Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

5-րդ գումարում, 4-րդ նստաշրջան, 3-րդ զեկույց

5-րդ գումարում, 4-րդ նստաշրջան, 3-րդ զեկույց

ParliamentMonitoring.am-ն ամփոփել է Ազգային ժողովի 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արդյունքները:


Օրենքները թվերով


ԱԺ 4-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված 108 օրենքից մայր օրենքներ են միայն 5-ը, 94-ի հեղինակը կառավարությունն է, 14-ինը՝ ԱԺ պատգամավորները: Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ավելի շատ օրենքներ է ընդունել, քան ողջ աշնանային նստաշրջանում: Օրենքերի կեսից ավելին (62 oրենք) ընդունվել է հատուկ կարգով:


Նստաշրջանի ընթացքում քննարկվել է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնք քվեարկությամբ մերժվել են, ոչ իշխանական ուժերից ընդունվել է միայն ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած 2 նախագիծ: Ընդհանուր առմամբ` ԱԺ ոչ իշխանական ուժերը նստաշրջանի ընթացքում հեղինակել են 49 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկությամբ 9 նախագիծ մերժվել է ընդգրկել նստաշրջանի օրակարգ: 34 օրենսդրական նախաձեռնություն դրված է շրջանառության մեջ, բայց օրակարգ չի ընդգրկվել, 6 նախագիծ օրակարգում է:


Ավանդույթի համաձայն


5-րդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանում խորհրդարանական մեծամասնության և կառավարության դիրքորոշումների լիակատար ներդաշնակությունը պահպանվել է. կոալիցիոն խմբակցությունների դեմ քվեարկությունները, ինչպես նախորդ նստաշրջանում, չեն հասնում 1 տոկոսի և բացառապես վերաբերում են ընդդիմության նախաձեռնություններին:


Էթիկայի նորմերը չեն խախտվել


Էթիկայի հանձնաժողովը որևէ եզրակացություն ԱԺ-ին չի ներկայացրել. նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը հրավիրել է ընդամենը 2 նիստ, ստացել 2 դիմում: Դիմումներից մեկը մերժել է, մյուսը՝ ընդունել վարույթ: Համեմատության համար հիշեցնենք, որ ԱԺ 3-րդ նստաշրջանում էթիկայի հանձնաժողովը հրավիրել էր 14 նիստ, ստացել 6 դիմում, որոնցից վարույթ էր ընդունել միայն 1-ը:


Ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության


5-րդ գումարման Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Ամենաշատը կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ամենաշատ դեմ քվեարկած օրենսդիրը Նիկոլ Փաշինյանն է: Ամենաակտիվը Արծվիկ Մինասյանն է` ՀՅԴ-ից:


4-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 65 պատգամավոր, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լռակյաց» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում՝ 70-ից 36-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 23-ը:


Խորհրդարանում առաջին անգամ


Ոչ իշխանական 4 խմբակցությունները, օգտվելով ԱԺ կանոնակարգով նախատեսված իրավունքից, առաջին անգամ կարողացել են միասնաբար հարցի քննարկում պարտադրել մեծամասնությանը (կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրարկումը մեկ տարով հետաձգելու հարցով): Մինչ այդ նույն հարցով արտահերթ էր նախաձեռնել, որը չէր կայացել մեծամասնության բոյկոտի պատճառով:


Գազային համաձայնագրերը վավերացվել են բաց քվեարկությամբ՝ առանց հաշվիչ հանձնաժողովի որոշման:


ԱԺ նիստերի դահլիճում առաջին անգամ լրագրողները բողոքի ակցիա են կազմակերպել (գազային համաձայնագրերի վավերացման քննարկումների ժամանակ):


Նստաշրջանի ընթացքում փոփոխության է ենթարկվել խորհրդարանական պատվիրակությունների ձևավորման կարգը: «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը զրկվել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի կարգավիճակից (Ստրասբուրգում ՀՀ նախագահին ուղղված ոչ կոռեկտ հարց հնչեցնելուց անմիջապես հետո):

Չորրորդ նստաշրջանի արդյուքներն ամփոփող զեկույցն ամբողջությամբ ` այստեղ:



Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները