Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՀԿ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

ՀՀԿ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

Նոր կառավարության ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը Ազգային ժողովն ընդունեց 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով: Քվեարկությանը մասնակցեցին միայն ՀՀԿ խմբակցության 70 և 3 անկախ պատգամավորները: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը քվեարկությանը չմասնակցեցին:

Ու չնայած հարցի քննարկման սկզբում, ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե մշտապես պատրաստ են ականջալուր լինել ընդդիմությանը, քննարկման ավարտին այդ պատրաստակամությունից բան չէր մնացել: Ու պատահական չէր, որ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը առանց ավելորդ սեթևեթանքի նետեց ընդդիմության ուղղությամբ. «Չեք ուզում համագործակցել, մի համագործակցեք: Ո՞վ է տուժելու՝ իշխանությո՞ւնը, թե՞ ժողովուրդը: Ձեզ համար ենք ասում, համագործակցեիք, որ լուսանցքից դուրս գայիք»: Նրա խոսքն ուղղված էր հատկապես ՀԱԿ-ին, բայց ՀՀԿ-ական կառավարության հետ համագործակցելուց հրաժարվեցին նաև խորհրդարանական բոլոր 5 խմբակցությունները` տարբեր, նաեւ կրկնվող պատճառաբանություններով:

Մինչև կառավարության ծրագրի քննարկման ընթացքում խմբակցությունների դիրքորոշումների ներկայացումը, ամեն բան արդեն պարզ էր. ոչ իշխանական քառյակը նիստից առաջ խորհրդակցություն էր անցկացրել ու որոշել չմասնակցել կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցի քվեարկությանը: Խմբակցությունների ներկայացուցիչներին մնում էր միայն ներկայացնել, թե ինչու:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով` նոր ծրագիրը համակարգային ու բովանդակային փոփոխություններ չի առաջարկում. այլ պատկեր կլիներ, եթե իշխանությունը ընդդիմությանը վերահսկողության լծակներ տրամադրեր: «Ցանկության տակ բովանդակություն չեք դրել»,- ասաց պատգամավոր Հակոբյանը` համոզված, որ ներկայացված փաստաթուղթը որևէ բարեփոխման չի բերի: (Ի դեպ, «Ժառանգության» անդամ Ալեքսանդր Արզումանյանը կառավարության ծրագրի քվեարկությունը մասնակցեց: Քվեարկեց ձեռնպահ):

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ուշադրություն հրավիրեց վարչապետի փոփոխության հարցի վրա: «Բացարձակ չեք ուզում բացատրել, թե ինչու փոխվեց վարչապետը և կառավարությունը», - ասաց Ռուստամյանը: Ըստ նրա` առանց այդ փոփոխության պատճառները արձանագրելու, առանց նախորդի սխալները բարձրաձայնելու` հնարավոր չի լինելու խուսափել դրանց կրկնությունից: ՀՅԴ ղեկավարի կարծիքով` կառավարության ծրագիրը իրատեսական չէ, քանի որ այն շրջանցում է երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները: Այսուհանդերձ` Ռուստամյանը հույս հայտնեց, թե կառավարությունը քիչ է գրել, բայց շատ կանի:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, թե իրենք քվեարկությանը չմասնակցելու մասին խոսել են քառյակի հետ, բայց իրենց որոշումը ավելի վաղ էին կայացրել: Չեն մասնակցելու քվեարկությանը, որովհետև նախ չգիտեն, թե ինչու փոխվեց կառավարությունը, ու որն է ներկա ու նախորդ կառավարությունների տարբերությունը: ՕԵԿ-ից, սակայն, մեկն այնուամենայնիվ կողմ քվեարկեց կառավարության ծրագրին: Դա Կարեն Բոթոյանն էր, ով իր կողմ քվեարկելու և ՕԵԿ-ից դուրս գալու մասին հայտարարեց միաժամանակ` քվեարկությունից առաջ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը ևս` ՀԱԿ-ի քվեարկությանը չմասնակցելու մասին, միանշանակ չէր. ինչպես հաճախ է պատահում, Հրանտ Բագրատյանը հայտարարեց կառավարության ծրագրին ձեռնպահ քվեարկելու մասին: Իսկ ՀԱԿ-ը դեմ էր, որովհետև, ըստ Զուրաբյանի պտուղը չի կարող բարի լինել, եթե չար է ծառը, իսկ կառավարության ծառը, ըստ Զուրաբյանի, Սերժ Սարգսյանի ավազակապետությունն է:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, բացի քառյակի հետ միասնական որոշմանը հղում անելուց, հավելեց, թե չեն հավատում կառավարության ծրագրի իրատեսականությանն ու այն կատարելու անկեղծությանը, քանի դեռ չի հաղթահարվել մեկ քաղաքական ուժի քաղաքական մենաշնորհը. «Այսպես շարունակվելու դեպքում խորանալու է փակուղին, որի առաջ հայտնվել ենք այսօր»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն իրատեսական ու չափավոր ծրագիր է ներկայացրել:

Ի դեպ, դատելով կառավարության ծրագրի քվեարկության արդյունքներից, Ազգային ժողովը վարչապետ Տիգրան Սարգսյանին ավելի էր վստահում, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը 2012-ին ԱԺ-ում ստացել է 75, 2013-ին` 76 կողմ ձայն:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները