Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Դեպի կուսակցական մենատիրություն

Դեպի կուսակցական մենատիրություն

Ապրիլի 28-ին ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգի մասին» 2014թ. փետրվարի 3-ի որոշման մեջ. խմբակցության ներկայացուցիչների թիվը 5-ից 7 դարձնելու նպատակով ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը 11-ից հասցվեց 13-ի:

Որոշման մեջ փոփոխություն կատարելու միակ առիթը և պատճառը ԱԺ նախագահի ընտրությունների կազմակերպումն էր և խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրելու` ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստում կայացված որոշման կենսագործումը: Իսկ ԱԺ նախագահի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել էր ՀՀ վարչապետի պաշտոնում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակման արդյունքում:

ՀՀԿ խմբակցությունը հաշվիչ հանձնաժողովի կազմավորման կարգը վերանայելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ խորհրդարանական 5 ուժերը, այդ թվում՝ իշխող կոալիցիան լքած «Օրինաց երկիր»-ը, հայտարարեցին հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու մտադրության մասին, ինչի հետևանքով հաշվիչ հանձնաժողովը զրկվում էր քվորում ապահովելու հնարավորությունից: Բացի դրանից` քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ՀՀԿ խմբակցությունը հանձնաժողովում մեխանիկորեն վերածվում էր փոքրամասնության, ինչը մտավախություն էր առաջացնում, որ խորհրդարանական փոքրամասնությունը հաշվիչ հանձնաժողովի իրավասությունների շրջանակում ձեռք է բերում քաղաքական որոշումների վրա ներգործելու, դրանք, միասնական դիրքորոշմամբ խափանելու իրավաքաղաքական լծակ:

Նման մտավախություն առաջացրել էր 2013թ. դեկտեմբերին նույն հաշվիչ հանձնաժողովում ստեղծված նախադեպը, երբ «գազային» պայմանագրերի վավերացման` ձեռքով քվեարկությունից հետո ԱԺ ոչ իշխանական քաղաքական ուժերը բոյկոտեցին հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը, ապա համատեղ հայտարարություն տարածեցին այն մասին, որ վավերացումը օրինական չէ: Դրանից հետո իշխող կոալիցիայի նախաձեռնությամբ մեծամասնությանը հատկացվող տեղերի ավելացման եղանակով հանձնաժողովի անդամների թիվը 7-ից դարձավ 11:

Քաղաքական մեծամասնության իրավունքի իրացման և իրավական ընթացակարգերի պահպանման տեսանկյունից հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգում կատարված վերջին փոփոխությունը խնդրահարույց չէ: Սակայն երևույթն ինքնին խոսում է խորհրդարանում որոշումների կայացման իրավական ընթացակարգերը, ձևաչափերը, որոշումները քաղաքական, կոնյունկտուրային շահերից բխող իրավիճակային փոփոխությունների ենթարկելու վտանգավոր ավանդույթի ձևավորման մասին:
Ըստ էության՝ քաղաքական մեծամասնությունը ցուցադրում է ոչ միայն հաշվիչ, այլ նաև խորհրդարանական մյուս ժամանակավոր հանձնաժողովները ցանկացած դեպքում կուսակցական շահերին ծառայեցնելու անթաքույց տրամադրվածությունը` քաղաքական ցանկալի կոնֆիգուրացիաներ, լուծումներ ստանալու բացահայտ նկատառումով: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան սահուն անցում քաղաքական հեգեմոնության սկզբունքից դեպի կուսակցական «մենատիրություն», երբ մեծամասնությունն անում է այն, ինչ ցանկանում է և այնպես, ինչպես ցանկանում է:

Հարկ է նկատել, որ հաշվիչ հանձնաժողովում արձանագրվածը նախադեպային չէ: Այն, ըստ էության, ԱԺ էթիկայի հանձնաժողովում ոչ վաղ անցյալում ձևավորված և շարունակվելու բոլոր նախադրյալներն ունեցող պրակտիկայի նոր դրսևորումն է, որի արդյունքում էթիկայի հանձնաժողովն աստիճանաբար կորցրեց իր իրական նշանակությունը՝ վերածվելով բարոյաէթիկական կարգավորման ոլորտում ԱԺ մեծամասնության պատգամավորների շահերի պաշտպանությունն իրականացնող ձևական ինստիտուտի: Մեծամասնության քվոտան արհեստականորեն մեծացնելու նույն նկատառումով 2012թ. վերջին մեկ անգամ փոխվեց էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը և հենց այդ նախաձեռնությունը դարձավ մեծամասնության հետագա այսօրինակ ձեռնարկումների նախադեպը:

Մյուս կողմից` նման պրակտիկա ձևավորելու ուղեգիծը էականորեն սահմանափակում, եթե չասենք չեզոքացնում է նույնիսկ արձանագրային մակարդակի, ոչ քաղաքական բնույթի որոշումների ընդունման պարագայում խորհրդարանական քաղաքական ուժերի միջև երկխոսության և կոմպրոմիսի հնարավորությունը: Դրա հետևանքով, կամա թե ակամա, սահմանափակվում են քաղաքական փոքրամասնության իրավունքներն ու հնարավորությունները:

Երկխոսության սկզբունքով առաջնորդվելու հարցում նույնքան էական է նաև խորհրդարանական փոքրամասնության շահագրգռվածությունը: Փոքրամասնության՝ հաշվիչ հանձնաժողովում քվորում չապահովելը, նշանակության իմաստով, նույնացրեց ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու հետ: Քաղաքական այս քայլը, անկախ ԱԺ նախագահի փակ գաղտնի ընտրության կանխորոշվածության մասին տեսակետից, հանգեցնում է առհասարակ ԱԺ նախագահի ընտրությունը տապալելուն, որտեղ Գալուստ Սահակյանի անձի գործոնը դառնում է երկրորդական: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի այս մոտեցումը օբյեկտիվորեն նպաստել է հանձնաժողովների ձևավորման կարգն ըստ քաղաքական, կուսակցական հայեցողության վերաձևելու մեծամասնության կողմնորոշմանը: Այս առումով, փաստորեն, խորհրդարանում ձևավորված անհանդուրժողականության և բոլոր հարաբերություններում ծայրահեղականությամբ առաջնորդվելու մթնոլորտը դարձել է, թերևս, ամենաբնորոշներից մեկը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները