Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հանուն վիրտուալ բարոյականության

Հանուն վիրտուալ բարոյականության

Հայոց խորհրդարանում վերջապես կայացավ այդքան սպասված  միասնությունը. խորհրդարանական բոլոր խմբակցությունների եւ անկախ պատգամավորների ներկայացուցիչներն ազգային միասնության բացառիկ օրինակ ցույց տվեցին՝ հանդես գալով վիրտուալ բարոյականության պաշտպանության օգտին։ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (մանրամասները կարդալ այստեղ) անունը կրող միասնության մանիֆսետը ամրագրում է, որ այսուհետեւ ԶԼՄ-ները պատասխանատվություն են կրելու սոցիալական ցանցերում անհայտ օգտատերերի գրառման հրապարակման համար, եթե այդ հրապարակման հերոսը որոշի, որ այնտեղ իր հասցեին  վիրավորանք կամ զրպարտություն կա։

Ինչպես ցանկացած քայլ, այս մեկը եւս պայմանավորում են եվրոպական չափանիշերին համապատասխանելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես՝ օրինագծի հեղինակներից եւ ամենայն հավանականությամբ գլխավոր գաղափարախոս ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է, որ օրենքի նախագծի համար հիմք է հանդիսացել Եվրոպական դատարանի մի վճիռ, որն, ըստ նրա, հիմք է տալու զարգացնելու իրավունքը Հայաստանում նաև այդ ուղղությամբ։

Հայ խորհրդարանականները իրական Հայաստանի իրավական համակարգը զարգացնելուց հետո, այժմ արդեն ձեռնամուխ կլինեն նաեւ վիրտուալ Հայաստանի զարգացմանը։ Իհարկե՝մեր պատգամավորները պայքարելու են բացառապես վիրտուալ բարոյականության օգտին, քանի որ այնտեղ վիրավորում եւ հայհոյում են նաեւ հասարակ քաղաքացիները։ Իսկ քանի որ Հայաստանում ամենուր մոնոպոլիաներ են, հասարակ մահկանացուներին թույլ չի տրվի այլեւս հայհոյել կամ զարզախոսել հրապարակայնորեն։ Այդ իրավունքը պատկանում է բացառապես ԱԺ պատգամավորներին, կառավարության անդամներին եւ քաղաքական էլիտային։ Ի վերջո՝ վերնախավի եւ մահկանացուների միջեւ տարաբերություն պե՞տք է լինի, թե՞ ոչ։

Սա իմիջիայլոց։ Սակայն ավելի լուրջ մոտենալով խնդրին՝ այն պետք է  դիտել զրպարտության ապաքրեականացման համատեքստում։ Ավտորիտար վարչակարգերում ամենամեծ սխալը ԶԼՄ- ների դաշտում ձեւավորված ստատուս քվոն փոխելու ցանկությունն է։ Երբեւէ ավտորիտար կառավարիչները չեն կարող թույլ տալ, որ երկրում ձեւավորվի ազատ խոսք եւ բազմակարծության հրապարակային մթնոլորտ։ Ուստի զրպարտության ապաքրեականացմումից հետո մենք պետք է սպասեինք նմանագիծ օրինագծերի հայտնվելուն, որոնք աստիճանաբար կսահմանափակեն ազատ խոսքի արտահայտման դաշտը, իսկ վերջում արդեն՝ զրպարտությունն ու վիրավորանքը կրկին կվերադառնան քրեական օրենսգիրք։

Ի դեպ՝ նման կարծիքներ, թեկուզեւ սաղմնային, արդեն հնչում են։ Ժամանակի ընթացքում դրանք արդեն կբյուրեղանան։ Այդ ճանապարհով գնացել են Մաքսային միության անդամ երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը։ Ուստի, անկախ նրանից, թե օրինագիծն ինչ նպատակով է մշակվել կամ հետագա ինչ ճակատագիր կունենա, կարելի է հստակ ասել, որ այն, ինչպես ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը կասեր, «հիմք է տալու զարգացնելու իրավունքը Հայաստանում»։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները