Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պայքար սանձարձակության դեմ

Պայքար սանձարձակության դեմ

Երիտասարդությունը ոչ պարտադիր, սակայն պարտադրված շարունակում է պայքարը կուտակային կենսաթոշակների բարեփոխումների, այս անգամ արդեն փոփոխությունների դեմ։ ԱԺ արտահերթ նիստ- նստաշրջանում հապշտապ ընդունված օրինագծի դեմ փնտրում են արդեն վիզուալ պայքարի միջոցներ՝ մտածելով, որ պատկերագիրն ավելի ընկալելի կլինի իշխանության համար։ Նրանք փորձում են Հովիկ Աբրահամյանի կառավարության հասկացնել, որ չեն վստահում Հայաստանի Հանրապետությանն ու իշխանություններին, ուստի չեն պատրաստվում իրենց քրտինքով վաստակած գումարները տալ, «քրտինքով» միլիոնատեր դարձած պաշտոնյաներին։ Որքանով է նրանց տեսակետը արդարացի, այլ հարց է, սակայն պայքարը հասել է մի հանգրվանի, որտեղ բողոքավորները խոսում են իշխանություններին հասկանալի լեզվով։


ԱԺ մոտ մանրադրամների ակցիան, ըստ էության, վիրավորել է կառավարության անդամներին։ Գործադիրի հունիսի 26-ի նիստում Հովիկ Աբրահամյանն ազդարարեց, որ «հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ եւ սադրիչ եղանակներով», նշեց նաև, որ անընդունելի է համարում «ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու եւ ճնշելու փորձերը, ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը»։

Վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարարին ու ոստիկանապետին ուսումնասիրել սանձարձակության դեմ պայքարի միջազգային փորձը։ Փորձելով օգնել հայրենի կառավարության հերթական դարակազմիկ նախաձեռնությանը` առաջարկում եմ նախագծի իմ տարբերակը՝

ՀՀ օրենքը սանձարձակության դեմ պայքարի մասին

ԳԼՈՒԽ 1 Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

ԲՊ. Ազգային արժեքներով առաջնորդվող բարձրաստիճան պաշտոնյա կամ իրավապահ, ով հատուկ բացասական վերաբերմունք ունի գրական հայերենի նկատմամբ, առաջնորդվում է փողոցային «արիստոկրատիայի» վարքի կանոններով: 

Սանձարձակ կամ սանձարձակություն. ԲՊ-ի զարգացումն ապահովող հայրենանվեր գործունեության դեմ ուղղված գործողություն:

Ոչ կոռեկտ արտահայտություններ. գրական հայերենով ձեւակերպված մտքեր, որոնք ըմբռնելի չեն ԲՊ- ին կամ նրա ճաշակով չեն:

Մանրադրամ.
վճարամիջոց, որը վիրավորում է ԲՊ- ի արժանապատվությունը։

ԳԼՈՒԽ 2 Սահմանված պատժամիջոցները

Հոդված 2. ՀՀ այն քաղաքացիները, ովքեր սանձարձակություն թույլ կտան, առաջին անգամ կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Դրանից հետո նրանց համար երկրում կապահովվեն այնպիսի պայմաններ, որոնք կստիպեն բռնել օտար երկրների ճանապարհը՝ երկրում հեղափոխություն թույլ չտալու համար։

Հոդված 3. ԲՊ- ի պարզունակ հայտարարություններին ու փողոցային պահվածքին ի պատասխան հնչած ոչ կոռեկտ հայտարարություններ անողներին՝ առաջին անգամ «դավայ ստուց» անել, երկրորդ անգամի դեպքում՝ պոկել ծնոտը, երրորդ անգամի դեպքում` վարվել կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն։

Հոդված 4. ԲՊ- ի վրա նետված մանրադրամները, որոնց հանրագումարը հավասար չի լինի սոցիալական նպատակային վճարից ակնկալվող տարեկան հասույթին, համարվում են վիրավորական եւ նետողները ենթակա են պատասխանատվության։

ԳԼՈՒԽ 3 Եզրափակիչ դրույթներ

Հոդված 5. Սույն օրենքն ընդունվում է ԱԺ արտահերթ նստաշրջանում միանգամից երեք ընթերցումներով՝ առանց կարդալու։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ընդունվելուց 10 օր առաջ։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները