Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ոչ կոալիցիոն կառավարությունը

Ոչ կոալիցիոն կառավարությունը

Կամ ինչու են ավանդական «կոալիցիոնիստները» գերադասում հեռանալ իշխանական կերակրատաշտից

Կոալիցիոն կառավարությունների դարաշրջանը Հայաստանում ավարտված է։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կլինի բացառապես Հանրապետականների ձեւավորածը։ Դժվար է ասել, թե ինչով է Հայաստանում կոալիցիոն կառավարությունը տարբերվում ոչ կոալիցիոնից։ Թեեւ տարբերություն կա։ Արմեն Երիցյանն այլեւս արտակարգ իրավիճակների նախարար չէ ՕԵԿ- ի քվոտայով։ Նա արդեն արտակարգ իրավիճակների նախարար է առանց քվոտայի եւ առանց ՕԵԿ կուսակցական տոմսի։ Ահա եւ ամբողջ տարբերությունը։

Ավելին՝ կոալիցիոն կառավարության հրաժարականը Հայաստանում չի հանգեցնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների (ինչը նման կառավարությունների հրաժարականին հետեւող պարտադիր պայման է), կոալիցիոն կառավարության հրաժարականը պայմանավորված չէ խորհրդարանական ճգնաժամով եւ այս կառավարության անդամ կուսակցություններից որեւէ մեկի կողմից նախարարների կաբինետը լքելու որոշմամբ (ինչը եւս նման հրաժարականների պարտադիր պայման է)։ Անկեղծ ասած կոալիցիոն կառավարությունները Հայաստանում նաեւ չեն ստեղծվում խորհրդարանական կայուն մեծամասնություն ապահովելու նպատակով (ինչը նույնպես նման կառավարությունների ստեղծման հիմնական պայման է)։

Հայաստանում ուղղակի հանրապետության նախագահը որոշում է իշխանական կերակրամանին մոտ թողնել նաեւ այլ կուսակցությունների առաջնորդների՝ երկրում ազգային համաձայնության իմիտացիա ստեղծելու նպատակով։ Ահա եւ ամբողջը։

Սակայն սա չի խանգարում, որ արդեն մոտ ժամանակներս Ազգային ժողովում «լրջությամբ» քննարկեն նոր կառավարության ծրագիրը, թեեւ այդ ծրագիրն այնքան էլ չի տարբերվելու նախորդից։ Եվ սա, գուցե, լավ է։ Ի վերջո չմոռանանք, որ, ասենք, ՀՅԴ- ն երկար դեգերումներից հետո որոշելով ընդդիմության շարքերում մնալ, միաժամանակ որպես հեղափոխական կուսակցություն ամենայն շիտակությամբ հայտարարեց, որ փորձելու է «երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից»։ Իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որոնք միշտ էլ ցնցումներ առաջացնում են։ Սակայն ՀՅԴ- ն կողմ արտահայտվելով Հայաստանի երեք նախագահների սիրած կայունությանը՝ ըստ էության փորձելու է աջակցել նոր կառավարությանը՝ մնալով ընդդիմադիր դաշտում, որպեսզի չկորցնի վարկանիշը։

ՕԵԿ-ը, կարծես, երկար դեգերումների մեջ չէր։ Առաջարկեց Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում եւ մերժում ստանալով՝ որոշեց հեռանալ կառավարությունից՝ ընդդիմադիր դաշտում վարկանիշ ձեւավորելու մտադրությամբ։ ( Ի դեպ՝ չար լեզուներն ասում են, որ Արթուր Բաղդասարյանը վեց տարի առաջ՝ 2008- ի փետրվարին, նույնպիսի մերժում ստանալով Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ որոշեց ընդունել Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ- ի հետ կոալիցիա ձեւավորելու առաջարկը)։ Այժմ ՕԵԿ- ը լքում է կոալիցիան, թեեւ դժվար է ասել, որ հեռանում է կառավարությունից։ Չմոռանանք, որ ՕԵԿ- ի քվոտայով ԱԻ նախարար դարձած Արմեն Երիցյանը, գյուղնախարար Սերգո Երիցյանն ու քաղշին նախարար Սամվել Թադեւոսյանը կառավարությունը գերադասեցին ՕԵԿ-ից։

ԲՀԿ-ն, թեև հրաժարվեց մաս կազմել կառավարությանը, սակայն եթե նկատենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիսանում է Հայաստանում օլիգարխիայի եւ քաղաքականության միասնականության խորհրդանիշը, ապա «խոշոր կապիտալի» շահերը ներկայացնող ԲՀԿ- ն կառավարության գործունեությունը քննադատելու որոշակի դժվարություններ կարող է ունենալ։ Դրա վրա, իհարկե, կարող են ազդել Հովիկ Աբրահամյան- Գագիկ Ծառուկյան խնամիական կապերը, որոնք մեր տիպի նեոֆեոդալական երկրների համար մեծ նշանակություն ունեն։

ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշումն այս ներքաղաքական, կամ ավելի ճիշտ ներկլանային խաղում, ինձ ամենաքիչն է հետաքրքրում։ Նրանց հայտարարությունները կարող է հետաքրքրել բացառապես PR մասնագետներին։

Եվ վերջապես նոր կառավարության եւ ՀՀԿ- ի մասին։ Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի առաջին քայլերը հուշում են, որ նա եւս որդեգրել է Տիգրան Սարգսյանի վեց տարի առաջվա սոցիալական պոպուլիզմի քաղաքականությունը։ Բայց Հովիկ Աբրահամյանի համար այժմ ավելի դժվար կլինի խաղալ այս դաշտում, քանի որ իր նախորդը էապես նվազեցրել է նորանշանակ վարչապետի պոպուլիստական հաջողությունների հնարավորությունը։

Լավ է, իհարկե, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է, ասենք, Ֆիրդուսի կամ Բուզանդի բնակիչների հետ, կամ ինչպես է փոքր եւ միջին բիզնեսին աջակցություն խոստանում։ Սակայն նա ստիպված է լինելու ոչ միայն հանդիպումներ ունենալ, այլ լուծել առկա խնդիրները, լուծել դրանք աշխարհաքաղաքական այնպիսի սրացումների պայմաններում, որոնց կարծես թե դիմագրավելու ոչ մտավոր, ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական ներուժ հայաստանյան իշխող վերնախավը չունի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները