Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ստացվեց ինչպես միշտ

Ստացվեց ինչպես միշտ

Կամ երբ գործընթացն արդյունքից կարեւոր է

Զգուշացեք, ձեր ցանկությունները կարող են իրականանալ. շատ ենք խոսել, որ խորհրդարանն ունի նաև վերահսկողական գործառույթ, որն այդպես էլ չի իրականացնում։ Դրա մասին խոսելիս՝ «ԱԺ մոնիտորինգ»-ն անդրադառնում էր նաեւ վերահսկողական այնպիսի կարեւոր ինստիտուտին, ինչպիսին որեւէ հարցի ուսումնասիրման նպատակով  խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունն էր։

Հայաստանի անկախության երկու տասնամյակներում այնքան էլ շատ խնդիրներ խորհրդարանը չի ուսումնասիրել։ Պատճառը, իհարկե, ոչ թե ուսումնասիրության կարոտ հարցերի պակասն էր, այլ՝ քաղաքական նպատակահարմարության եւ ԱԺ-ի՝ որպես օրենսդիր իրական իշխանության բացակայության հանգամանքը։ Ստեղծված մի քանի հանձնաժողովների (սկսած ԱրմենՏելի գործարքն ուսումնասիրողից մինչը մարտիմեկյանը) եզրակացություններն էլ հասարակական վստահության չեն արժանացել։

Եվ ահա՝ փետրվարի 24-27 քառօրյա նիստերում քննարկվում էին միանգամից երեք ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցերը։

Մարտի 1- ը՝ մարտի 1- ից առաջ

Մարտի 1-ի ողբերգության հերթական տարելիցին ընդառաջ ՀԱԿ-ը կրկին Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ հանդես եկավ։ Այս անգամ, սակայն, նախաձեռնությունը պաշտպանում էին մարտիմեկյան գործողությունների անմիջական պատասխանատվությունը կրող Ռոբերտ Քոչարյանի հենարան հանդիսացած միանգամից երկու քաղաքական ուժեր՝ ԲՀԿ- ն ու ՀՅԴ- ն։ Թեեւ նախաձեռնության հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը պնդում էր, որ հանձնաժողովը իրավական հարցերի պետք է պատասխանի, սակայն քննարկումներն իսկ ցույց տվեցին, որ Մարտի 1- ի խորհրդարանական ուսումնասիրությունը կարող է միայն քաղաքական ենթատեքստ ունենալ։

Ի վերջո՝ չմոռանանք, որ 2008- ի մարտին իրականացվել են, իմ խորին համոզմամբ, պետական ահաբեկչությամբ ուղեկցված քաղաքական սպանություններ։ Իսկ քաղաքական սպանությունները կարող են բացահայտվել միայն քաղաքական իրավիճակի փոփոխությամբ։ 2014- ի մարտի 1-ին ՀԱԿ հանրահավաքը ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը չի փոխվել։

«Նաիրիտի» նաիրյան ճակատագիրը

Եվս մեկ ժամանակավոր հանձնաժողով, որը նախաձեռնել էր ՀՅԴ-ն, կապված էր «Նաիրիտի» խնդրի հետ։ Անցած տասնամյակներում հայաստանյան արդյունաբերական այս հսկան այնքան տեր փոխեց, որոնք հետո կամ հրաժարվեցին նրանից կամ սնանկացան, որ այլեւս, կարծես, նրան ոչ մի հանձնաժողով չի կարող ոչ օգնել, ոչ վնասել։ Իհարկե՝ Հայաստանում ռուսական ազդեցության գործակալները խորհրդարանում պնդում էին, որ այսօր մեծ ծրագիր կա կապված «Ռոսնեֆտ»-ի հետ եւ ճիշտ չէ այս պահին որեւէ հանձնաժողով ստեղծել եւ խաթարել այդ աշխատանքները: Նման բացատրությունը տարակուսանք է հարուցում, որովհետեւ, կարծես, ցանկացած իրեն հարգող խոշոր ընկերություն որեւէ գործարար ծրագիր իրականացնելուց առաջ փորձում է պարզել, թե ինչի հետ գործ ունի։ Խորհրդարանական հանձնաժողովը, այս դեպքում, կարող է խանգարել միայն, եթե կամ այս ընկերության ծրագրերը լուրջ չեն, կամ «Ռոսնեֆտ»-ից փորձում են ինչ-որ բան թաքցնել։ Թեեւ, ըստ իս, խորհրդարանում ավելի շատ այս պարագայում խոսքը վերաբերում էր ոչ թե «Նաիրիտին», այլ ռուսական կողմին դուր գալու անսքող ցանկությանը։

Դեմ ըլլալով կողմ կըլլամ

Անցած քառօրյայում խորհրդարանը որոշեց ստեղծել գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով։ Խորհրդարանական մեծամասնությունը դեռ կարծես նոր էր մատը վերցել նման հանձնաժողովին «դեմ» կոճակից, երբ արագորեն ինքը նախաձեռնեց նման որոշման նախագիծ եւ արագորեն սեղմեց «կողմ»-ը։ Մեծամասնության կայծակնային այս մտափոխության պատճառները եւս պետք է փնտրել քաղաքական կոնյուկտուրայում։ Իշխող կոալիցիան հստակ ցույց տվեց, որ, հակառակ ԱԺ նախագահի հանդուրժողականության մասին կոչերին, ինքը խիստ անհանդուրժող է ընդդիմության առաջարկների նկատմամբ եւ երբեք չի ընդունի դրանք։ Նման իրավիճակում, իհարկե, ԱԺ նախագահի այն դիտարկումը, թե եթե ուսումնասիրությունների արդյունքում կբացահայտվեն ապօրինություններ, ապա դրանք թույլ տված պաշտոնյանները անպայման կպատժվեն, ինձ մոտ վստահություն չեն ներշնչում։


Զգուշացեք, ձեր ցանկությունները կարող են կատարվել

ԱԺ անցած քառօրյայում Հովիկ Աբրահամյանը, խոսելով գազային հանձնաժողովի ստեղծման մասին, նշեց, որ «ցանկություն չկա որեւ հարց կոծկել» եւ «ապագայում նման հանձնաժողովներ շատ են ստեղծվելու»։ Նման հանձնաժողովների կողմնակիցս՝ ԱԺ նախագահի այս խոսքերին մեծ կասկածով եմ մոտենում։ Արդյո՞ք չեմ հայտնվի ՀԷԿ-երի կողմնակից այն բնապահպանների կողքին, որոնք այսօր արդեն սարսափած են օր օրի անվերահսկելիորեն ավելացող ՀԷԿ-երի թողած բնապահպանական աղետներից…

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները