Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սահմանադրական փոփոխություններն ու նախընտրական ծրագրերը

Սահմանադրական փոփոխություններն ու նախընտրական ծրագրերը

Իշխանության չիրականացված ծրագրային դրույթների մասին ընդդիմադիր քաղաքական ուժերը խոսում են սովորաբար ընտրություններից առաջ. սա բխում է նախընտրական շրջանի տրամաբանությունից: Մինչդեռ այսօր ոչ իշխանական ուժերի ուշադրության կենտրոնում ոչ թե իշխանության, այլ միմյանց ծրագրերի չիրականացված դրույթներն են, թեպետ մինչև հերթական ընտրությունները դեռ 2-3 տարի կա:

Պատճառը իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացն է, թեպետ իշխող Հանրապետականի նախընտրական ծրագրում սահմանադրական փոփոխությունների իրականացում չի նախատեսվում: Սա, թերևս, նշանակում է, որ կուսակցությունը տարիների համար չի կարողացել կանխատեսել դրա անհրաժեշտությունը կամ կանխատեսել է, բայց չի կարևորել այնքան, որ դրա մասին գրի նախընտրական ծրագրում:

Ավելին, արդեն հայտնի է, որ նոր սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է երկրի կառավարման խորհրդարանական մոդել, իսկ ՀՀԿ-ականները մինչև բոլորովին վերջերս առիթը բաց չեն թողել հայտարարելու, որ անցումը խորհրդարանական մոդելին այս պահին նպատակահարմար չեն գտնում: Դրա համար նրանք տարբեր հիմնավորումներ են բերել՝ սկսած նրանից, որ Հայաստանում կուսակցությունները կայացած չեն, և վերջացրած նրանով, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում գտնվող երկրի համար ճիշտն ու արդարացվածը կառավարման կիսանախագահական մոդելն է:

Խորհրդարանական համակարգին դեմ արտահայտվելու առիթներ ՀՀԿ-ին տվել են նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերը: ՀՅԴ-ն նախ՝ առանձին(2011թ.), հետո քառյակ կազմող խմբակցությունների հետ(2014թ.) Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել Ընտրական օրենսգիրքը փոփոխելու և 100 % համամասնական ընտրակարգ սահմանելու առաջարկով: Մեծամասնությունը մերժել է՝ հիշեցնելով, որ 100% համամասնական ընտրակարգը ենթադրում է խորհրդարանական համակարգ, ինչը իրենք այս պահին նպատակահարմար չեն գտնում: Մերժել է նաև ՀՅԴ-ի ու «Ժառանգության» 11 կետից կազմված փոփոխությունների փաթեթը, որով նույնպես առաջարկվում էր խորհրդարանական համակարգ և 100% համամասնական ընտրակարգ: Այսօր, փաստորեն, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ իշխանությունը հակասում է մինչև այսօր իր իսկ ասածներին:

Սահմանադրական փոփոխությունների հարցում ծրագրային դրույթների և այսօրվա դիրքորոշումների հակասություն կա նաև ոչ իշխանական ուժերի մոտ:

Օրինակ, դեռ 2007 թվականին գրված և հետո խմբագրված ԲՀԿ նախընտրական ծրագրից պարզ է դառնում, որ ընդամենը 2 տարի առաջ ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու միջոցով նախատեսում էր իշխանության թևերի գործունեության հստակ կանոնակարգում, ժողովրդավարության զարգացում և որ ամենաուշագրավն է. «պետության առջև ծառացած հիմնախնդիրների լիարժեք լուծում»: Այսօր ԲՀԿ-ականները միանգամայն այլ դիրքորոշում ունեն. կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին՝ հայտարարելով, որ այդ փոփոխությունների արդյունքում երկրում որևէ խնդիր չի լուծվի:

«Ժառանգությունը» նախատեսում էր խորհրդարանը դարձնել քաղաքական մարմին և «իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որդեգրել պետական կառավարման խորհրդարանական տիպօրինակ»: Այսօր կուսակցությունը հրաժարվում է իր այս ծրագրային դրույթից՝ պատճառաբանությամբ, որ երկրում առկա է ոչ թե սահմանադրական, այլ քաղաքական ճգնաժամ:

Թե իրականում ինչ նպատակներով են քաղաքական կուսակցությունները հրաժարվում ընդամենը 2 տարի առաջ իրենց համար կարևորություն ունեցող դրույթներից, քաղաքագետների վերլուծության դաշտում է: Ակնհայտ է սակայն, որ քաղաքական ուժերի համար առանձնակի կարևորություն չունի հարցը, թե ինչ է խոստացել ինքը նախընտրական շրջանում և ինչու է այդպես հեշտորեն հրաժարվում իր տված խոստումից: Հստակ է նաև, որ կուսակցությունները, լինի ընտրություններից առաջ թե հետո, գիտեն՝ ընտրողը, ում տրվել են խոստումները, չի հետևում, թե որքանով են կատարվել խոստումները ու չի պահանջում դրանց իրականացում, ինչը մեկ անգամ ևս հաստատում է, որ նախընտրական ծրագրերը գրվում են ոչ թե կոնկրետ քաղաքականություն իրականացնելու, այլ ընտրություններին մասնակցելու համար, իսկ դրանց կատարման ընթացքին, հարկ եղած դեպքում հետևում են ոչ թե ընտրողները,այլ մրցակից քաղաքական ուժերը:

Ի դեպ, ոչ իշխանական քառյակի ուժերից երկուսը՝ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, սահմանադրական փոփոխությունների հարցում հավատարիմ են մնացել իրենց ծրագրերին. ՀԱԿ-ը դրանց իրականացման անհրաժեշտության մասին ոչինչ չի գրել և այսօր էլ դեմ հանդես գալիս, ՀՅԴ-ն գրել է ու կողմ է սահմանադրական փոփոխությունների իրականացմանը:

ՀՀԿ-ի վերջին կոալիցիոն գործընկերը՝ ՕԵԿ-ը նույնպես սահմանադրական փոփոխություններ չէր ծրագրում: Այսօր էլ դեմ է հանդես գալիս դրանց իրականացմանը, բայց ինչպես քառյակի անդամները, կողմ է 100% համամասնական ընտրակարգին: Ի դեպ, 2011-ին ՕԵԿ-ը դեմ է քվեարկել ՀՅԴ-ի այս փոփոխությունը առաջարկող նախագծին, իսկ 2014-ին, երբ արդեն դուրս էր եկել կոալիցիայից, կողմ է քվեարկել դրան:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները