Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

«Տարկետման բյուջե». կառավարությունը մնացել է նույն դասարանում. Ա. Վարդանյան

«Տարկետման բյուջե». կառավարությունը մնացել է նույն դասարանում. Ա. Վարդանյան
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ

-ԱԺ  մշտական հանձնաժողովներն ավարտեցին  Բյուջե 2013-ի նախագծի քննարկումները. ի՞նչ տպավորություններ ունեք:
-Ցավոք, 2013-ի բյուջեն 2012-ի կրկնությունն է : Այդ առումով ես պայմանականորեն այն անվանել եմ «տարկետման բյուջե»: Զարգացման հիմքեր չստեղծող բյուջե է, հիմնական տպավորությունը սա է` կարծես թե կանգնած ենք նույն տեղում:

-Պարոն Վարդանյան, ո՞րն է ներկայացվող բյուջեի հիմնական փիլիսոփայությունը:
-Վարչապետը ներկայացրեց բյուջեի փիլիսոփայությունը, որն,  իմ կարծիքով, ներկայացված փաստաթղթին որևէ առնչություն չուներ: Բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ վարչապետի խոսքը ավելի խոհաբանական էր, բայց բյուջեի հետ առանձնապես կապ չուներ: Նա այն խնդիրներն էր ձևակերպում տեսական մակարդակով, որը միշտ է արել: Բայց բյուջեն այդ իմաստով որևէ նոր բան չի ասում, և կրկնում եմ` կրկնությունն է նախորդ տարվա բյուջեի:

-«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից բյուջեի նախագծի որակումն արդեն տրվել է` գոյատևման բյուջե: Դուք ի՞նչ որակում կտաք:
-Տարկետման բյուջե. որևէ բան չի փոխվել, գործադիր իշխանությունը վատ աշխատելու, վատ սովորելու պատճառով  ևս մեկ տարի մնում է նույն դասարանում :

-ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի կարծիքով էլ՝  այս բյուջեն ավելի կհայաթափի Հայաստանը: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Գիտեք, արտագագաղթի պատճառներն ու հիմքերը շատ-շատ են: Այստեղ միայն բյուջեի հնարավորությունների խնդիրը չէ: Ակնհայտ է, որ մարդիկ ինչ-որ առումներով սկսելու են վատ ապրել: Բյուջեի ցուցանիշներն այդպիսին են: Բայց դա միակ պատճառը չէ: Կարծում եմ, որ ամենահիմնական պատճառը, որը ամենածանրն է, մարդկանց վստահության, հավատի պակասն է վաղվա օրվա հանդեպ, պետության ապագայի հանդեպ: Եթե մարդիկ վստահ լինեն, որ մեկ տարի հետո այս իրավիճակը փոխվելու է, տեսնեն դրա հիմքերը, բնականաբար կարող են չհեռանալ երկրից: Հիմա տեսեք` կառավարությունը վերջին չորս տարում աշխատավարձ չի բարձրացնում,  նվազագույնը երկու անգամ է բարձրացրել, այն էլ վերջին հինգ տարում` 2500-ական դրամով (երկրորդը կլինի հունվարի 1-ից): Բայց կառավարությունն իր միջնաժամկետ ծրագրերով խոստանում է եկող տարի կտրուկ բարձրացնել. ես չեմ տեսնում այն նախադրյալները կառավարության գործունեության մեջ, որոնք ապահովելու են այդ ցուցանիշերը: 95 տոկոսով վստահ եմ, որ այս ցուցանիշերը հաջորդ տարի հասանելի չեն լինի: Սա է, որ մարդկանց հուսալքում է:

-Ի՞նչը չի բավարարում Դաշնակցությանը  կառավարության ներկայացրած նախագծի մեջ:
-Մենք ակտիվորեն մասնակցել ենք ԱԺ հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումներին, յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ տեսակետներ ենք արտահայտել ու հարցեր տվել: Ամենահիմնականը տնտեսական, սոցիալական քաղաքականության անարդյունավետությունն է: Մենք այս բյուջեում չենք տեսնում աղքատության կրճատման ռեալ քայլեր, մրցունակության բարելավման, աշխատատեղերի ավելացման իրական ծրագրեր:  Ընդհակառակը,  էական տարբերություն ենք տեսնում հայտարարվածի և իրական կյանքի միջև:

-ՀՅԴ-ն  ունի՞ առաջարկություններ, որոնք պատրաստվում է ներկայացնել Բյուջե-2013-ի նախագծում ներառելու համար:
-Մենք պետք է քննարկենք, արդեն իսկ յոթ օրենսդրական առաջարկություն երկու ամսվա ընթացքում արել ենք, և կառավարությունը դրանց բոլորին բացասական եզրակացություն է տվել: Երկու ճանապարհ կա. մեկը` անել առաջարկություններ` 100 տոկոսով վստահ լինելով, որ դրանք չեն ընդունվելու: Սա ինչ-որ առումով պոպուլիզմի տարր ունի. դու անում ես մի բան, երբ գիտես, որ դա չի ընդունվի: Արժե՞, թե՞ չարժե առաջարկություն անել՝ չգիտեմ, մենք ֆրակցիայով վերջնական քննարկում դեռ չենք արել: Իսկ մյուս ճանապարհը` ուղղակի թողնել ամեն ինչ քաղաքական մեծամասնության վրա և ասել, որ ի վերջո գալու է ժամանակը, որ դրա համար պատասխան եք տալու:

-Իսկ եթե Բյուջե-2013-ի նախագիծը ներկայացվի այս տեսքով, ինչպե՞ս կքվեարկի Դաշնակցություն խմբակցությունը: -Ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկենք, որովհետև նույնիսկ նախորդ տարիների բյուջեների նախագծերին մենք դեմ ենք քվեարկել՝  սկզբունքային բոլոր կետերը նշելով ու վերլուծություններ անելով: Այս բյուջեի պարագայում ևս  որևէ հիմք չկա կողմ քվեարկելու:

Քվեարկության պատմություն

Վարդանյան Աղվան Արշավիրի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Վարդանյան Աղվան «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 393 73 245 83 170 32 23
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները