Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խորհրդարանում գազային կրքերը չեն հանդարտվում

Խորհրդարանում գազային կրքերը չեն հանդարտվում

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քննարկումներ է նախաձեռնել «գազի հարցով»  ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Մի քանի օր է խորհրդարանական խմբակցությունները նրա մոտ բանակցում են այդ հարցի շուրջ, բայց ընդհանուր եզրակացության դեռ չեն եկել: Հիշեցնենք, որ ոչ իշխանական չորս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը նախորդ քառօրյայի ժամանակ արտահերթ ընթացակարգով քննարկման էին ներկայացրել որոշման նախագիծ՝ «ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի և գազի գների ձևավորման ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Կոալիցիոն խմբակցությունները փետրվարի 5-ին դեմ քվեարկությամբ  մերժեցին այն, իսկ հաջորդ օրը ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը հայտարարեց, թե խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ստեղծել այդ հանձնաժողովը:

Ընդդիմությունը դեմ է իշխանության առաջարկին

Փետրվարի 20-ին խորհրդարանական վեց խմբակցությունների ղեկավարները Հ.Աբրահամյանի մոտ քննարկել են գազային հանձնաժողովի ստեղծման հարցը, բայց ընդհանուր եզրակացության չեն հանգել: Մասնավորապես ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել են, որ իրենք չեն մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին, եթե չընդունվեն իրենց առաջարկները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց հիմնական առաջարկը վերաբերում է հանձնաժողովի կազմավորմանը: Նախապես առաջարկվել է, որ կառույցում ՀՀԿ-ն պետք է ունենա 5 անդամ, մյուս խմբակցությունները՝ մեկական: Երբ իրենք ընդդիմացել են, մեծամասնությունն առաջարկել է 5+5 տարբերակը՝ 4 հոգի ՀՀԿ-ից, մեկը ՕԵԿ-ից, երկուսը ԲՀԿ-ից, իսկ մյուս երեք խմբակցություններից՝ մեկական անդամ: Ռ.Հակոբյանի խոսքով՝ այս տարբերակն իրենց համար ընդունելի է, սակայն նախապայմանով, որ ոչ իշխանական ուժերը հանձնաժողովում ունենան համանախագահ: «Մեր առաջարկները մերժեցին և մենք հրաժարվեցինք մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Տեսնենք թե երկուշաբթի օրը ինչ կառաջարկեն, ըստ այդմ էլ կորոշենք մեր անելիքը»,- ասաց Ռ.Հակոբյանը:

ՀԱԿ խմբակցությունն էլ համաձայն չէ ՀՀԿ-ի առաջարկած այն տարբերակի հետ, որ հանձնաժողովի նիստերը պետք է փակ անցնեն: Եվ եթե մեծամասնությունը չհամաձայնի, որ նիստերը բաց լինեն, ապա ՀԱԿ-ն էլ չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքին: «Մենք դեմ ենք փակ նիստերին և գաղտնի խորհրդակցություններին: Մենք հենց դրա դեմ ենք պայքարում և ոչ թե դրա համար: Մենք մեկուկես տարի այդ գաղտնիության դեմ ենք պայքարում: Ինչ վնաս կրել է հայ ժողովուրդը, այդ գաղտնիության արդյունքում է եղել, և հիմա նույն գաղտնիությունը  շարունակելն իմաստ չունի: Տեսնենք՝ երկուշաբթի իրենք ինչ են առաջարկում, նոր մենք մեր որոշումը կկայացնենք», - մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Իսկ ոչ իշխանական մյուս երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հայտարարել են, որ համամիտ են Հ.Աբրահամյանի առաջարկած տարբերակին:


Ինչո՞ւ է մեծամասնությունը դեմ հրապարակայնությանը

Գազային հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի հեղինակը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է: Նա այսօր հայտարարել է, որ գազային ոլորտը բավականին նուրբ է, իսկ քննարկվելիք նյութը հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում է: Եվ եթե այդ մարմինն իր առջև դնում է այնպիսի լուրջ խնդիր, ինչպիսին է գազային ոլորտում ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը և դրա հետագա բարելավումը, ապա պետք է չդառնա քաղաքական շահարկման առարկա: Նրա խոսքով՝ բաց նիստի ժամանակ քաղաքական գործիչները, և հատկապես ընդդիմադիրները, կարող են քաղաքական հայտարարություններ անել, «ինչն ինքնին շոու է»: «Այսինքն, եթե ոմանք շահագրգիռ են լուրջ աշխատանք կատարելու հարցում, ապա պետք է մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Անկախ այն հանգամանքից, թե իրենք ինչ հայտարարությամբ հանդես կգան, ես կարծում եմ, առաջարկությունը, միեւնույն է, մնալու է ուժի մեջ»,- ասում է Դ.Հարությունյանը:
Գազային հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը կքննարկվի փետրվարի 24-ին սկսվող քառօրյայում ընթացքում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները