Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Օգնություն Սևանի՞ց, թե՞ Սևանին

Օգնություն Սևանի՞ց, թե՞ Սևանին

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծի շուրջ: Գործադիրն առաջարկում է մինչև 2019թ. Սեւանա լճից բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել 70 միլիոն խորհանարդ մետրով և տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել 240 մլն խմ-ը: Գործող օրենսդրությամբ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն սահմանաչափը 170 մլն խմ է:

Նկատենք, որ վերոնշյալ օրենքը ընդունվել է 2001թ. և 3 անգամ փոփոխվել է. երեք դեպքերում էլ կառավարությունն առաջարկել է հավելյալ ջրառ իրականացնել: Առաջին երկու փոփոխությունները կատարվել են 2008-ին: Գործադիրն այդ տարվա հունիսին նախ առաջարկել է ջրառն ավելացնել մինչև 240 մլն խմ, իսկ 2 ամիս հետո նոր նախաձեռնությամբ առաջարկել է այն հասցնել 360 մլն խմ-ի: Սևանից բաց թողնվող ջրի քանակը ևս մեկ անգամ ավելացվել է 2012թ.՝ սահմավելով 320 մլն խմ:

2014-ին առաջարկվող փոփոխությունը բացառիկ է նրանով, որ վերաբերում է առաջիկա 5 տարիներին:

Ինչո՞ւ ավելի շատ 

Հավելյալ ջրառ իրականացնելու առաջարկը, ըստ օրինագծի հիմնավորումների, կառավարությունը պայմանավորում է «Սեւան-Հրազդան» ոռոգման-էներգետիկ համակարգերի սպասարկման տակ գտնվող գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ արտեզյան հորիզոնների եւ Սեւ ջրի ջրատվության նվազման, նշված տարածաշրջաններում ոռոգման պահանջարկի աճի, Սեւան-Հրազդանյան արագահոս համակարգում կորուստների դինամիկայով»:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը
խորհրդարանական լսումների ժամանակ նշեց, որ Արարատյան դաշտում ոռոգման ջրի դեֆիցիտ կա և այն վերաբերում է մոտ 30 համայնքների ավելի քան 15 հազար գյուղացիական տնտեսությունների շուրջ 8 հազար հեկտար մշակովի հողատարածքներին, և ջրառի ավելացումը փորձելու է այդ հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու խնդիր լուծել:

Արարատյան դաշտում ջրի սակավության խնդիր են առաջացրել հիմնականում վերջին տարիներին ստեղծված բազմաթիվ ձկնաբուծարանները, որոնք հաճախ անօրինական կերպով և սահմանված չափը մի քանի անգամ գերազանցելով են օգտագործել արտեզյան ջրերը: Ա.Անդրեասյանը նաև հույս հայտնեց, որ կառավարության նախաձեռնած միջոցառումների արդյունքում 5 տարի հետո ոռոգման ջրի պաշարները կավելանան: «Չորս ջրամբարի ծրագիր ենք նախապատրաստել, երկուսի նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Վեդու և Կարսի ջրամբարներինը, տարեվերջին առաջին արդյունքները կունենանք, հաջորդ տարվանից միջոցառումները կսկսվեն: Եղվարդի ջրամբարը նախապատրաստական փուլում է, սպասում ենք ճապոնական դրամաշնորհով խորհրդատուի հաստատմանը, Մաստարայի ջրամբարի դեպքում Քուվեյթի հետ են բանակցություններ ընթանում, ապրիլին միջկառավարական հանձնաժողովի նիստ է լինելու, հուսամ՝ այդ ծրագիրը կհաստատվի, և կոնկրետ քայլեր կկատարվեն այս տարի»,- հայտարարեց նա:

Ի՞նչն է մտահոգում բնապահպաններին

Սևանի հարցով խորհրդարանական լսումներին մասնակցում էին թե պատգամավորները, թե բնապահպանական բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բնապահպաններին ու Սևանի խնդրով մտահոգ մասնագետներին անհանգստացնում է խնդրի էկոլոգիական կողմը: Նրանց կարծիքով՝ օգնությունը Սևանին է պետք և ոչ թե հակառակը:

Մասնագետները համոզված են, որ օրենքով թույլատրելի սահմանաչափից ավելի ջրառը սպառնում է լճի էկոհամակարգին: Իսկ այն խիստ անհավասարակշիռ վիճակում է, որոշ ցուցանիշներ խիստ վատթարացել են, օրինակ, մի քանի անգամ ավելացել է ազոտի քանակը, պակասել է թթվածինը, ֆոսֆորի կոնցենտրացիան անդառնալի նվազել է: Արդյունքում՝ լիճը կորցրել է այն ցուցանիշները, որոնց շնորհիվ ժամանակին եզակի էր համարվում: «Մենք կորցրել ենք էդ հրաշքը, օրենքում նշած է, որ դա խմելու ջրի շտեմարան է, ազգային արժեք, էս օրենքը ծալում ենք, գցում էն կո՞ղմ»,- հայտարարեց «Սևանա լճի մասին» օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը:

«Էկոլուրի» նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նկատեց, թե Սևանի հարցով բնապահպանների վեճը գրեթե միշտ Ջրպետկոմի հետ է ծավալվում, մինչդեռ պատասխանատուն Բնապահպանության նախարարն է: «Նրա ձայնը մենք չենք լսում կամ լսում ենք շատ կամաց: Ես կոչ եմ անում, որ նախարարությունն իր ձայնը բարձրացնի ոչ թե բիզնեսի, ջրօգտագործողների շահերը, այլ Սևանը պաշտպանելու համար»,- ասաց բնապահպանը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լսումների ժամանակ հայտարարեց, որ նախարարությունն օրինագծի վերաբերյալ լուրջ առարկություններ չունի և այդ մոտեցմամբ փորձում է իրավիճակն այնպես բալանսավորել, որ ոչ Սևանը տուժի, և ոչ էլ գյուղատնտեսությունն ու տնտեսվարողը։

Առաջիկա 5 տարիներին Սևանից ջրառի ավելացում նախատեսող օրինագիծը մարտի 21-ին կքննարկվի ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում և կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները