Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գաղտնին թաքունը չէ

Գաղտնին թաքունը չէ
Հայաստանի Հանրապետությունում իշխող քաղաքական մեծամասնությունը Ազգային ժողով-կառավարություն հանցավոր համաձայնության պայմաններում փոփոխեց «Գնումների մասին» և «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքները՝ պետական գաղտնիքի կարգավիճակ տալով պետբյուջեի միջոցները մսխելու ՀՀ բարձրագույն պաշտոնյաների թուլություններին: Հիմնական զեկուցողը պնդում էր, թե դա պայմանավորված է վերոհիշյալ պաշտոնյաների անվտանգության խնդիրներով: Պնդումն ապրիորի էր, քանզի այն հիմնավորող որևէ ողջամիտ բացատրություն այդպես էլ չտրվեց:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակը, բնականաբար, գործադիրն էր, իսկ մտահղացումը, ասում են, նախկին վարչապետինն է եղել, որին դուր չի եկել մամուլի ինչ-որ հրապարակում իր թուլությունների մի կոնկրետ դրսևորման մասին: Ներկայիս վարչապետին, ամենայն հավանականությամբ, շատ սրտամոտ է եղել իր իրավանախորդի օրենսդրական մտքի թռիչքը, այլապես նախաձեռնությունը տեղ չէր գտնի արտահերթի օրակարգում, և այդպիսի հետևողականությամբ առաջ չէր մղվի դրա ընդունումը:

Խորհրդարանական քննարկումները հետաքրքիր էին: Ոչիշխանականները, նույնիսկ նորընծա ընդդիմադիր օրինացերկրականները, անկեղծորեն հետաքրքրված էին, թե ինչու է անհրաժեշտ պետական գաղտնիքի կարգավիճակ տալ մեր երկրի պետական բյուջեի այն ծախսերին, որոնք կատարվում են այնպիսի պետականաշինարար նպատակներով, ինչպիսիք են բարձրագույն պաշտոնյաների սնունդը, շրջագայություննեըը, կացարաններն ու ավտոմեքենաները, հյուրասիրությունները և այլն:

Բոլորն, անշուշտ, հասկանում էին, որ բարձրագույն պաշտոնյաների բարձրորակ սնունդը, թանկարժեք շրջագայությունները, բարձրակարգ կացարանները, շքեղ ավտոմեքենաները, ճոխ հյուրասիրությունները և այլն անմիջականորեն առնչվում են երկրի հեղինակությանը: Նրանք միայն դժվարանում էին ըմբռնել, թե ինչու են իշխանությունները ցանկանում գաղտնի պահել երկրի հեղինակությունը բարձր պահելու նպատակով բացառապես պետբյուջեից կատարվող ու կատարվելիք ծախսերը: Մի պատգամավորուհի նույնիսկ վրդովված ճչաց՝ ումի՞ց եք ուզում թաքցնել:

Գալուստ Սահակյանն իրավիճակը փրկելու նպատակով կրկին ստիպված էր միջամտել և ի լուր ամենքի հայտարարեց՝ գաղտնին ամենևին էլ թաքունը չէ: Ծիծաղ: Լեզվական տեսանկյունից խոսնակն, իհարկե, իրավացի չէր. «գաղտնին» միանշանակորեն «թաքունն» է, ավելին՝ առաջինն ունի առավել ընդգծված ու խորը իմաստային նրբերանգ, որը բառին տալիս է ոչ միայն ավելի մեծ խորհրդավորություն, այլև կազմակերպվածության ու նույնիսկ ինչ-որ պաշտոնականության հնչեղություն: Առավել ևս՝ «պետական գաղտնիք» բառակապակցության մեջ: Սա՝ լեզվական տեսանկունից:

Բայց Գալուստ Սահակյանի այս անհաջող ռեպլիկը, ակնհայտորեն, այլ՝ պակաս խոցելի, իմաստ ուներ: Իմ կարծիքով, նա ցանկանում էր պատգամավորներին ասել, որ այսուհետ էլ նրանք այդ ամենի մասին կարող են իմանալ ճիշտ այնպես, ինչպես նախկինում: Եվ այսուհետ էլ նրանք այդ ամենի մասին կլռեն ճիշտ այնպես, ինչպես նախկինում: Խոսնակն այս տեսանկյունից միանգամայն իրավացի էր:

Խորհրդարանն ամեն տարի ընդունում է երկրի պետական բյուջեի մասին օրենքը և հաստատում բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Այդ երկու ծավալուն փաստաթղթերն էլ տարեցտարի պարունակում են բազմաթիվ աներկիմաստ վկայություններ ճոխությունների ու շռայլությունների հանդեպ մեր պաշտոնյաների անզուսպ սիրո մասին: Խորհրդարանականները միշտ էլ հարգանքով են վերաբերվել այդ սիրուն՝ որպես կանոն նրբանկատորեն շրջանցելով աղքատ երկրի բյուջեի համար միանգամայն անընդունելի ծախսերի ու անթույլատրելի շռայլությունների թեման:

Օրենսդիրները նախկին վարչապետի հոգին խռոված այն չարաբաստիկ հրապարակման հեղինակների նման շարքային հարկատուներ չեն. նրանք նույնպես օգտվում են վերոհիշյալ սիրո պտուղներից: Բացի այդ, ինչ իմանաս, մի օր իրենք էլ կարող են հայտնվել ավելի վերևներում և դառնալ ճոխ սեղանների շուրջ ու շքեղ ավտոմեքենաներում երկրի հեղինակությունը բարձր պահողներ:

Իրենց սրտառուչ լռությամբ խորհրդարանականները հասկացնում են, որ ավելի բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու դեպքում իրենք կլինեն գեղեցիկ ավանդույթի հավատարիմ շարունակողներ. իրենք էլ ինքնաթիռներ կվարձեն ու հսկայական պատվիրակություններով կգնան արտասահման՝ վարկեր մուրալու, օտարերկրյա պատվիրակություններին կշլացնեն իրենց ծառայողական ավտոմեքենաների ու հյուրասիրությունների շքեղությամբ ու միաժամանակ կնվնվան, թե երկրի բնակչության գրեթե կեսն աղքատ է: Եվ այդպիսով միշտ բարձր կպահեն երկրի հեղինակությունը:

Օրենսդրական սույն փոփոխություններից հետո այս նուրբ թեման խորհրդարանում այլևս կքննարվի դռնփակ կարգով, և պատգամավորներն արդեն, լռելու փոխարեն, հանգիստ կարող են երկրի հեղինակությունը բարձրացնելու շրջանակներում բյուջեի ծախսերն ավելացնելու առաջարկներ անել: Իսկ շարքային հարկատուներին օրենքով կարգելվեն բյուջետային ծախսերի նկատմամբ անառողջ հետաքրքրասիրությունն ու երկրի հեղինակության մասին այլ պատկերացումներ ունենալը: Ու այլևս ոչ մի հրապարակում չի խռովի բարձրագույն պաշտոնյաների անդորրը:

Աննա ՏԻԳՐԱՆՅԱՆ
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները