Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՍԴ հերթական հնարքը

ՍԴ հերթական հնարքը

Կամ շարունակ կրկնվող պատմության բանաձեւը

Չեմ կարող վստահ ասել, թե ՍԴ- ն ինչպես է իրականացնում սահմանադրական արդարադատությունը, սական դատական տեսարաններ սարքել Գագիկ Հարությունյանին մերթ ընդ մերթ հաջողվում է։ Ապրիլի 2-ին եւս Գագիկ Հարությունյանի ՍԴ-ն ծափահարություններ կորզեց դահլիճից՝ հրապարակելով կուտակային կենսաթոշակների գործով վճիռը։ Այդ լուրջ ու խորիմաստ ներկայացումների ու համերգների ավարտից հետո է տիրում մի տեւական լռություն՝ վերածվելով բուռն ծափահարությունների։ Շոու բիզնեսում այլ է. այն ուղեկցվում ու ավարտվում է ծափահարություններով, որին հաջորդում է տեւական լռությունը։ Այդպես եղավ նաեւ ՍԴ ապրիլի 2-ի որոշումից հետո։ 

Եթե «Դեմ եմ»-ի երիտասարդները կարող էին ոգեւորվել ու ծափահարել՝ ծանոթ չլինելով ոչ ՍԴ գործելաոճին, ոչ այս ոճը թելադրող քաղաքական կոնյուկտուրային, ապա ԱԺ «քառյակն» ու ՍԴ-ում հանդես եկող իրավաբանները գոնե պետք է դրան քաջատեղյակ լինեին։ Հակասահմանադրական նորմերի գործողության վերջնաժամկետը մինչեւ հոկտեմբեր սահմանելով՝ ՍԴ-ն առաջնոդրվել էր իր մասին օրենքի 68.15 հոդվածով, որտեղ հստակ նշված է. որ «մինչև ակտի իրավաբանական ուժը կորցնելը ակտը համարվում է Սահմանադրությանը համապատասխանող»։

Ինչո՞վ էր առաջնորդվում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը իրարամերժ հայտարարություններ անելով՝ եթե ոչ քաղաքական կոնյուկտուրայով։ Կամ անգամ եթե ՍԴ- ն վերջնաժամկետ չդներ՝ ի՞նչ սկզբունքով էր առաջնորդվում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ հայտարարելով, որ օրենքի հոդվածներն այլեւս չեն գործում։ Նա պետք է, որ հիշեր սոցիալական քարտերի պարտադրանքը հակասահմանադրական համարած ՍԴ 2006 թ. հոկտեմբերի 4-ի որոշումը, որում դատարանն ամենեւին չմտածելով, որ «կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը (ՍԴ-ի մասին  օրենք, հոդված  68), հստակ ամրագրեց նաեւ. «անվավեր ճանաչված դրույթների կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերը կամ դրանց համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից»։ Սակայն 2006 թ. գործադիր իշխանությունում սոցապփոխնախարար Արծվիկ Մինասյանը պիտի հիշեր, թե ինչպես եւ իր նախարարությունը, եւ իր կառավարությունն այդ որոշումը բանի տեղ չդրեցին։ Աjսինքն՝ պիտի հիշեր, որ Հայաստանում կարեւոր չէ, թե ինչ է ասում դատարանը, այլ, թե ինչպես է դրան արձագանքում գործադիր իշխանությունը։

Հասկանալի են ստեղծված իրավիճակում ԱԺ պատգամավորների քաղաքական կոնյուկտուրայից բխող հայտարարությունները, թերեւս անհասկանալի է «Դեմ եմ» նախաձեռնության վարքագիծը, որը չի գիտակցում՝ կուտակային կենսաթոշակների օրենքն այլեւս քաղաքական խնդիր է, որը կարող է միայն քաղաքական լուծում ունենալ՝ հասարակական ակտիվության պայմաններում։ «Դեմ եմ»-ը գուցե սա չի հասկանում, սակայն լավ են հասկանում ՍԴ-ն ու ԱԺ մեծամասնությունը Բաղրամյան 26- ի հետ միասին։

Ապրիլի 2-ի որոշմամբ ՍԴ-ն կրկնեց նախագահական ընտրությունների արդյունքները հաստատող իր 2003 թ. ապրիլի 16-ի որոշման հնարքը։ Բողոքի ալիքը մեղմելու եւ իշխանություններին «շունչ քաշելու» եւ հակագրոհի անցնելու ժամանակ տալու համար Գագիկ Հարութունյանը «վստահության հանրաքվեի» մեկամյա խայծը գցեց ընդդիմությանը, որը նույնպես եթե ոչ ծափահարութուններով, ապա գոնե գոհունակությամբ էր ընդունել այդ որոշումը։

Պատմությունը կրկնվում է։ ՍԴ- ն իշխանությանը մինչեւ հոկտեմբեր ժամանակ տվեց, իսկ Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ հասարակական բողոքը մեղմելու առիթ։ Ինչպես ընդունված է ասել,  գնդակn այժմ գտնվում է «Դեմ եմ»-ի դաշտում, որը կամ կձեւավորի Հայաստանի քաղաքական օրակարգը, կամ պետք է գնա տուն։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները