Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կարգազանց պատգամավորները կպատժվե՞ն

Կարգազանց պատգամավորները կպատժվե՞ն

Բոլոր գումարումների Ազգային ժողովներում էլ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր գրանցվել են, բայց դրանց վրա հատուկ ուշադրություն է սևեռվել, երբ այդ քվեարկությունները վճռորոշ են եղել: Այդպիսի մի քվեարկություն էր նոր կառավարության ծրագրի քվեարկությունը. 70 կողմ ձայներից 3-ը, ինչպես հետո պարզվեց մամուլի հրապարակումներից, կեղծ էին, քվեարկված՝ բացակա պատգամավորների փոխարեն: Դրանց չլինելու դեպքում ծրագիրը կընդունվեր 67 ձայնով, այսինքն, անհրաժեշտ ձայների նվազագույն քանակությամբ: Ու պատահական չէ, որ այս քվեարկությունից հետո ոչ իշխանական քառյակը հայտարարեց ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը օրենքով լուծելու մտադրության մասին:

Մինչդեռ նույն խնդրին վերաբերող մի օրենսդրական նախաձեռնություն Ազգային ժողովի օրակարգում է դեռ 2013 թվականից: Հեղինակը «Ժառանգության» պատգամավորներն են: Նրանք առաջարկում են բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին համարել կարգազանց` կիրառելով կանոնակարգ-օրենքով սահմանվող կարգապահական միջոցները (զգուշացում, խոսափողի անջատում, խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում մեկ նիստի ընթացքում, հեռացում նիստերի դահլիճից մեկ նիստի ընթացքում, հեռացում դահլիճից` մինչև 6 օր ժամկետով):

Նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր նաև նոր «կարգապահական միջոց». ուրիշի փոխարեն քվեարկության դեպքում հանցագործության մասին հաղորդման ներկայացում իրավապահ մարմիններին: Հենց այս վերջին կետի պատճառով նախագծի քննարկումը հանձնաժողովը նախ մինչև մեկ տարով հետաձգեց, իսկ կառավարությունը դրական եզրակացություն չտվեց` հիմնավորմամբ, որ կարգապահական խախտումը և հանցագործությունը չի կարելի հավասարեցնել: Հեղինակները վերջին առաջարկից հրաժարվեցին, նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց քառօրյայի օրակարգ, բայց կառավարության եզրակացությունը չփոխվեց. գործադիրը պնդում էր, որ կարգապահական խախտման հարցը պետք է քննարկվի էթիկայի հանձնաժողովում և ոչ թե կարգավորվի օրենքով:

Հրայր Թովմասյանը՝ Դավիթ Հարությունյանի փոխարեն

Կառավարության վերջին փոփոխությունները հետաքրքիր կերպով առնչվում են այս օրինագծին. կառավարության ոչ դրական եզրակացությունը Ազգային ժողովում պիտի ներկայացներ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այսօր նա ԱԺ աշխատակազմի ղեկավարն է, որի մի օղակը` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, դրական եզրակացություն էր տվել նախագծին: Իսկ Դավիթ Հարությունյանը, ով տարիներ շարունակ այդ հանձնաժողովի նախագահն էր, այսօր ղեկավարում է կառավարության աշխատակազմը:

Հետաքրքիր է, թե այս փոխատեղումը ինչպե՞ս կանդրադառնա նախագծի հետագա ճակատագրի վրա, երբ այն քննարկվի նիստերի դահլիճում: Իհարկե, և Դավիթ Հարությունյանի, և Հրայր Թովմասյանի այսօրվա պաշտոնները օրենսդրությամբ զբաղվելու իրավասություն չեն ենթադրում, բայց նրանք երկուսն էլ նաև և առաջ հայտնի են իրավական ոլորտի իրենց գիտելիքներով, ու տպավորություն է, թե Դավիթ Հարությունյանին գործադիր տեղափոխելուց հետո իշխանությունը չուզեց, որ ԱԺ-ն մնա առանց իրավաբանի, ու Հրայր Թովմասյանին նշանակեց ԱԺ աշխատակազմի ղեկավար. և աշխատակազմը կղեկավարի, և, եթե հարկ լինի, օրենքների վրա կաշխատի:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները