Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հովիկ Աբրահամյանը խոստանում է

Հովիկ Աբրահամյանը խոստանում է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 20-ին Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության գործունեության ծրագիրը: Մոտ 84 էջանոց փաստաթուղթն, ըստ էության, մատնանշում է այն առաջնահերթությունները, որոնք գործադիրի ուշադրության կենտրոնում են լինելու 2014-2017 թվականների ընթացքում: 

Գործունեության 3 տարիների ընթացքում 5-րդ գումարման խորհրդարանն արդեն 3-րդ անգամ է կառավարության ծրագրին հավանություն տալու հարց քննարկում: Երեք ծրագրերն էլ ներկայացրել է Հանրապետական կուսակցությունը. առաջին երկուսը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, 2012 թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններից հետո: Նույն խորհրդարանին երրորդ ծրագիրն արդեն ներկայացնում է Հովիկ Աբրահամյանը, ով վարչապետ է նշանակվել Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո:

Խոստումներ՝ առանց թվերի

«Եթե հակիրճ բնութագրեմ կառավարության ծրագիրը, ապա այն կանվանեմ առաջին հերթին իրատեսական, խստապահանջ և ականջալուր: Իրատեսական՝ խոստումների և ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ՝ հավասար պայմանների և երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, և ականջալուր՝ հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ»,-խորհրդարանում հայտարարեց Հ.Աբրահամյանը:
Իրատեսականությունը, ըստ վարչապետի, խոսում է ոչ թե հավակնությունների բացակայության, այլ առկա ռեսուրսների սթափ գիտակցման մասին: 

Թվային տվյալներով ու ցուցանիշներով ծրագիրն առանձնապես հարուստ չէ: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը երեք թիրախային ցուցանիշ է ամրագրում ՝ տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, նախորդ ծրագրի 5-7 տոկոսի փոխարեն, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65000 դրամ, նախորդ ծրագրի 70 հազարի փոխարեն և աղքատության կրճատում 10 տոկոսային կետով: Տնտեսական ևս մի կարևոր ցուցանիշի՝ ՀՆԱ- հարկեր հարաբերակցության մասին ծրարգրում թվային որևէ ամրագրում չկա: 

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խոստանում է պայքարել ստվերի դեմ, մրցակցության հավասար պայմաններ ապահովել, ուշադրության կենտրոնում պահել գյուղի ու գյուղացու խնդիրները, բարելավել սոցիալական և առողջապահական ծառայությունները: 

Ըստ ծրագրի՝ «տնտեսական ենթակառուցվածքների ստեղծումն ու պահպանումը, զուգակցելով տնտեսավարողների համար հավասար պայմանների ստեղծմամբ, հնարավորություն կտա Հայաստանի հանրապետությանը 2014-2017 թվականներին ընդլայնելու տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված արտահանման տնտեսական ներուժը, տնտեսությունն ամրապնդելու կայունացման փուլում և ստեղծելու նախադրյալներ հետագա՝ ավելի համարձակ և բեկումնային աճի համար»:

Ծրագրի նորարարությունները

«Եթե տնտեսական աճի, աշխատատեղերի ավելացման համար անհրաժեշտ լինեն հարկային արտոնություններ կամ դրամաշնորհներ, ապա դրանք անպայման կլինեն»,- խոստանում է Հ.Աբրահամյանը:

Կառավարությունը նախատեսում է փուլ առ փուլ հրաժարվել ավելացված արժեքի հարկի սահմանային գանձումից, պատրաստվում է մինչ տարեվերջ քննարկել հակամենաշնորհային օրենսդրական կարգավորումների թեման, առաջարկում է ստեղծել համահայկական ներդրումային հիմնադրամ, որը պետք է դառնա Տ.Սարգսյանի համահայկական բանկի չիրականացված գաղափարի շարունակությունը: 

Գաղափարների մի մասը կառավարությունը ծրագրում ներառել է ՝ հաշվի առնելով քաղաքական այլ ուժերի առաջարկները ՝ խորհրդարանում ասաց Հովիկ Աբրահամյանը: 

Բայց կան նաև առաջարկներ , որոնք տեսականորեն ընդունելի են, իսկ գործնականում՝ ոչ իրագործելի: Այդպիսին, օրինակ, Հովիկ Աբրահամյանը համարեց բոլոր անկախ հանձնաժողովների և վերահսկիչ կառույցների ղեկավարումն ընդդիմությանը վերապահելը։ «Միգուցե՝ նման գաղափարն աշխատի արդեն կայացած կուսակցական համակարգով երկրներում: Սակայն, երբ մենք ունենք խորհրդարանական ուժեր, որոնք առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, որոնք պատրաստ են մերժել համագործակցության ցանկացած առիթ, ես խիստ կասկածում եմ, որ նման առաջարկը Հայաստանում կիրառելը կբերի առաջընթացի»։

Կան գաղափարներ էլ, որոնք «ամբոխահաճո են և չունեն երկարաժամկետ հեռանկար»: Ըստ վարչապետի՝ այդպիսին օրինակ կենսաթոշակային բարեփոխումների անհապաղ կասեցումն է: Ի դեպ՝ կուտակայինի մասին հարց վարչապետին ուղղեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Եթե կառավարությունը հանրությանը որոշել է ականջալուր լինել, ապա ինչ է որոշելու կուտակայինի հարցով։ «Կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, և դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն այն պետք է լինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված», և մենք ամեն օր աշխատում ենք այդ լուծումը ձևավորելու ուղղությամբ և շուտով ներկայացնելու ենք ձեր դատին»։

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները