Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նավակ եք ճոճում, պարոնայք

Նավակ եք ճոճում, պարոնայք

Փոփոխությունների ուրվականն է շրջում Հայաստանում՝ փոխում են, տեղափոխում, փոխատեղում, հաստատում, վերահաստատում: Այս ամենից անդիմադրելի ցանկություն է առաջանում հավատալու, թե հնարավոր է, թե կարող է այդ ուրվականը միս ու արյուն ստանալ, թե կարելի է մթնոլորտում որսալ թարմության այնքան ցանկալի բույրը:

Հերթը, ըստ կարգի, ԱԺ նախագահինն էր: Ավելի ստույգ՝ պահի խնդիրը ԱԺ նախագահի հաստիքը թափուր չթողնելն էր. դա պատշաճ չէ: Հանրապետականները հավուր պատշաճի մտածեցին-մտածեցին և առաջարկեցին խմբակցության ղեկավարի թեկնածությունը: Սա ոչ միայն ամենականխատեսված տարբերակն էր, այլև Գալուստ Սահակյանը խոսնակի թափուր աթոռի միակ հավակնորդն էր մինչև վերջին պահը, երբ խորհրդարանի ոչ իշխանական հատվածը որոշեց մասնակցել գործընթացին:

Գալուստ Սահակյանն ընտրվեց, իհարկե, գրեթե միաձայն, իսկ ոչ իշխանական թեկնածուն, ով ինքնառաջադրվել և որոշել էր գնալ մինչև վերջ, ստացավ միայն երեք ձայն..., որովհետև ոչ իշխանական երկու խմբակցություն որոշել էր բոյկոտել քվեարկությունը: Գալուստ Սահակյանը բոլորին շնորհակալություն հայտնեց և հավաստիացրեց, որ կշարունակի խորհրդարանում ձևավորված մշակույթը: Ծափահարություններ, շնորհավորանքներ նաև բոյկոտածներից:

Զգացի՞ք թարմ շունչը մթնոլորտում: Անձամբ ինձ նույնիսկ երեկոյան տեղացած անձրևը չօգնեց, առավել ևս՝ Արտաշես Գեղամյանը, որ միջազգային զարգացումների և նոր մարտահրավերների համատեքստում էր գնահատում Սերժ Սարգսյանի «նշանակումները» կառավարության և խորհրդարանի նախագահների պաշտոններին՝ ձևացնելով, թե խորապես զգում է նոր շունչը:

Նոր նշանակումները գործադիր և օրենսդիր մարմիններում սոսկ կադրային փոխատեղումներ են եղած սուղ հնարավորությունների շրջանակներում, որոնք, այդուհանդերձ, ոչ մի կապ չունեն նոր մարտահրավերներին դիմագրավելու, թարմ մոտեցումների անհրաժեշտության կամ, առավել ևս, հանրության վստահությունը շահելու հետ: Այս բոլոր փոփոխությունները, տեղափոխություններն ու փոխատեղումներն արվում են բացառապես նավակ ճոճելու տրամաբանությամբ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե շարժում կա:

Իբր՝ շարժվում ենք, ցանկություն ունենք առաջ գնալու: Իրականում իշխանության ղեկին գտնվող քաղաքական մեծամասնությունը ոչ կարողություն, ոչ էլ ցանկություն ունի երկիրն առաջ տանելու: Իսկ ինչո՞ւ պետք է ցանկություն ունենա. կառավարման երկարուձիգ տարիների ընթացքում նա իր համար ստեղծել ու կատարելագործել է հարմարավետ ապրելու բոլոր պայմանները: Հիմա նրա խնդիրն այդ պայմանները պահպանելն է, իսկ ավելորդ գլխացավանքներից կարելի է խուսափել փորձված ճանապարհով՝ պարբերաբար բարեփոխումների ու փոփոխությունների ուրվականներ ասպարեզ նետելով կամ, ավելի պարզ, նավակ ճոճելով: Սա է այն «ձևավորված մշակույթի» բուն էությունը, որը խոստանում էր շարունակել Գալուստ Սահակյանը:

Բայց արդյո՞ք միայն հանրապետականներն են լծված նավակ ճոճելու սուրբ գործին: Իսկ ինչո՞վ են զբաղված ոչիշխանականները, մասնավորապես նրանք, որոնք խորհրդարանում են, այսինքն՝ քվե ունեն, ընտրողից ստացած մանդատ, պատասխանատվություն: Իհարկե, նրանք ելույթներ են ունենում և հաճախ՝ գրագետ, գեղեցիկ, սուր: Բազմակարծության մթնոլորտ են ապահովում, որը, սակայն, օբյեկտիվ պատճառներով զրոյական ազդեցություն է ունենում խորհրդարանի արտադրանքի վրա:

Ուրի՞շ: Նրանցից ոմանք սիրում են սեթևեթել, ոմանք առանց սեթևեթելու պարբերաբար դուրսուներս են անում կոալիցիաներում: Նրանք պարբերաբար փորձում են միավորվել և շատ արագ մտափոխվում են: Նրանք հայտարարություններ են անում և շատ կարևոր պահի լքում իրենց գործընկերոջը, որը խիզախություն էր ունեցել ինքնառաջադրվել ԱԺ նախագահի ընտրություններում… Այն, ինչով զբաղված են ոչիշխանականները, նույնպես շատ նման է նավակ ճոճելուն: Տարբերությունն այն է, որ վերջիններս դա անում են ոչ թե շարժման տպավորություն ստեղծելու, այլ ջրի երեսին մնալու համար:

Աննա ՏԻԳՐԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները