Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

5-րդ նստաշրջանի ամփոփում

5-րդ նստաշրջանի ամփոփում

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:

Զեկույցում ներկայացվել են 5-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի և ԱԺ խմբակցությունների գործունեության հիմնական ցուցանիշներն ու ընդհանուր միտումները, նստաշրջանի ընթացքում ընդունված մոտ մեկ տասնյակ օրենքների դիտարկման արդյունքները: Անդրադարձ է կատարվել ԱԺ վերահսկողական գործառույթին, նաև՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին:

Նստաշրջանը թվերով

5-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքներից 136-ի հեղինակը ՀՀ կառավարությունն է, և միայն 7-ինը` ԱԺ պատգամավորները: Օրինաստեղծ աշխատանքում խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը նախորդ նստաշրջանի համեմատ նվազել է: Եթե 4-րդ նստաշրջանի ընթացքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 87/13 էր, ապա 5-րդ նստաշրջանում ` 95/5:

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված 2 արտահերթ նստաշրջանի 9 օրերի ընթացքում խորհրդարանն ավելի շատ օրենք է ընդունել, քան գարնանային ողջ նստաշրջանի 5 ամիսների ընթացքում. 143 օրենքից 77-ն ընդունվել է արտահերթ նստաշրջաններում:

6 տասնյակից ավելի օրինագծեր կառավարությունը համարել է անհետաձգելի, և խորհրդարանն անխտիր բոլորի վերաբերյալ 24-ժամյա ռեժիմով հաջորդ ընթերցումները կազմակերպելու որոշումներ է ընդունել. կառավարությունը որևէ կերպ չի հիմնավորել անհետաձգելի համարելու պատճառները, խորհրդարանը դրանցով չի հետաքրքրվել:

3 տասնյակից ավելի օրինագծեր՝ մի քանի հարյուր էջ ընդհանուր ծավալով, օրենք դառնալու ճանապարհը խորհրդարանում սկսել են հունիսյան արտահերթի առաջին օրը (հունիսի 18) և 4-րդ օրն արդեն դարձել են ընդունված օրենքներ: Ամենավիճահարույց օրենսդրական փաթեթները` կուտակային կենսաթոշակների (11 օրինագիծ) և շրջակա միջավայրի (3 օրինագիծ) մասին, բոլոր 3 ընթերցումներն անցել են ռեկորդային ժամանակահատվածում ՝ մեկ օրում:

Նստաշրջանի ընթացքում ընդունվել է մեկ օրինագիծ, որի տակ ստորագրել են խորհրդարանական բոլոր խմբակցությունները (Ազգային ժողովում գլխավոր դատախազի հաղորդում ներկայացնելու ընթացակարգի մասին), իսկ պատգամավորների նախաձեռնությունների արդյունքում նստաշրջանի ընթացքում ընդունված բոլոր 7 օրենքների հեղինակները հանրապետականներն են` միայնակ կամ այլ խմբակցությունների հետ:

Նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քառյակի հեղինակած ոչ մի օրինագիծ չի ընդունվել: Նիստերի դահլիճում քննարկված և քվեարկությամբ մերժված 5 նախաձեռնություն օրակարգ է ընդգրկվել արտահերթ ընթացակարգով: Քառյակի ավելի քան 2 տասնյակ օրինագիծ գլխադասային հանձնաժողովներում դրական եզրակացություն չի ստացել, օրակարգ չի ընդգրկվել կամ հետաձգվել է:


Էթիկայի հանձնաժողով


5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ էթիկայի ժամանակավոր քննարկել է ընդամենը 3 դիմում: Դրանցից 2-ի վերաբերյալ հանձնաժողովն ընդունել է քննությունը կարճելու մասին որոշումներ և միայն 1-ի դեպքում է որոշել, որ պատգամավորը (Առաքել Մովսիսյան) խախտել է էթիկայի նորմերը: 5-րդ գումարման խորհրդարանի հետ իր գործունեությունը սկսած էթիկայի հանձնաժողովի նկատմամբ հանրային վստահության մակարդակը, ըստ ստացված դիմումների քանակի, աստիճանաբար նվազում է. երկրորդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովն ստացել է 13 դիմում, երրորդ նստաշրջանում` 6, չորրորդում` 2, իսկ հինգերորդում` 3 դիմում:


Ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության

5-րդ գումարման Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Ամենաշատը կողմ են քվեարկել ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Հովհաննես Սահակյանը: Ամենաշատ դեմ քվեարկած օրենսդիրը Նիկոլ Փաշինյանն է, ամենաակտիվը Արծվիկ Մինասյանն է` ՀՅԴ-ից:

5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 65 պատգամավոր, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում՝ 70-ից 36-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 23-ը:

5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում հարցերի ու ելույթների վիճակագրությամբ ամենաբարձր ցուցանիշն արձանագրել է ՀՀԿ խմբակցությունը (225 հարց ու ելույթ), ամենացածրը «Ժառանգության» արդյունքն է (46 հարց ու ելույթ): Սակայն ակտիվության ցուցանիշը խմբակցությունների պատգամավորների քանակի հետ համադրելիս ստացվում է, որ ԱԺ երկու մեծ խմբակցությունների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պատգամավորներից յուրաքանչյուրը միջին հաշվով հարց տվել կամ ելույթ ունեցել է 3 անգամ, իսկ փոքրաթիվ խմբակցությունների պատգամավորները՝ մոտ 20 անգամ: Այս տեսանկյունից գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանում ամենապասիվը եղել է ԲՀԿ-ն, իսկ ամենաակտիվը՝ ՀԱԿ-ը:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները