Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ներքաղաքական աժիոտաժ քաղաքականության բացակայությամբ

Ներքաղաքական աժիոտաժ քաղաքականության բացակայությամբ

Որևէ երկրում, անկախ մշակութային միջավայրից, վարչապետի հրաժարականը շարքային կամ առօրեական իրողությունների շարքին չի կարող դասվել: Սակայն միայն Հայաստանի Հանրապետությունում կարող էր կոնկրետ վարչապետ Տիգրան Սարգսյանի կոնկրետ հրաժարականն այդպիսի համատարած զարմանք հարուցել: Բոլորը զարմացել ու անակնկալի էին եկել, թեև յուրաքանչյուրը կարող էր առնվազն հիսուն պատճառ թվարկել, թե ինչու պետք է տվյալ վարչապետը հրաժարական տար:

Քաղաքակիրթ միջավայրում հազիվ թե հնարավոր լիներ մի օրենքի ընդունում, որը տասը կետով հակասեր երկրի սահմանադրությանը: Առավել անհնար կլիներ պատկերացնել մի վիճակ, երբ երկրի բարձրագույն դատարանի կայացրած որոշումն աղաղակող հակասահմանադրականության մասին որևէ պատասխանատվություն չենթադրեր: Եթե մենք ապրեինք քաղաքակիրթ միջավայրում ու այնուամենայնիվ տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ, ապա ՍԴ որոշումը հրապարակվելու հենց հաջորդ պահին ՀՀ վարչապետը պետք է հրաժարական ներկայացներ՝ ոչ միայնակ, այլ արդարադատության և սոցապ նախարարների հետ ձեռք-ձեռքի տված: Նվազագույնը: Խորհրդարանական մեծամասնության պատասխանատվությունն այս հարցում այլ թեմա է:

ՍԴ որոշումը տեսականորեն ամենաակտուալ պատճառն էր վարչապետի հրաժարականի պահին, թեև մնացած քառասունիննից առնվազն մեկ տասնակը հրաժարականի համար նույնքան ծանրակշիռ պատճառ կարող էր լինել նույնիսկ այդ պահին: Առողջ տրամաբանությունը և իրողությունների անգամ մակերեսային վերլուծությունը, սակայն, թույլ են տալիս պնդել, որ մեր բոլորի իմացած այն հիսուն պատճառները լավագույն դեպքում աննշան առնչություն են ունեցել վարչապետի հրաժարականի բուն պատճառ(ներ)ի հետ:

Նախ արձանագրենք, որ վարչապետը ոչ թե հեռացավ, այլ հեռացվեց: Հեռացվեց ոչ թե իր քաղաքական թիմի, առավել ևս՝ ընդդիմության կողմից, այլ միայն մեկ մարդու՝ ՀՀ նախագահի որոշմամբ ու կամքով: Ավելին՝ հեռանալիս ոչ վարչապետը, ոչ էլ նրան հեռացնողը որևէ բացատրություն չտվեցին ապշահար հայ հանրությանը, առավել ևս՝ քաղաքական հիմնավորումներ ու հայտարարություններ չեղան:

Իսկ այն, ինչ կատարվեց վարչապետ Տիգրան Սարգսյանին պարտադրված հրաժարականից հետո, դժվար է բնութագրել այլ կերպ, քան ծանոթ-ծեծված արտահայտությունը՝ այդ ամենը կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այդքան տխուր չլիներ:
Սկսվեց ներքաղաքական մեծ աժիոտաժը. բոլորը իրար խառնվեցին, որպեսզի իրավիճակի անսպասելի փոփոխությունից դուրս գան նվազագույն կորուստներով ու ձեռքի հետ էլ սկսեցին մտածել ինչ-ինչ օգուտներ քաղելու մասին: Սովորաբար առաջին ձայնի իրավունքին տիրապետող հանրապետականներն այս անգամ ունեին առաջին ձայնի պարտականությունը, և, բնականաբար, առաջին անլրջությունները հնչեցին հենց նրանց շուրթերից: Մյուսներից ոչ պակաս անակնկալի եկած և մյուսներից ավելի անհանգստացած հանրապետականները փորձում էին ձևացնել, թե խաղի մեջ են: Նույնքան անակնկալի եկած «հրաշալի քառյակը» փութաց հայտարարել, թե հենց ինքը ու միայն ինքը կամ իրենից ակնկալվող սպառնալիքն է եղել վարչապետի հրաժարականի բուն պատճառը:

Ձևացնելը ձևացնել, բայց երկրում բոլորովին օբյեկտիվորեն և իրենց կամքից անկախ իրավիճակ էր փոխվել, ուստի մի մասի համար գերխնդիր էր դարձել ունեցածը պահպանելն ու պաշտպանելը, մյուս մասի համար նոր հեռանկարների հույսեր էին արթնացել: Թագավորը մեռավ, կեցցե թագավորը: Հեռացած-հեռացված վարչապետի մասին բոլորը մոռացան ու լծվեցին նոր վարչապետի նշանակման ու նոր կառավարության ձևավորման հետ կապված ծանրագույն խնդրի լուծմանը: Ձևացնելը ձևացնել, բայց հո բոլորը գիտեին, որ իրավիճակը երկրում փոխվել էր բացառապես մեկ մարդու կամքով և, ուրեմն, հասկանում էին նաև, որ լուծումն էլ բացառապես գտնվում էր նույն ձեռքերում:

Ուրեմն՝ գրողի ծոցը բոլոր ձևականությունները, նույն կուռ թիմի մասին ճոռոմաբանությունները, այլևայլ ծրագրերն ու տեսլականները, հրաշալի համաձայնություններն ու նպատակները... «Եղունգ ունես, գլուխդ քորիր». փոքր-ինչ գռեհիկ է հնչում, բայց ավելի բարեհունչ ու գեղեցիկ չի այն, ինչով հիմա զբաղված է եղունգ կամ եղունգի պոտենցիալ ունեցող հայ բազմակուսակցական քաղաքական էլիտան: Նա փորձում է արևի տակ իր համար ավելի հարմար տեղ ապահովել կամ պահպանել ունեցած հարմարավետ տեղը: Մինչև նոր վարչապետի նշանակումը հայ բազմակուսակցական քաղաքական էլիտան բանակցություններ է վարում, որպեսզի իր փայփայված ու թաքուն երազանքները հնարավորինս խցկի արդեն պատրաստի պլանների մեջ:
Իսկ հայ հասարակությունը այս ամենին հետևում է մի սրտառուչ անտարբերությամբ:

Աննա ՏԻԳՐԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները