Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խմիչք եւ տեսարան

Խմիչք եւ տեսարան

Հաց եւ տեսարան. այս ճշմարտությունը Հռոմի չափ հին է, տեղեկատվական տեխնոլոգիաների նման՝ նոր։ Մարտի 12- ին ԱԺ- ն փոխեց «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքները՝ թույլ տալով հեռուստաընկերություններին գովազդել ալկոհոլային խմիչքները։ Եթե ինձ ասեին ինչի մասին է այս օրինագիծը, կասեի՝«հանկարծ»- ի։ Հանկարծ մի քանի պատգամավորներ հասկացան, որ հեռուստաընկերությունների ֆինանսական խնդիրները կարելի է լուծել ալկոհոլի միջոցով , վարչապետ Տիգրան Սարգսյանը հանկարծ հասկացավ, որ «վատ նախադեպ» է կուսակից պատգամավորների առաջարկություններն անընդհատ մերժելը ։ Ու օրինագիծը, որի քննարկումն առաջարկվել էր հետաձգել մեկ տարով, հանկարծ դառնում է օրենք։ 


Ի սկզբանե առողջապահական համակարգի ներկայացուցիչները, հասկանալի պատճառներով, դեմ էին նախաձեռնությանը։ Բայց դե մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում։ Իսկ մեծ գործը ազատ խոսքի նկատմամբ երիտպատգամավորների մեծագույն հարգանքն է։ Նրանց պատկերացրած «ազատ խոսքն» այս օրինագծով մինչեւ 1 մլրդ դրամ եկամուտ կունենա։ Ճիշտ է՝ այդ «ազատ խոսքը» երիտպատգամավորները ցանկանում են շարունակել տեսնել հեռուստաէկրաններին։

Երբեւէ այս գումարման խորհրդարանում չեմ տեսել նման հարգանք ազատ խոսքի նկատմամբ՝ հատկապես տպագիր մամուլում։ Իսկ այդտեղ խնդիրները ոչ միայն լուրջ են, այլեւ դրանք այլեւս Հայաստանում տպագիր մամուլը կանգնեցնում են լիակատար ոչնչացման առաջ։ Բայց դե հիմա ո՞վ է կարդում։ Հիմա բոլորը նախամարդու նման նախապատվությունը տալիս են պատկերագիրներին։ Ավելին՝ կարդալը խիստ վտանգավոր է հայաստանյան քաղաքական, ու ոչ միայն, համակարգի համար։ Կարդալիս մարդու մոտ փոխվում է մտածողությունը, աշխատում է երեւակայությունը, լավ բան կարդալուց հետո նաեւ ճաշակն է փոխվում, էլ չեմ ասում տրամաբանելու եւ տեսածն ու լսածը քննելու կարողության մասին։ Իսկ ահա տեսարանը, այն էլ ցածրամակարդակ ու էժանագին, մարդուն տալիս է չմտածելու հնարավորություն։

Մեր կառավարությունը մտածում է, որ «հացն ու տեսարանը» ինչպես փրկեց Հռոմը, այնպես էլ կփրկի Հայաստանը։ Առավել եւս՝ մեր հեռուստաէկրաններում պատկերվող Հայաստանում բոլորն էլ կցանկանան ապրել, իսկ դրան հավատալ կարող են միայն ալկոհոլի օգնությամբ։ Քանի որ մեր ԱԺ- ն ու իր ձեւավորած կառավարությունը ժողովրդին հացով չեն կարողանում ապահովել, ուստի որոշել են կրեատիվ մոտեցում ցուցաբերել եւ առաջարկել «խմիչք եւ տեսարան»։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները