Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պարտադիրի մասով մեկնաբանությունները տարբեր են

Պարտադիրի մասով մեկնաբանությունները տարբեր են

Երկօրյա դատաքննությունից և մոտ այդքան էլ տևած խորհրդակցությունից հետ Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8 հոդվածների սահմանադրականությունը վիճարկող դիմումի վերաբերյալ երկար սպասված որոշումը:

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները 2013թ. դեկտեմբերի 16-ին դիմել էին Սահմանադրական դատարան` վիճարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների սահմանադրականությունը:


Վիճարկվող դրույթները հակասահմանադրական են


ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց օրենքի մոտ մեկ տասնյակ հոդված՝ միաժամանակ ամրագրելով, որ դրանք համակարգային առումով փոխկապակցված են մոտ 50 օրենքների եւ ութ տասնյակից ավելի նորմատիվ ակտերի հետ, որոնք նույնպես ենթակա են վերանայման:


Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետն, ըստ որոշման , այս տարվա սեպտեմբերի 30-ն է: Հենց այդքան ժամանակ է տրվում ԱԺ-ին ու կառավարությանը հակասահմանադրական ճանաչված հոդվածներն ու դրանց փոխկապակցված իրավակարգավորումները ՍԴ որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար:


Սահմանադրականի որոշումը 64 էջ ծավալ ունի: Այն առայժմ ամբողջությամբ չի հրապարակվել, ՍԴ կայքէջում տեղադրվել է որոշման եզրափակիչ հատվածը:


Առաջին արձագանքները


Հրապարակումից հետո հնչած առաջին մեկնաբանությունը, որ ընդհանուր էր թե դիմող, թե պատասխանող կողմի համար, այն էր, որ ժամանակ է պետք որոշումն ամբողջությամբ ուսումնասիրելու համար: Սա, մասնավորապես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի առաջին դիտարկումն էր որոշման հրապարակումից անմիջապես հետո. «Որոշումը դեռ պետք է ուսումնասիրենք, որ հասկանանք բովանդակությունն ամբողջության մեջ: Անկախ դրանից ՝ ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար»:


Վճռի հրապարակումից հետո նույն կարծիքը հայտնեց նաև ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ ձեռնպահ մնալով պատասխանել հարցին, թե արդյո՞ք ՍԴ վճիռը կասեցնում է պարտադիր բաղադրիչի գործողությունը:


«Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո»,-նշվում է ՍԴ վճռի հրապարակումից հետո գործադիրի տարածած հայտարարության մեջ:


Ծավալուն փաստաթուղթն ուսումնասիրելու կարիք տեսնում են նաև դիմող կողմի ներկայացուցիչները, սակայն, ի տարբերություն պատասխանող կողմի , չեն թաքցնում գոհունակությունը. հակասահմանադրական ճանաչվեցին այն բոլոր հոդվածները, որոնք վիճարկվում էին:


Պարտադիրի մասով մեկնաբանությունները տրամագծորեն տարբեր են


Որոշման եզրափակիչ մասում ՍԴ-ն, մասնավորապես, նշել է, որ « Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթների հետ շուրջ 50 օրենքների եւ ութ տասնյակից ավելի նորմատիվ իրավական ակտերի փոխկապակցվածությունը հաշվի առնելով, ինչպես նաեւ ՝ իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ օրենքի պահանջը նկատի ունենալով՝ « Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանում 2014 թվականի սեպտեմբերի 30-ը »։


Այս ամրագրումը տրամագծորեն տարբեր մեկնաբանությունների է արժանանում:


Դիմող կողմի ներկայացուցիչներից Արտակ Զեյնալյանի կարծիքով ՝ ՍԴ որոշումից հետո պարտադիր գանձումներ չեն կարող արվել, իսկ մինչ այժմ արվածներն էլ, ինչպես որոշման մեկ այլ հատված է ամրագրում, ենթակա են վերահաշվարկի: Ըստ Զեյնալյանի ՝ սեպտեմբերի 30-ը նշելով որպես ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ, ՍԴ-ն օգտվել է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունից , քանի որ «հակասահմանադրական հռչակված օրենքների համեմատությամբ կա շատ ավելի վտանգավոր ՝ իրավական բացի իրավիճակ, երբ ընդհանրապես չկա որևէ իրավակարգավորում: Դրա համար ՍԴ-ին տրված է հնարավորություն՝ հետաձգել ուժի մեջ մտնելու ժամկետը, որպեսզի շատ ավելի անհասկանալի վիճակ չառաջանա: Այնպես որ, ՍԴ-ն պատճառաբանված կիրառեց իր այդ լիազորությունը»:


Նույն կարծիքին է նաև դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա համոզված է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը չի կարող գործարկվել Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահից:


Տրամագծորեն հակառակ դիրքերից է ՍԴ որոշումը մեկնաբանում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նա կարծում է, որ պարտադիր կուտակային վճարները մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է կատարվեն , քանի որ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված նորմերը շարունակում են գործել մինչեւ սեպտեմբերի 30-ը։

Այս մեկնաբանությունը տալով ՝ Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ սա իր անձնական կարծիքն է: 

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները