Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ինչո՞ւ սպառողի հաշվին. հոսանքի թանկացումը ԱԺ լսումներում

Ինչո՞ւ սպառողի հաշվին. հոսանքի թանկացումը ԱԺ լսումներում

Հունիսի 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների թեման էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացումն էր: Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 3-ին սեփական նախաձեռնությամբ սկսել էր էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց և մոտ մեկշաբաթյա ուսումնասիրության արդյունքում հանգել էր այն եզրակացության, որ համակարգում առաջացած մոտ 20 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը փակելու համար անհրաժեշտ է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Խորհրդարանում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատգամավորներին ու շահագրգիռ հասարակական կառույցների ներկայացուցիչներին պարզաբանում էր, թե որքանով է հիմնավորված հանձնաժողովի նման որոշումը:

Թե ինչու է թանկանում հոսանքը

Ռ.Նազարյանն էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով բարձրացնելու առաջարկը խորհրդարանում հիմնավորեց էլեկտրաէներգիա արտադրող և բաշխող ընկերությունների ներկայացրած այն հաշվարկներով, համաձայն որոնց՝ համակարգում մոտ 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք է առաջացել և այն փակելու համար անհրաժեշտ է բարձրացնել սակագինը, հանձնաժողովի հաշվարկով՝ մոտ 4 դրամով: ՀԾԿՀ նախագահն այդքան մեծ ֆինանսական ճեղքվածքի առաջացումը բացատրեց այն հանգամանքով, որ 2013-2014թթ. Հայկական ատոմակայանը վերանորոգումից ու վերալիցքավորմից հետո նախատեսված ժամկետից 88 օր ուշ է վերագործարկվել: Արդյունքում՝ մոտ 300 մլն կվտ պակաս էլեկտրաէներգիա է արտադրվել: Սպառողներին էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այդ պակասը լրացրել է Հրազդանի ՋԷԿ-ից ավելի թանկ էլեկտրաէներգիա գնելու միջոցով, ինչի արդյունքում կրել է շուրջ 5.7 մլրդ դրամի վնաս, որն, ըստ Նազարյանի, սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն պետք է փոխհատուցվի երեք տարվա ընթացքում:

Ֆինանսական խնդիրներ են առաջացել ոչ միայն ՀԷՑ-ում, այլ նաև՝ համակարգի այլ ընկերություններում: Երեւանի ՋԷԿ-ում, մասնավորապես, ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2014-ին ավարտվում է էներգաբլոկի կառուցման նպատակով ներգրավված ճապոնական վարկի մարման արտոնյալ ժամկետը, եւ սկսվում է մայր գումարի մարման փուլը: «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ում լրացուցիչ միջոցներ անհրաժեշտ են շահագործման անվտանգությունը բարձրացնելու, ինչպես նաև կայանի ռեզերվային ինքնավար ջրամատակարարումն ապահովելու համար:

Ռոբերտ Նազարյանը պատգամավորներին նաև տեղեկացրեց, որ ծախսերի մի մասը միանվագ է, և մոտ 20 մլրդ-ից 8.5 մլրդ-ը կփոխհատուցվի արդեն 2015-ին, մնացածը՝ հաջորդ երկու տարվա ընթացքում: Սա արդյո՞ք նշանակում է, որ որոշ ժամանակ անց էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել կամ վերադառնալ նույն մակարդակին։ «Այո, սակագնի նվազում կլինի, եթե, խնդրում եմ եթե-ից հետոին ուշադրություն դարձրեք, մենք չունենանք այլ գործոններով պայմանավորված այլ խնդիրներ։ Մասնավորապես՝ դոլար-դրամ հարաբերակցության փոփոխություն, միջուկային վառելիքի թանկացում և այլն»: Եվ որպես մխիթարություն խոստացավ, որ հաջորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա:

Ապաշնորհ կառավարո՞ւմ, թե՞ գերշահույթ

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները կարծում են, որ էլեկտրաէներգիա արտադրելու ու հատկապես բաշխելու գործում գրեթե մենաշնորհային կարգավիճակ ունեցող ընկերությունները նորմալ աշխատելու պայմաններում դժվար թե ֆինանսական ճեղքվածքի առաջ կանգնեն կամ շահույթ չհետապնդեն: Իսկ եթե դա այդպես է, ուրեմն այդ ընկերությունների կառավարիչները կամ ապաշնորհ են, կամ էլ խոշոր չարաշահումներ են իրականացրել: «Շատ հետաքրքիր բաներ այստեղ բացվեցին, անգամ մի քիչ անսպասելի: Պարզվում է, որ խնդիրն իսկապես մենեջմենթի ձախողումների մեջ է: Պարոն Այվազյանին կարելի է անգամ երախտագիտություն հայտնել այն բանի համար, որ, օրինակ, պարզվեց՝ ատոմակայանը կանգնեցնում են սխալ ժամանակ, ինչը հանգեցնում է կորուստների: Սա սովորական մենեջմենթի ձախողում է, բայց չգիտես ինչու կորուստների ամբողջ բեռը տեղափոխվում է սպառողի ուսերին»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ցանկացած գրագետ կառավարիչ պետք է հաշվարկի հնարավոր ռիսկերը և ունենա քայլերի հաջորդականության հստակ կանխատեսելիություն: «Անթույլատրելի է, որ ոչ ճիշտ կառավարման արդյունքում այդ ճեղքերը պիտի փակի ՀՀ քաղաքացին: Այդ կազմակերպությունները, որ միաբերան հայտարարում են, թե աշխատում են զրո տոկոս շահութաբերությամբ, արդյո՞ք մազոխիստներ են: Որովհետև կա երկու տարբերակ՝ կամ հոգեբանական շեղումներ ունեն, որ համառորեն ու ակտիվ շարունակում են աշխատել, կամ ապաշնորհ և վատ կառավարիչներ են»,- հայտարարեց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ, անհիմն համարելով էլեկտրաէներգիայի թանկացումը, նկատեց, որ այն կարող է սոցիալական բունտ առաջացնել:

Դժգոհ են նաև իշխանականները

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանը լսումների ժամանակ հայտարարեց, թե ոչ մեկին չի կարող գոհացնել այն իրավիճակը, երբ էլեկտրաէներգիայի արտադրության ու բաշխման համակարգում կորուստներն աճում են ու լրացվում սակագնի բարձրացման հաշվին:

Հովհաննես Սահակյանն էլ մտահոգություն հայտնեց, որ ՀԷՑ-ը անհրաժեշտ էլեկտրաէներգիան կարող էր վերցնել Երևանի ՋԷԿ-ից, որտեղ սակագինն ավելի մատչելի է, այլ ոչ թե ավելի թանկ էներգիա արտադրող Հրազդանի ՋԷԿ-ից:
Ռոբերտ Նազարյանի ներկայացմամբ՝ ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կկայացնի մինչև հուլիսի սկիզբը, իսկ թանկացումն ուժի մեջ կմտնի արդեն օգոստոսի 1-ից:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները