Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ռուսերեն՝ անվտանգության դիմաց

Ռուսերեն՝ անվտանգության դիմաց

Կամ անսքող շանտաժի անհամեստ հմայքը

Հունիսի 11- ին ԱԺ-ում Հայ-ռուսական խորհրդարանական ակումբում տեղի ունեցած հանդիպումը աղմկահարույց մեկնաբանությունների առիթ տվեց թե ԱԺ նիստերի դահլիճում, թե մամուլում, սակայն ինձ առավել հետաքրքրում էր ոչ թե ինչպես պահեցին իրենց այդ նիստում մեր ռուս հյուրերը (ռուսական ներկա շովինիզմի հիստերիայի ֆոնին նրանք բավականին քաղաքավարի էին), այլ՝ թե ինչ ասացին։

Հիմնական միտքը, որը տվեց «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, Հայաստանում «Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր Դմիտրի Կիսելյովը, ապա եւ շարունակեցին նրա գործընկերները, այն էր, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է ռուսաց լեզուն՝ անվտանգության դիմաց բանաձեւը։

Իր խոսքում Դ. Կիսելյովը նաեւ անդրադարձավ համաշխարհային նոր մոդելին՝ Եվրասիական տնտեսական միությանը։ «Ես համոզված եմ, որ մեր նախագիծը շատ ավելի հաջողված է, քան ամերիկյանը»,- շեշտեց Կիսելյովը՝ մոռանալով, որ ԱՄՆ, ի տարբերություն Ռուսաստանի, իր ռազմավարական գործընկերների հետ պատերազմի մեջ գտնվող երկրներին զենք, այն էլ հարձակողական, չի վաճառում։ «Ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում... ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին»,- 2013- ի սեպտեմբերի 23- ին ՀԱՊԿ խորհրդի նեղ կազմով հանդիպման ժամանակ հերթական անգամ հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ նշելով մեր ռազմավարական տարբեր գործընկերների ադրբեջանամետ կեցվածքը։  

Այս  հայտարարությունն իր ազդեցությունն ունեցավ, եւ 2014-ի մայիսի 8-ին Աստանայում Ղազախստանի նախագահը այլ հարթակ ման չեկավ՝ հայտարարելու համար, թե Հայաստան-Ադրբեջան ընտրության մեջ ով է իրենց ռազմավարական գործընկերը։ Ահա համաշխարհային այս մոդելի մասին էր Երեւանում խոսում Կիսելյովը՝ Ադրբեջանի կողմից ռուսական օդուժի օգնությամբ Շահումյանը գրավելուց ուղիղ 22 տարի հետո։

Եվրաինտեգրումից Եվրասիական միություն միանգամից անցում կատարած Հայաստանն իր այս արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունը անընդհատ կապում է անվտանգության խնդիրների հետ։ Եվ այնքան շատ է դրա մասին խոսում, որ Ռուսաստանից եկած հյուրերը սկսել են հավատալ, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է, ու դրանից ելնելով էլ սկսել են շանտաժի ենթարկել մեր հասարակությանը եւ շահարկել հասարակական ֆոբիաները։ Իսկ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հայ անդամները, որոնք սիրում են խոսել ազգային գաղափարախոսությունից, հունիսի 11-ին այդ շանտաժի լուռ վկաներն էին, որոնք հարկ չհամարեցին նշել, թե մեր պատմության մեջ ինչ է արժեցել ռուսական անվտանգության երաշխիքը։ Կամ չհիշեցին ոչ վաղ անցյալը, երբ այդ նույն երաշխիքը չփրկեց ոչ Սումգայիթի, ոչ էլ Բաքվի հայությանը։ Ու ստիպված այսքանից հետո մտածում ես. իրո՞ք ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, թե՞ կեղծ հայրենասերներ են ԱԺ- ում մեր ազգային գաղափարախոսները։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները