Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ի՞նչ է արել Էթիկայի հանձնաժողովը

Ի՞նչ է արել Էթիկայի հանձնաժողովը

• 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ձևավորվեց ուշացումով, չնայած դեռ նախորդ նստաշրջանից օրակարգում քննարկման սպասող դիմում կար: Գարնանային նստաշրջանը մեկնարկեց 2014թ. փետրվարի 3-ին, իսկ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը առաջին նիստը հրավիրեց մարտի 17-ին:


• ՀԱԿ-ը շարունակեց բոյկոտել հանձնաժողովի աշխատանքը, ու հանձնաժողովը դարձյալ ղեկավարեց իշխանական ամենամեծ խմբակցության՝ Հանրապետականի ներկայացուցիչը. Դավիթ Հարությունյանին հանձնաժողովում փոխարինեց Հովհաննես Սահակյանը:


• Հանձնաժողովը, ինչպես նախորդ երկու նստաշրջանների ընթացքում, գործեց 5-հոգանոց կազմով, որում, ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալուց հետո, իշխանությունը ներկայացված էր ընդամենը 1 ՀՀԿ-ականով: Ընդդիմություն-ոչ ընդդիմություն հավասարակշռությունը հանձնաժողովում ապահովելու նպատակով իշխանությունը չշտապեց հանձնաժողովի կազմը համալրել ևս երկու ՀՀԿ-ականով: Հիմնավորմամբ, թե ԱԺ կանոնակարգ օրենքը ենթադրում է հանձնաժողովի ձևավորում նստաշրջանի մեկնարկին, որոշվեց համալրումը կատարել աշնանային նստաշրջանի սկզբում:


• Առաջին անգամ էթիկայի հանձնաժողովը դիմում ստացավ պատգմավորից` իրեն իսկ առնչվող խնդրի կապակցությամբ:


5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը հրավիրել է 7 նիստ` քննարկման առարկա ունենալով ընդամենը 3 դիմում. «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ների դիմումը` ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի, լրագրողներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի դիմումը` ընդդեմ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի, և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը, որը վերաբերում էր հենց իրեն՝ Փաշինյանին:


Քննարկված 3 դիմումներից միայն 1-ի դեպքում է հանձնաժողովը որոշել, որ պատգամավորը՝ Առաքել Մովսիսյանը, խախտել է էթիկայի նորմերը՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով քննարկման մասնակիցների ու դիմողների նկատմամբ: Խոսքը 2013 թվականի դեկտեմբերի 13-ին գազային համաձայնագրերի վավերացման ընթացքում գրանցված հայտնի միջադեպի մասին է, երբ Մովսիսյանը, նկատի ունենալով դահլիճ մտած լրագրողներին, գոռացել էր՝ «էս կապիկներին դուրս արեք ըստուց»:


Հանձնաժողովի որոշումը բաժանվեց պատգամավորներին, քանի որ հանձնաժողովի նախագահը հարկ չհամարեց այն ընթերցել ԱԺ ամբիոնից, չնայած ԱԺ կանոնակարգը նման հնարավորություն տալիս էր: Անպատասխան մնաց նաև դիմումատու լրագրողների պահանջը՝ Առաքել Մովսիսյանի՝ իրենցից ներողություն խնդրելու մասին, քանի որ, ըստ որոշման, հանձնաժողովը կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասություն չունի:


3 դիմումներից 2-ի վերաբերյալ հանձնաժողովը ընդունել է դրանց քննությունը կարճելու որոշումներ:


Դրանցից մեկը հանձնաժողովի օրակարգում էր դեռ 2013 թվականի դեկտեմբերից: Այն վերաբերում էր ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին: Ըստ դիմումատուների՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ներ, Բադեյանը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները ու վիրավորել եզդի քաղաքացիներին՝ լրագրողների հետ զրույցում ասելով. «Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականի՞ց ըտենց եք մտածում»:


Հանձնաժողովը ծանոթացել էր թեմային առնչվող մամուլի հրապարակումներին ու եզրակացրել, որ պատգամավոր Բադեյանը վիրավորելու նպատակ կամ մտադրություն չի ունեցել, այսինքն, «նրա հայտնած կարծիքում բացակայում են դիտավորությունը կամ կանխամտածված գործողությունը»: Իսկ վիրավորելու մասով հանձնաժողովը նշել էր, որ վիրավորանքի առկայության կամ դրա բացակայության մասին որոշում կայացնելու իրավասություն չունի:


Երրորդ դիմումի հեղինակը պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Դիմումը վերաբերում էր իր իսկ կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրական խորհուրդը ղեկավարելու հնարավորությանը: Դիմումի քննությունը հանձնաժողովը կարճեց` հիմնավորմամբ, որ պատգամավորի ստեղծագործական կամ գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ եզրակացություն կարող է ներկայացել միայն այն դեպքում, երբ այդ աշխատանքը վճարովի է, իսկ Փաշինյանի աշխատանքը խորհրդում լինելու էր բացառապես ստեղծագործական, անվճար հիմունքներով:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները