեց, որ միայն ՊՆ-ի և Ոստիկանության քննչական ծառայություններին բաժին է ընկնում քննվող գործերի մոտ 95 տոկոսը: Իսկ մյուս մարմինների քննչական կառույցներն իրենց ոլորտների առանձնահատկություններից ելնելով՝ առայժմ չեն ներառվում Միասնական քննչական կոմիտեում: Գ.Ջհանգիրյանը նաև տեսակետ հայտնեց, թե օրինագծի հիմնական հեղինակը (նկատի ուներ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին) դատախազության մասին օրենք է գրել, որտեղ խախտված է քննչի անկախության սկզբունքը: Ըստ օրինագծի՝ քննիչներն անմիջապես պատասխանատու են լինելու կոմիտեի ղեկավարին, իսկ դժգոհության դեպքում չեն կարողանալու բողոքել հսկող դատախազին: «Դա մեր Քրեական դատավարության օրենսգրքի հերն անիծելու է և հակասում է դրան»,- հայտարարեց պատգամավորը:

Քննարկվեցին նաև կոմիտեի կառուցվածքին, աշխատակազմին, պաշտոնյանների իրավասություններին ու պարտականություններին վերաբերող խնդիրներ, և որոշվեց որոշակի փոփոխություններով նախագիծը ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը:

Ավելացնենք, որ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» մայր օրինագծից բացի կառավարությունը փոփոխությունների և լրացումների նախագծեր է առաջարկել նաև իրավապահ և այլ ոլորտների մոտ 25 օրենքներում: Հ.Թովմասյանն այս առումով հայտարարեց, թե ինքը նախկինում նման ընդգրկուն օրենսդրական փաթեթի չի հանդիպել: Իսկ օրինագիծը այդ հանձնաժողովում հաջորդ շաբաթ կքննարկվի ևս մեկ անգամ և դրական եզրակացություն ստանալուց հետո կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ: Նշենք նաև, որ նախագահի կարգադրության կամ օրինագծի հիմնավորման մեջ չկա նշում, թե մինչև երբ Միասնական քննչական կոմիտեն պետք է ձևավորված լինի:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները