Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հրանտ Բագրատյանը կառավարությանը մի քանի ամիս ժամանակ է տալիս

Հրանտ Բագրատյանը կառավարությանը մի քանի ամիս ժամանակ է տալիս

Հարցազրույց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

- Պարոն Բագրատյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ կառավարությունը Ձեր «100 քայլից» որոշ կետեր ներառել է իր ծրագրում: Ձեր գաղափարներից էր նաև սահմանին ԱԱՀ-ի չգանձելը:

- Իմ ու ձեր 100 քայլ չկա, 100 քայլում գրված են այն կետերը, որոնք համաշխարհային տնտեսագիտությանը հայտնի բաներ են և կարող են կիրառելի լինել Հայաստանում: Եթե կառավարության ծրագրում կան կետեր, որոնք նախկինում ընդդիմությունը բարձրացրել է, ես ուրախ եմ: Իսկ եթե ընդդիմությունը բարձրացրել է, ուրեմն դրանք կենսական են հանրապետության տնտեսության համար: Իմ գնահատականն, իհարկե, հետևյալն է, որ նման առաջարկ անելը արդյունք է այն բանի, որ կա որոշակի ճիշտ վերլուծություն:

- Սահմանին ԱԱՀ-ի գանձումը վերացնելն  ի՞նչ կտա բյուջեին, տնտեսությանը:

- Դա, իհարկե, որոշակի վտանգ է ստեղծում բյուջեի համար: Իսկ երբ ապրանքները գալիս են, և մենք ԱՀՀ-ն գանձում ենք անմիջապես սահմանին, գործարարությունը դրանով հարված է ստանում: Հիմա մենք գնում ենք ռիսկի, թույլ ենք տալիս, որ մարդն աշխատի փողը, հետո նոր տա ԱԱՀ-ն: Թեև եթե հարկային մարմինները ճիշտ են տիրապետում իրավիճակին, ի վերջո այդ փողը կարող են ստանալ: Պարզապես ԱԱՀ-ի մասով կարող են առաջանալ ապառքներ:

- Փաստորեն սահմանին ԱԱՀ-ի գանձումը բյուջեի համար կարող է ռիսկային լինել, բայց գործարարության կամ տնտեսության համար՝ դրական քայլ:

- Այո:

- Իսկ  կառավարության արդեն ընդունված ծրագիրն ինչպե՞ս եք գնահատում:

- Տեսանք կետեր, որոնք ճիշտ էին, տեսանք նաև բազմաթիվ կետերի բացակայություն, որոնք եթե չլինեն, ծրագիրը կոմպլեքս չի լինի: Մեր մտահոգությունները հայտնեցինք, առայժմ կնայենք կողքից։ Տա աստված, որ ամեն ինչ ընթանա ճիշտ ուղղությամբ: Կաշխատեն կտեսնենք:

- Ամեն դեպքում որոշակի առումով դրական գնահատեցիք կառավարության ծրագիրը և ասացիք, որ դրանից «ծրագրի հոտ է գալիս»:

- Անպայման: Օրինակ, անցած տարի ներկայացված ծրագրի մեջ ընդամենը մեկ կամ երկու ծրագրային կետ նշեցի: Ընդհանրապես ծրագիր չկար: Բերված էին որևէ նախարարության, օրինակ,  էներգետիկայի նախարարության գործառույթները և նշվում էր, թե լուրջ աշխատանքներ կտարվեն հայկական ատոմակայանի վերագործարկման մասին կոնցեպտները ճշտելու և այլնի մասին, բայց դրանք պարզապես խոսակցություններ էին: Այս ծրագիրը նույնպես ընդհանրական է, բայց աշխատել են նաև կոնկրետ բաներ ասել:

- Նոր ծրագրում ընդամենը մի քանի թվային ցուցանիշ կա՝ առաջիկա երեք տարիներին նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար  դրամ, աղքատությունը կրճատել 10 տոկոսով և տարեկան 5 տոկոս աճ ապահովել, որոնք առանձնապես բարձր ցուցանիշներ չեն: Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակը կամ նույն կառավարության ծրագրի մնացած բոլոր դրույթները թույլ կտա՞ն, որ այդ ցուցանիշները կատարվեն:

- 5 տոկոս աճը հասանելի է, 65 հազար դրամ նվազագույն աշխատավարձը կիրագործվի, բայց 10 տոկոս աղքատության նվազեցումը խնդիր է, որովհետև իմ հաշվարկներով դրա համար մեզ պետք է 7,5 տոկոս տնտեսական աճ: Ծրագիրը 3 տարվա համար է, իսկ 10 տոկոսը նշանակում է յուրաքանչյուր տարվա համար 3 տոկոս աղքատության կրճատում: Վերջին 20 տարիների վերլուծությունը ցույց տալիս, որ մինչև 3-4 տոկոս տնտեսական աճը թույլ չի տալիս աղքատությունը կրճատել: Կրճատելը հնարավոր է 4 տոկոսից հետո: Հնարավոր է, որ տնտեսական աճը 5 տոկոսից ավելի կլինի, պարզապես ծրագրում գրված էր առնվազն 5 տոկոս:

- Իսկ այսօր այդքան աճ ապահովելու հնարավորություն կա՞:

- Չգիտեմ, պիտի աշխատեն:

- Տնտեսական շատ կարևոր ցուցանիշ է հարկեր/ՀՆԱ-ի աճը, որն այս կառավարության ծրագրում թվային արտահայտությամբ նշված չէ: Նախորդ ծրագրերում այն պլանավորվում էր 0,3-0,4 տոկոսի սահմաններում: Իհարկե, դա էլ մեծ թիվ չէր, բայց նշվում էր: Այս դեպքում չի նշվել, որովհետև այդ ոլորտում աճ չի՞ նախատեսվում:

- Ես ուրախ եմ, որ այդ ցուցանիշը չկա, դա ոչինչ չի տալիս, դա սխալ թիրախ է:Այսօր, իհարկե, հարկեր/ՀՆԱ-ն 21 տոկոս է նախկինի 16-ի փոխարեն, բայց այդ թիվը ստացան այն դեպքում, երբ եկամտահարկն ու սոցապ հարկը միացրեցին հարկերին:

- Բայց այս դեպքում էլ եթե այդ ցուցանիշը չբարձրացնեն, կարող են ասել, որ իրենք ծրագրում նման նպատակ չեն դրել:

- Ես կարծում եմ, որ նման նպատակների բացակայությունը ճիշտ է: Այս պահին դա չէ խնդիրը: Այն կառավորությունը, որ իբր այդ ցուցանիշը պիտի տարեկան 0,4 տոկոսով ավելացներ, բայց չավելացրեց, ի՞նչ տվեց: 15 տարի է, մենք դրանից ենք խոսում: Դա Արժույթի միջազգային հիմնադրամի բզիկներից է, դա հին մակրոտնտեսական բզիկ է: Կարելի է առայժմ չթիրախավորել հարկեր/ՀՆԱ հարաբերութունը, բայց ստանալ ավելի մեծ բյուջե տնտեսական արագացված աճի շնորհիվ:

- Բայց չէ որ ընդունված է համարել, որ որքան բարձր է  հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, այդքան փոքր է ստվերային տնտեսությունը:

- Ստվերի մասին այս ծրագրում ոչինչ չկար, կար ստվերը կրճատելու ցանկություն: Բայց որպեսզի մենք համոզվենք, որ ստվերը կրճատվում է, պետք է տեսնենք, թե ինչ հարկային քաղաքականություն է տարվում: Ինչ վերաբերում է բուն ստվերը կրճատելուն, ինձ թվում է, որ երբեք պետք չէ, որ կառավարությունը պայքարի ստվերի դեմ: Կառավարության խնդիրը ոչ թե ինչ անելն է, այլ ավելի շուտ՝ ինչպես անելն է: Եթե կառավարությունն ընտրի ճիշտ տնտեսական մոդել, այն աստիճանաբար կբերի ստվերի կրճատմանը: Սոցիալիզմի օրոք մի խնդիր կար, որ կուսակցությունը պայքարում էր լավ կենսամակարդակի համար, բայց տնտեսագետներն ասում էին, որ դա սխալ թիրախ է, որևէ կառավարությունը վատ կենսամակարդակի համար չի պայքարում: Ամբողջ հարցը նրանում է, թե ինչպես եք դուք դա պատրաստվում անել: Առաջիկա 3 տարիների համար ավելի կարևոր կլիներ հարկային համակարգի կայացումը, քան թե բուն ստվերի դեմ պայքարը: Ճիշտ հարկային համակարգը աստիճանաբար կճզմի ստվերը:

- Հայաստանում դեռ այնպիսի վիճակ է, որ պետական համակարգում անձերից շատ բան է կախված: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գործարարության համար պետք է ստեղծել հավասար խաղի կանոններ: Բայց դրան զուգահեռ օրինագիծ է ներկայացնում ԱԺ, որ խոշոր ձեռնարկատերերի համար չեղյալ համարվի պարտադիր աուդիտը: Սա խոսքի ու գործի տարբերություն չէ՞:

- Այդ հարցին բարդ է պատասխանել, ի վերջո ես այդ նախագծին կողմ չեմ քվեարկել, թեև բազմաթիվ փաստարկներ էին բերվում, որ դա միայն լավ է: Ես այդ հարցին թերահավատորեն եմ վերաբերում:

- Իսկ կառավարության հայտարարություններից ու ծրագրի ընդունումից հետո որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ որոշակի արդյունք ունենալու համար:

- Մի քանի ամսից կերևա:

Քվեարկության պատմություն

Բագրատյան Հրանտ Արարատի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բագրատյան Հրանտ «Հայ ազգային կոնգրես» 156 152 95 81 480 84 98
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները