Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սեպտեմբերի 3-ը եւ խորհրդարանական դիվանագիտությունը

Սեպտեմբերի 3-ը եւ  խորհրդարանական դիվանագիտությունը

Եթե շատերի համար վատ թիվը 13-ն է, ապա պիտի նշենք, որ հայ-եվրոպական միջխորհրդարանական համագործակցությունը բարեհաջող հաղթահարել է այդ սատանայական դյուժինը, բայց արի ու տես, որ 14 թիվն այդպես էլ հաղթահարել չհաջողեց։ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության 14- րդ նիստը տապալվեց։ Այն, որ փետրվարի 5- 6- ին նիստը գրեթե չի կայացել եւ համատեղ հայտարարությունն էլ չի ընդունվել,  իմացանք հայ խորհրդարանականների մինչեւ Հայաստան ժամանելը, իսկ արդեն այստեղ հստակ պարզ դարձավ, որ ԱԺ պատվիրակության ոչ բոլոր անդամներն էին համաձայն դրա նախագահի՝ Սամվել Ֆարմանյանի հայտարարությունը չստորագրելու որոշման հետ։ 


Հաշվի առնելով Հայաստանի կառավարման համակարգի կենտրոնացվածության  բարձր մակարդակը, պիտի վստահ լինենք, որ սա Ֆարմանյանի միակամ որոշումը չէր։ Նա չէր կարող առանց Բաղրամյանի 26-ի նման քայլի գնալ, առավել եւս, որ մի շրջան աշխատել է այդ շենքում՝ նախագահական նստավայրում։ Ի դեպ՝ արդեն Երեւանում պատվիրակության ղեկավարը խոստովանեց, որ հայտարարության շուրջ բանակցում էր ԱԺ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ։ Պիտի հասկանալ, որ հայտարարությունը չստորագրելու որոշումը գալիս էր ԱԳՆ-ից։ Մի կողմ թողնելով այն դիտարկումը, թե չստորագրելու պատճառը Ղարաբաղյան խնդրի շուրջ հայկական կողմի շահերին հակասող դրույթն էր (անկեղծ ասած չգիտեմ, թե այդ ինչ հակահայկական բան պետք է նշվեր, որ հակասեր Հայաստանի կողմից ընդունված Մադրիդյան սկզբունքներին)։ Սակայն համատեղ հայտարարության մեջ Հայաստանն առարկություններ էր ներկայացրել նաեւ այն կետերում, որոնք վերաբերում էին ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարին։

Խորհրդարանական դիվանագիտությունը հենց նրանով է կարեւոր, որ կարող է, ի տարբերություն կառավարության, ավելի ճկուն ու ազատ լինել իր գործողություններում։ Ստացվում է, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը պակաս ճկուն ու ազատ է իր գործողություններում,ավելին՝ այն ուղղորդում են գործադիր իշխանությունից։

Այս համատեքստում արդեն պարզ է դառնում, որ խնդիրն ամենեւին էլ Ղարաբաղյան հակամարտությունը չէ, այլ սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը։ Մաքսային միության անդամակցության Հայաստանի հայտարարությունը եւ դրանից հետո եվրոպական կառույցների հետ հարաբերություններում Ռուսաստանին չզայրացնելու ցանկությունը այլեւս դարձել է քաղաքական ուղեգիծ, որի արտահայտությունը պետական ինքնիշխանությունը կամովին զիջելու գործելակերպն է։

Այս առումով Հայաստանն ստիպված է միջխորհրդարանական հարաբերություններ հաստատել այնպիսի երկրների հետ, որտեղ խորհրդարանը սիմվոլիկ նշանակություն ունի։ Հայաստանի իշխանությունների համար, բարեբախտաբար, Մաքսային միության անդամներից բացի էլի նման երկրներ կան։ Հիրավի՝ փետրվարի 13-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ընդունելով Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին, երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունն է նշել։ Այնպես որ՝ սեպտեմբերի 3- ից հետո հայկական «խորհրդարանական» դիվանագիտությունը զարգացման նոր վեկտորներ որդեգրելու հնարավորություններ է ստանում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները