Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ-ն՝ եթե ուզենար, հասարակությունը՝ եթե կարողանար

ԱԺ-ն՝ եթե ուզենար, հասարակությունը՝ եթե կարողանար

ԱԺ հունիսի 21-ի արտահերթ նիստում եւ արտահերթ նստաշրջանում խորհրդարանական մեծամասնությունը, արագորեն, համարյա կայծակնային արագությամբ քվեարկեց կառավարության ներկայացրած օրինագծերի օգտին՝ ձեռքի հետ ընդունելով նաեւ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը, որը կառավարությունը փորձել էր համապատասխանեցնել ՍԴ որոշմանը։ Մնում է միայն ենթադրել, որ ԱԺ ոչ իշխանական քառյակը կրկին կդիմի ՍԴ՝ օրինագծի ընդունման կարգի սահմանադրականության հարցով եւ ամիսներ անց Գագիկ Հարությունյանի դատարանն իրեն հատուկ ոճով կփորձի ծափեր կորզել «դավից անտեղյակ, ցավին անտարբեր» «Դեմ եմ»-ից։

Փաստորեն, կառավարությունն ու նրան սատարող մեծամասնությունը ցույց են տալիս, որ ցանկության դեպքում կարելի է րոպեների ընթացքում Հայաստանում «սարեր շարժել»։ Նման գործելաոճ, իհարկե, հունիսի 21-ին առաջին անգամ չէր, որ խորհրդարանը որդեգրում էր (ԱԺ- ն նման արագ տեմպերով ու հապճեպությամբ հաճախ է օրենքներ ընդունել )։ Սակայն շաբաթօրյա արտահերթ նիստն ու արտահերթ նստաշրջանն արտասովոր էին (կամ «էր», որովհետեւ նիստն ու նստաշրջանը մեկ արտահերթ ամբողջություն էին) նրանով, որ ԱԺ մեծամասնությունը միանգամից երեք տասնյակ օրինագիծ ընդունեց,` ընդդիմադիրներին երբեմն թույլ տալով խոսափողներից «վարման կարգի վերաբերյալ» ռեպլիկներ անել։ Դեռ երկու օր առաջ՝ հունիսի 19- ին, ԱԺ-ում (երբ քվորումն ապահովվեց «Ժառանգություն» խմբակցության երբեմնի անդամ Խաչատուր Քոքոբելյանի շնորհիվ) բեկում տեսնող ընդդիմադիրները արտահերթերի այդ շքերթում անզոր էին ինչ-որ բան անել։ Ընդդիմության զայրույթը հասկանալի էր, բայց` ոչ արդարացված։ ԱԺ քառյակի երեք ուժերը այս կամ այն ժամանակ լինելով խորհրդարանական մեծամասնությունում՝ նույն կերպ էին վարվում՝ առաջնորդվելով՝ «քվեարկությունն է որոշում ամեն ինչ» կարգախոսով։

Խորհրդարանական ընդունված այս աշխատաոճի հիմնական մեսիջն ուղղված է նախ եւ առաջ հասարակությանը։ Դա խորհրդարանական մեծամասնությունների անթաքույց արհամարհական վերաբերմունքն է հասարակության եւ նրան հուզող խնդիրների նկատմամբ։ Իհարկե, սրա հիմնական պատճառը Հայաստանում ընտրական ինստիտուտների՝ դե ֆակտո բացակայությունն է. ԱԺ-ն, ըստ էության, ներկայացուցչական մարմին չէ, որ կախված լինի հասարակական կամքից։
Հասարակական կյանքում վերջին շրջանում առաջացող տարբեր քաղաքացիական նախաձեռնություններն արդեն ցույց են տվել, որ իշխանությունը բացարձակապես արհամարհում է նրանց կամքը՝ խիստ լարված պայմաններում երբեմն դիմելով փոքրիկ խորամանկությունների (ինչպես կուտակայինի դեպքում ՍԴ որոշումն էր, Երեւանի ճարտարապետական դեմքի դեպքում՝ Մաշտոցի պողոտան), սակայն իշխանության տակտիկական զիջումները երբեւէ չեն բերում եւ, արդեն կարող ենք ասել, չեն բերելու ռազմավարական փոփոխությունների։

Այն պայմաններում, երբ խորհրդարանական մեծամասնությունն արհամարհում է ժողովրդին, ընդդիմությունը անկարող է ձեւավորել քաղաքական օրակարգ, առաջին պլան են մեղվում հասարակական շարժումները։ Որքան էլ այդ նախաձեռնությունների անդամները նշեն, որ իրենք քաղաքական նպատակներ չեն հետապնդում, նրանց պայքարը, այսպես, թե՝ այնպես քաղաքական է։ Ու քանի դեռ այդ նախաձեռնությունները չեն կարողացել իրենց համար ձեւավորել քաղաքական օրակարգ եւ չեն դրել քաղաքական պահանջներ, մենք ստիպված ենք լինելու ասել. եթե իշխանությունն ուզենար, եթե հասարակությունը կարողանար։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները