Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հերթական քառօրյա՝ արտահերթ հարցերով

Հերթական քառօրյա՝ արտահերթ հարցերով

Այն հարցերը, որոնք երկուշաբթի օրվանից դառնալու են խորհրդարանական քննարկումների առանցքը, անցած երկու շաբաթների ընթացքում Ազգային ժողովում քննարկվում էին փակ դռների հետևում: Բոլոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ 2 խորհրդակցություն անցկացվեց ԱԺ նախագահի մոտ, 3 փակ նիստ անցկացրեցին ոչ իշխանական 4 խմբակցությունները: Արդյունքում՝ արտահերթ կարգով փետրվարի 24-27-ի օրակարգում կընդգրկվեն միանգամից 3 հարց. 1-ը` մեծամասնության նախաձեռնությամբ, 2-ը` 4 ուժերի:


Մեծամասնությունը` ինչպես փոքրամասնությունը


Երկուշաբթի, քառօրյայի առաջին օրը, հետաքրքիր ու աննախադեպ իրավիճակ է լինելու Ազգային ժողովում: Եվ մեծամասնությունը, և փոքրամասնությունը ստորագրահավաք են անցկացնելու, որպեսզի կարողանան 44 ստորագրությունով, պատգամավորների 1/3-ով քառօրայի օրակարգ մտցնել երկու տարբեր հարցեր. մեծամասնությունը` գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, փոքրամասնությունը` մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Ու եթե ոչ իշխանական խմբակցությունները դրա փորձն ու նախադեպն արդեն ունեն (նախորդ քառօրյայում ստորագրահավաքի ճանապարհով նրանք կարողացան քննարկման դնել գազի հանձնաժողով ստեղծելու իրենց նախագիծը), ապա ՀՀԿ-ն առաջին անգամ է այս ճանապարհով գնում. փոքրամասնության նման առաջարկում է ստեղծել գազի հանձնաժողով և դարձյալ` դա անում է արտահերթ կարգով:

2 հարց` 1-ի փոխարեն

Եթե 4 ուժերին հաջողվեր ընդհանուր համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ, ինչի մասին սկսեցին խոսել նախորդ քառօրյայից անմիջապես հետո, ապա  քառօրյայի «մեխը» լինելու էր հենց այս հարցը: Տարբեր` բացահայտված ոու չբացահայտված պատճառներով, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ ու «Ժառանգություն» խմբակցություններին չհաջողվեց այս հարցի շուրջ մեկ ընդհանուր միասնական որոշման նախագիծ ստեղծել, ընդդիմադիրներից մեկի խոսքերով` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դեռ չի հասունացել: Փոխարենը, ոչ իշխանական խմբակցությունները գտան հարցեր, որոնք «հասունացել» էին դեռ նախորդ նստաշրջաններում:

ՀԱԿ-ի համար այդպիսի հարց է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2012թվականից: 2013-ին քննարկվել է ու մերժվել: 2014-ին շրջանառության մեջ է դրվել կրկին: ՀԱԿ-ն առաջարկել է, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն» էլ համաձայնել, և առաջիկա քառօրյայի օրակարգում այն կընդգրկվի ոչ իշխանական ուժերի ստորագրահավաքի միջոցով:

ՀՅԴ-ի համար «հասունացած» հարց է «Նաիրիտ»-ի խնդրով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել նախորդ տարվանից, դրա ընդգրկումը ԱԺ նիստերի օրակարգ 2 անգամ հետաձգվել է, իսկ վերջին քառօրայի սկզբում խմբակցությունը հայտարարեց, որ անկախ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունից` նախագիծը կընդգրկեն փետրվարի 24-27-ի օրակարգ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական չէ, բայց նախագիծը, որպես խմբակցության կողմից արտահերթ համարված հարց, կքննարկվի քառօրյայի երկրորդ օրը, երկրորդ նիստի ընթացքում:

Քառօրյայի օրակարգում այս արտահերթ հարցերից բացի, որոնք 3-ն էլ, ի դեպ, ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագծեր են, կան ևս 100 նախագիծ և 21 միջազգային պայամանագիր, բայց դրանց քննարկմանը կարող շատ քիչ ժամանակ մնալ, եթե արտահերթ հարցերը քննարկվեն այնպես, ինչպես քննարկվեց գազի հանձնաժողովի հարցը նախորդ քառօրյայում` գրեթե 2 օր: Այսինքն, ոչ իշխանական ուժերին կառավարությանն անվստահություն հայտնել դեռ չի հաջողվում, բայց փոխարենը նրանք կարող են նկատելիորեն ազդել ԱԺ-ի օրակարգի ձևավորման և քառօրյաների ընթացքի վրա:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները