Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Թոշակները չեն բարձրանա, նպաստները՝ նույնպես. սոցիալակա՞ն, թե՞ գոյատևման բյուջե

Թոշակները չեն բարձրանա, նպաստները՝  նույնպես. սոցիալակա՞ն, թե՞ գոյատևման բյուջե
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումն այդքան էլ ակտիվ չընթացավ, ինչպես սպասվում էր. ակտիվ պատգամավորները մի քանիսն էին՝ Դաշնակցություն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը:

ԱԺ սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատգամավորներին ներկայացրին Բյուջե-2013-ի սոցիալական ոլորտի ֆինանսական ցուցանիշները և ծրագրերը: Այսպես, սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 303 մլրդ 206 մլն դրամ, ինչը  4 մլրդ 112 մլն դրամով պակաս է 2012 թվականի պետական բյուջեից:

Սոցիալական կենսաթոշակների համար կառավարությունը մտադիր է տրամադրել 9 մլրդ 867 մլն դրամ. աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31 345.8 դրամ՝ 2012 թվականի 31 254.5 դրամի դիմաց: Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնության ծախսը, պահպանելով 2012 թվականի համար նախատեսված մակարդակը, 2013 թ. բյուջեի նախագծով կազմում է 37 մլրդ 105.8 մլն դրամ: Նպաստառուների ընտանիքների թվաքանակը, ըստ նախագծի,  104 685  է,  իսկ նպաստի միջին ամսական չափը՝ 29 537.8 դրամ:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կմնա նույնը`18 հազար դրամ, և մյուս տարվա համար այդ նպատակով բյուջեից կհատկացվի ընդհանուր առմամբ 2 մլրդ 419.2 մլն դրամ: Ծախսերը 2012 թվականի նկատմամբ աճում են 43.2 մլն դրամով՝  պայմանավորված  նպաստ ստացողների թվի աճով: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար կառավարությունը կհատկացնի 4 մլրդ 625 մլն դրամ. ծախսերը 2012 թվականի նկատմամբ աճում են 63 մլն դրամով, ինչը պայմանավորված է երեխաների ընդհանուր թվաքանակում 3-րդ և ավելի երեխաների տեսակարար կշռի աճով:

Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի շրջանակներում բյուջեից նախատեսվում է ծախսել 19 մլրդ 531.5 մլն դրամ` 2012 թվականի 18 մլրդ դրամի դիմաց: Բյուջեի ներկայացման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ում կարծիքով  2013-ի բյուջեն գոյատևման բյուջե է, Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց. «Այս բյուջեի նախագծով սոցիալական ցուցանիշները, ըստ էության, վատանալու են, թոշակները չեն բարձրանալու, երեխաների համար հատկացվող գումարները չեն աճելու, բայց վարչապետն ասում է, թե բյուջեն  սոցիալական է: Ո՞րն է այս բյուջեի սոցիալական էությունը »: Սաֆարյանը դժվարացավ հստակ պատասխան տալ` պատճառաբանելով, թե չկա այնպիսի կանոն կամ սահմանում, որը կմատնանշի` փաստաթուղթը սոցիալակա՞ն է, թե՞  ոչ:

«Այստեղ նստած որևէ մեկը չի մտածում չէ՞, որ այս բյուջեով կարող ենք լուծել սոցիալական բոլոր խնդիրները. այդ առումով  այս բյուջեն դեռ սոցիալական չէ», -հավելեց ֆիանանսների փոխնախարարը: Երկու պաշտոնյաների հարցուպատասխանին միջամտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ՝ նկատելով, թե չկա որևէ բյուջե, որ սոցիալական չլինի, «որովհետև դրանք հանրային կարիքներ են բավարարում»: Ի դեպ, Հրանտ Բագրատյանի հաստատ համոզմամբ, եթե 2012-ին Հայաստանն արդեն լքել է ավելի քան 100 հազ մարդ, ապա 2013-ին կլքի ևս 130 կամ 140 հազարը, և դրա մեղավորը կլինի 2013-ի բյուջեն:

«Չնայած 6.2% տնտեսական աճին մենք 2013-ին 4-ից մինչև 5.5% ավելի վատ ենք ապրելու, տեղի է ունենալու իրական եկամուտների անկում այդ չափով։ Ուրեմն, Կառավարությունն ասում է, որ 2013թ. 107 մլրդ դրամով ավելի է ծախսելու։ Մի կողմ թողնենք, թե ի՞նչու է 107 մլրդ-ով ավելացել և ոչ թե՝ 307-ով։ Բա լավ, այդ 107 մլրդ-ից ինչո՞ւ գոնե մեկ դրամ չի գնում, օրինակ, կենսաթոշակների բարձրացմանը», -զարմանում է նախկին վարչապետը։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ՝ ճիշտ կլինի, որ հայտարարվի, որ 2013-ին թոշակները չեն աճելու, և կենսաթոշակի բազային չափը մնալու է  նույնը:  Ֆինանսների փոխնախարարի դիտարկմամբ. «Դուք ասում եք՝ չեն բարձրացել, ես ասում եմ` թոշակները չեն ցածրացել»:

Իսկ ահա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2013-ի սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն իրատեսական է համարում: Նա խորհրդարանականներին ասաց, որ 2013 թվականի համար կառավարության կողմից գերակա են համարվել «կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը և հաշմանդամների իրավունքների ապահովման հետ կապված ծրագրերը»: «Այսօր ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի համար հատկացված են միջոցներ: Չի իրականացվում որևէ ծրագրի կրճատում»,-ասաց նախարարը:

Բոլորին հետաքրքրող հարցին, թե կկարողանա՞ Հայաստանի կառավարությունը նվազեցնել երկրում աղքատության մակարդակը, թեթևացնել սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդկանց հոգսը, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը պատասխանեց այնպես, ինչպես սպասվում էր. «Սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն առաջին հերթին ուղղված են սոցիալապես խոցելի խավերին, և հենց այդ  ծրագրերի միջոցով է այսօր մեղմվում  այդ խավերի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը»:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները