Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Առաքել Մովսիսյան. ՀՀԿ-ի հերթական կանոնախախտը

Առաքել Մովսիսյան. ՀՀԿ-ի հերթական կանոնախախտը

Ազգային ժողովի «ամենաանկարգ» պատգամավորը, թերևս, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանն է: Այդ նա է ամենից շատ նիստերի ժամանակ անհարկի ռեպլիկներ նետում իր ընդդիմադիր գործընկերների ուղղությամբ ու արժանանում նիստը վարողի նկատողությանը: Պատգամավոր Մովսիսյանը չի խնայում նաև լրագրողներին` լինի ԱԺ միջանցքներում, թե նիստերի դահլիճում: Այսպես, անցած տարեվերջին՝ գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ, նա անպարկեշտ արտահայտություն թույլ տվեց ԱԺ նիստերի դահլիճ մտած 4 լրագրողների հասցեին, (ասել էր` «էս կապիկներին հանեք ստից»), լրագրողները դիմեցին էթիկայի հանձնաժողով, ու Մովսիսյանի հարցը մարտ ամսից էթիկայի հանձնաժողովի օրակարգում էր:

Հունիսի 2-ի նիստում հանձնաժողովը որոշեց, որ վերոհիշյալ արտահայտությամբ Առաքել Մովսիսյանը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները: Դրա համար ԱԺ կանոնակարգ-օրենքը խիստ մեղմ «պատիժ» է սահմանում, համաձայն որի՝ էթիկայի հանձնաժողովի որոշումը պետք է հրապարակվի առաջիկա քառօրյայի ընթացքում: ԱԺ առաջիկա քառօրյան նախատեսված է հունիսի 9-12-ին և, ինչպես պատահում է սովորաբար, Առաքել Մովսիսյանը նորից լինելու է ուշադրության կենտրոնում և նորից` ոչ օրենսդրական գործունեության բերումով:

Կարգազանցի ու կանոնախախտի տարբերությունը

Առաքել Մովսիսյանը երրորդ հանրապետականն է, ով, էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշման համաձայն, խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները: Նրանից առաջ հանձնաժողովը նման որոշումներ է ընդունել նաև Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի վերաբերյալ. Ալեքսանյանի միջադեպը կապված էր ակտիվիստ Վարդգես Գասպարիի, իսկ Սեդրակյանինը՝ լրագրող Մհեր Արշակյանի հետ: Ուշագրավ է, որ այս երկու պատգամավորները մեկ անգամ չէ, որ էթիկայի հետ ունեցած խնդիրների պատճառով հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Դժվար չէ ենթադրել, որ Առաքել Մովսիսյանի համար ևս հանձնաժողովի որոշումը դաս չի լինելու, քանի որ այդ որոշումը հրապարակվելուց բացի այլ բան չի ենթադրում: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշումը հրապարակում է առաջիկա քառօրյայի ընթացքում, ինչից հետո այն տեղադրվում է խորհրդարանի պաշտոնական կայքում, և վերջ:

Իհարկե, ԱԺ-ի կանոնակարգ օրենքի մեկ այլ հոդված կարգազանց պատգամավորին կարգի բերելու համար սահմանում է պատասխանատվության մի շարք եղանակներ, որոնք կարող է կիրառել ԱԺ նախագահը, բայց հետաքրքիր է, որ այդ կարգազանցությունը պետք է գրանցվի միայն ԱԺ նիստերի դահլիճում, նիստի ընթացքում: Այսինքն, Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանը կարգազանց չէին, որովհետև նրանք պատգամավորին ոչ վայել պահվածք էին դրսևորել ոչ թե ԱԺ-ի նիստի ընթացքում, այլ՝ շենքի մերձակայքում և միջանցքում, հետևաբար, նրանք ընդամենը խախտել էին էթիկայի կանոնները, ինչի «պատիժը» անուն-ազգանվան հրապարակումն էր ԱԺ ամբիոնից:

Առաքել Մովսիսյանը, ի տարբերություն վերոհիշյալ երկու պատգամավորների, ոչ միայն էթիկայի կանոն է խախտել, այլև կարգազանցություն է թույլ տվել, քանի որ լրագրողներին վիրավորել էր նիստերի դահլիճում: Նրա նկատմամբ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեր ԱԺ նախագահը, հենց նույն պահին: Արդարացի լինելու համար պետք է արձանագրել, որ ԱԺ նախագահն այդ միջոցները, առավել ճշգրիտ՝ դրանցից ամենամեղմը կիրառել է. նկատողություն արել է: Նկատողությունը, պարզ է, Առաքել Մովսիսյանի վրա չի ազդել: Դժվար չէ ենթադրել, որ մյուս միջոցները ևս (խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, մեկ օրվա նիստերից հեռացում, մինչև 6 օր Աժ նիստերի դահլիճից հեռացոում և այլն), եթե հանկարծ կիրառվեն, չեն ազդելու:

ՀՀԿ-ն փոքարամասնություն է

Էթիկայի հանձնաժողովի 5 անդամներից քանիսն են կողմ քվեարկել Առաքել Մովսիսյանին վերաբերող որոշման ընդունմանը կամ քանիսը` դեմ, չհրապարակվեց. նիստը դռնփակ էր: Բայց դատելով հանձնաժողովում իշխանական և ոչ իշխանական ուժերի հարաբերակցությունից` առավելագույնը կողմ կարող էր քվեարկել հանձնաժողովի անդամներից միայն մեկը` իշխանական ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Զարմանալի է, բայց էթիկայի հանձնաժողովում դեռ պահպանվում է չբալանսավորված վիճակը, որը առաջացավ ՕԵԿ-ի` ընդդիմադիր դառնալուց հետո:

Այսօր հանձնաժողովի 5 անդամներից 3-ը ներկայացնում են ընդդիմությունը` ՀՅԴ, «Ժառանգություն», ՕԵԿ, 1-ը այլընտրանք ԲՀԿ-ից է, 1-ը` ՀՀԿ-ից: ԱԺ կանոնակարգ-օրենքը պահանջում է ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր անդամների հավասար ներկայացվածություն, այսինքն, ՀՀԿ-ն, օրենքի պահանջով, պետք է հանձնաժողովում ունենա 3 անդամ, բայց առայժմ չի շտապում այս համալրումն անել: Մինչդեռ այլ` գազի և հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովների պարագայում պատգամավորները այդ նպատակով փոփոխություններ կատարեցին ԱԺ որոշման նախագծերում:

Այսինքն, առաջիկա քառօրյայում, երբ ԱԺ-ում հրապարակվի էթիկայի հանձնաժողովի որոշումը, Առաքել Մովսիսյանը կարող է ասել, թե այդ որոշումը հանձնաժողովը ընդունել է օրենքի խախտմամբ, ամբողջությամբ չձևավորված կազմով: Նա կարող է ԱԺ ամբիոնից պահանջել, որ հանձնաժողովի որոշումը չեղյալ համարվի: Դրա համար պետք կլինի, որ նա մոտենա ամբիոնին ու ելույթ ունենա` որպես օրենսդրական գործունեությամբ զբաղվող սովորական պատգամավոր: Մի բան, ինչը Մովսիսյանը ոչ մի անգամ չի արել պատգամավոր եղած տասը տարիների ընթացքում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները