Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Իմ առաջարկությամբ՝ միաձայն

Իմ առաջարկությամբ՝ միաձայն

Մեր երկիրն այլևս անվարչապետ չէ: Նոր վարչապետը  նշանակվեց Ծաղկազարդի տոնին՝ կիրակի, իսկ երկուշաբթի՝ Ավագ շաբաթվա առաջին օրը, պաշտոնապես ներկայացվեց պաշտոնակատարների կառավարությանն ու հրավիրվածներին: Այսպիսով, Զատկին ընդառաջ կսկսվի նոր կառավարության ձևավորման գործընթացը, և Մեծ պահքի վերջին շաբաթվա ընթացքում հայ քաղաքական էլիտայի միտքը  զբաղված կլինի միայն նրանով, թե ինչպես անի, որ առավելագույնը շահի այդ խիստ բարեպաշտ ու աստվածահաճո գործընթացից:


Ի դեպ, վարչապետի ու Զատկի թեմաները զուգահեռելու հեղինակային իրավունքն ամենևին էլ իմը չէ, այլ՝ Հայաստանի հանրային ռադիո
յինը, որի առավոտյան բոլոր լրատվական թողարկումները Ավագ երկուշաբթի  օրը սկսվում  էին երկու ավետումով՝ հայտնի է դարձել ՀՀ նոր վարչապետի անունը և երկրորդ՝ Զատկին ընդառաջ հավկիթը չի թանկանա: Հուսանք, որ երկու նորություններն էլ հավասարապես ու հավասարաչափ ուրախացրեցին ռադիոլսող հայ ժողովրդին:


Վերադառնանք ներքաղաքական գլխավոր իրադարձությանը:
ՀՀ նոր վարչապետի պաշտոնի համար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջարկել էր Սերժ Սարգսյանը, և հարազատ կուսակցության վերնախավը միաձայն հավանություն էր տվել իր նախագահի ընտրությանը. «կինս որոշում է, ես ընդունում եմ» բանաձևով նախանձելի համերաշխության մթնոլորտը ՀՀԿ-ում նորություն չէ: Հ. Աբրահամյանի թեկնածությանը սկզբունքորեն դեմ չեն եղել նաև խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերի վերնախավերը: Ավելին՝ խորհրդարանի մի մասը (ոչ միայն հանրապետականներ) կառավարություն տեղափոխվելու հույսեր է փայփայում:


Նոր կառավարության ձևավորման գործում նոր վարչապետին խոստացված ազատության չափը գումարած ԱԺ այլևս նախկին խոսնակի որոշ մարդկային-որակական հատկանիշներ թույլ են տալիս ենթադրել, որ խորհրդարանից կառավարություն մեծ հոսք է լինելու: Դա էլ իր հերթին ենթադրում է առաջիկայում խորհրդարանի կազմի նկատելի թարմացում, սակայն ավելի կարևոր է այն, որ ԱԺ-կառավարություն հարաբերությունները, անտարակույս, կտեղափողվեն փոխըմբռնման մի նոր՝ կատարյալ իդիլիայի փուլ: Եվ այդպես կլինի առաջիկա երեք տարիների ընթացքում: Առնվազն: Այսքանով կավարտվեն մեծ փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում:


Նոր վարչապետի մասին բոլորը կարծես ամեն ինչ գիտեն՝ նրա կենսագրությունը պաշտոնական և ոչ պաշտոնական տարբերակներով, ազգակցական ու խնամիական կապերը, աշխատաոճը, նախասիրությունները, մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու հմտությունները... Պոտենցիալը՝ մի խոսքով: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինի նոր կառավարությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Իսկ եթե, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք, այս ամենից հուսահատված, չեն էլ ցանկանում աշխատեցնել իրենց երևակայությունը, կարող են պատկերացում կազմել Սերժ Սարգսյանի ելույթից՝ ՀՀԿ ԳՄ ապրիլի 13-ի նիստում:


ՀՀ նախագահը Հովիկ Աբրահամյանին դատարկաձեռն չէր գործուղում կառավարություն, այլ՝ զինված նախագահական պատվիրաններով, որոնց մասին նա խոսեց կուսակցության գործադիր մարմնի նիստում՝ դրանք անվանելով  պայմանավորվածություններ «աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի մասին»: Նոր վարչապետն ու նոր կառավարությունը, այսպիսով, պետք է՝


-        
ոչ մի վատ բան չասեն իրենց նախորդների մասին


-        
միայն լավն ասեն իրենց նախորդների մասին (այս կետերով իր ստանձնած պարտավորության իրականացումը Հ.Աբրահամյանն առիթ ունեցավ սկսելու հենց հաջորդ օրը)


-        
հաջողությամբ շարունակեն պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը  (?)


-        
տարբեր ոլորտներում շարունակեն անել այն, ինչ անում էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը «բարեփոխումներ» խորագրի ներքո...


Ամենահուզիչը, իհարկե, կոռուպցիային վերաբերող առաջնահերթությունն էր՝ «
պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»: Կարգախոսի կարգավիճակով ներկայացված այս խրթին առաջնահերթության  «վերաամրագրումը» վկայում է, որ այն նույնպիսի հնչեղություն ու հնչողություն է ունեցել նաև այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին էր վարչապետ նշանակում: 


Մինչդեռ դեռևս ոչ վաղ անցյալում շատերը վարչապետի հրաժարականով էին պայմանավորում երկրում առարկայական ու գլոբալ փոփոխությունների հնարավորությունը:

Աննա ՏԻԳՐԱՆՅԱՆ

 

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները