Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հաջողակ դատապարտյալները

Հաջողակ դատապարտյալները

Կամ հաջողության դատապարտված կառավարության դեմագոգիան

Հայաստանի 13-րդ կառավարությունը դատապարտված է հաջողված լինել. ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի հաստատման ժամանակ այսպիսի միտք հնչեց։  13 թվին հանգիստ վերաբերվեք, որովհետեւ  այս կառավարությունն ամենափորձառուն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ։ Երբեւէ այսքան փորձառու նախարարներ չենք ունեցել։ Դեռ նախորդից մնացածներին թողնենք մի կողմ, քանի որ այս կառավարության հաջողության գրավականը նոր նախարարներն են, որոնք իրականացնելու են մի ծրագիր, որը, ինչպես վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնորոշեց, «իրատեսական, խստապահանջ և ականջալուր» է։

Այսպես՝ այս կառավարութունը «իր գործունեության գերակայություն է հռչակում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը»: Կարծում եմ, որ այս ազատությունն ապահովելու է շատ փորձառու կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, որի արդարադատության նախարար եղած ժամանակ ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ հետապնդվում էին «չարտոնագրված», այն է՝ չլիցենզավորված հանրահավաքներին մասնակցելու համար։

Այլեւս «բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը»։ Ըստ երեւույթին վարչապետի ելույթի այս դրույթը պետք է ապահովի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որը ժամանակին եղել է Տնտեսական եւ Վճռաբեկ դատարանների նախագահ։ Դրանք այն տարիներն էին, երբ, ասենք, Խաչատուր Սուքիասյանի քաղաքական ակտիվության ընթացքում նրան պատկանած «Բջնիում» հայտնաբերվեցին խախտումներ, որի արդյունքում ընկերությունը բաժին հասավ «Հարսնաքարի» հերոս Ռուբեն Հայրապետյանին։

Կամ՝ կառավարությունը խոստանում է. «Օտարերկրյա հայտնի ընկերությունների ներգրավումը Հայաստան լինելու է մեր առաջնահերթություններից»։ Այս դրույթն էլ պիտի ապահովի էկնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նա օտարերկրյա մեծ ներդրողներին Հայաստան ներգրավելու մեծ փորձ ունի։ «Ջեներալ մոթորսի» հետ նրա բանակցությունների արդյունքում ամերիկյան ավտոմեքենաշինության հսկան որոշեց վերջնականապես մոռանալ Հայաստանի ճամփան։

Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ում հստակ արձանագրեց. «Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական: …Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից»։ Ստվերի դեմ պայքարը, իհարկե, պիտի տանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, հուսանք, որ հաջողակ ընտանեկան բիզնես ունեցող հարկայինի նախկին պետը «բարեփոխումներն» սկսելու է իրենից։

Մեկ կարեւոր քայլ եւս, որ այս կառավարությունը պետք է անի։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր՝ յուրաքանչյուրի համար»։ Արժանապատիվ կյանքի ապահովումն էլ, կարծում եմ, կդրվի էներգետիկայի եւ քաղաքաշինության նախարարների՝ երբեմնի Երեւանի քաղաքապետ եւ գլխավոր ճարտարապետ Երվանդ Զախարյանի եւ Նարեկ Սարգսյանի վրա։ Թեկուզ միայն Հյուսիսային պողոտայով անցնելիս կտեսնենք, թե ինչպիսի արժանապատիվ կյանք են նրանք ապահովել երեւանցիների համար՝ «ոչ արժանապատիվներին» քշելով սեփական տներից։

Եվ վերջապես՝ այս կառավարությունն իրականացնելու է ջրամբարների կառուցման խոշորածավալ ծրագիրը, «որը միտված է Հայաստանի Հանրապետությունում ջրերի կառավարման ռազմավարական խնդիրների լուծմանը»։ Այս կարեւորագույն ծրագիրն անտարակույս իրականացնելու է վարչապետն ինքը։ Հովիկ Աբրահամյանը գոնե գիտե, թե ձկնաբուծության ոչ կանոնակարգված զարգացումն ինչ հետեւանքներ է ունեցել Հայաստանի ջրային պաշարների վրա եւ կաշխատի այնպես անել, որ այլեւս պատասխանատու «գործարարներն» զբաղվեն ձկնաբուծության։

Այժմ հասկացա՞ք, թե ամենափորձառու կադրերով համալրված 13- րդ կառավարությունն ինչու է դատապարտված… հաջողության։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները