Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ 6 խմբակցություններից 4-ը դեմ է 2013-ի բյուջեի նախագծին, 2-ը՝ կողմ, իսկ կառավարությունը չի տրվում գայթակղություններին

ԱԺ 6 խմբակցություններից 4-ը  դեմ է 2013-ի բյուջեի նախագծին,  2-ը՝ կողմ, իսկ կառավարությունը չի տրվում գայթակղություններին
ԱԺ 6 խմբակցություններից 4-ը  դեմ է 2013 թվականի բյուջեի նախագծին: Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը պաշտպանում են ԱԺ Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները: Նախ  ԱԺ մշտական հանձնաժողովների, ապա նոյեմբերի 12-15-ի քառօրյա նիստերի  ընթացքում բյուջետային  քննարկումների ավարտին  խմբակցություններն ամփոփեցին  իրենց դիրքորոշումները:  2013-ի բյուջեի նախագիծն արժանացավ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ժառանգության», Հայ Ազգային կոնգրեսի, Հ. Յ. Դաշնակցության,  նաև «Բարգավաճ Հայաստանի» սուր քննադատությանը,  կոալիցիոն երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պաշտպանությանը:

ՀՅԴ:  Խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս ՀՅԴ անդամ  Արծվիկ Մինասյանը խոսեց երկրի առջև ծառացած մարտահրավերներից, ասաց, որ ստվերային տնտեսությունը «չափազանց» բարձր մակարդակի վրա է, կառավարությունն իրականացնում է զսպողական ծախսային քաղաքականություն, արտաքին պարտքն արդյունավետ չի կառավարվում և հայտարարեց, որ Դաշնակցություն խմբակցությունը այս տեսքով դեմ կքվեարկի բյուջեի նախագծին: Որպեսզի դեմ չքվեարկեն, ՀՅԴ-ն կառավարությանը մի շարք առաջարկություններ է ներկայացնում` զբաղվածության մակարդակը հասցնել առնվազն 65 տոկոսի, ներդրումների կշիռը համախառն ներքին արդյունքի նկատմամբ` առնվազն 35 տոկոսի, արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման համար ծախսել 2 մլրդ դրամ, ԼՂՀ-ում տարաբնակեցման հայեցակարգի մշակման և գյուղացուն աջակցություն ցուցաբերելու համար` 10 մլրդ դրամ, 3 և ավելի երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը բազմապատկել` հասցնելով 8,2 մլրդ դրամ և այլն: «Կոչ ենք անում համակ ուշադրությամբ հետևել մեր առաջարկներին և փորձել հնարավորինս իրականացնել դրանք», - դիմելով կառավարությանը` ասաց դաշնակցական պատգամավորը:  

ՀԱԿ:  Բյուջեի նախագծի  երկշաբաթյա քննարկումների ժամանակ կառավարությանը բազմաթիվ հարցեր ուղղած  ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը  հարցերի  շարքը շարունակեց նաև քննարկման վերջին օրը, խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս. «Կարելի՞ է այսպես թեթևամտորեն վերաբերվել բյուջեին», -ԱԺ ամբիոնից հարցրեց  նա` նկատելով, որ գլխավոր ֆինանսական փաստաթուղթը խորհրդարանականներին ներկայացվել է առանց դոլարի փոխարժեքը նշելու: Նախկին վարչապետին զարմացնում է բյուջեի դեֆիցիտը 3,2-ից 2,6 տոկոսի կրճատելու մոտեցումը («Եթե դեֆիցիտը 3,2-ից իջեցնեինք 2,84 տոկոսի, ապա կստանայինք 10 մլրդ դրամ, որը կարող էինք տրամադրել թոշակների բարձրացմանը»:), աշխատավարձերի քաղաքականությունը («Անցյալ տարվա տվյալներով միջին պետական աշխատավարձը եղել է 92 հազար դրամ, իսկ պետական ֆինանսական ոլորտում՝ 560 հազար դրամ»:) Կառավարությունն, ըստ Բագրատյանի,  գումարներ չի գտնում  թոշակները բարձրացնելու համար, մինչդեռ Դիլիջանում բիզնես կենտրոնի կառուցման նպատակով  12 մլրդ դրամի շինարարություն է նախատեսում: ՀԱԿ-ն, ըստ Բագրատյանի,  այնթույլատրելի է համարում այնպիսի բյուջեի ընդունումը, որը չի բարձրացնելու մարդկանց կենսամակարդակը և առաջընթաց չի ապահովելու : «ՀԱԿ-ը գտնում է, որ այստեղ բյուջե չկա, այսպիսի բյուջե չի կարելի ընդունել, այս բյուջեն ևս մեկ տարի հետ է գցում հանրապետությանը»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը` շեշտելով, որ Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

«Ժառանգություն»:  «2013-ի պետական բյուջեն պաշտպանված չէ ատկատներից», -հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու գլխավոր ֆինանսական փաստաթղթին: Նա տնտեսագիտական հաշվարկներ չարեց, ինչպես նախորդները, փոխարենը խորհրդարանական մեծամասնության ուղղությամբ մի քանի ակնարկ հնչեցրեց. «Այս խորհրդարանում մի հարվածային շերտ կա, որը հիմնականում երիտասարդներից է բաղկացած, բավարար է՝ օրը 10 անգամ շուտասելուկի նման ասի, որ ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղվում, դա կնաշանակի, որ պատգամավոր է»: Այս համատեքստում նա նույն շերտին հիշեցրերց, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում տարբեր գերատեսչություններում բազմաթիվ չարաշահումների մասին է խոսել-հայտարարել ու հավելեց. «Ուրեմն, եթե այդ երիտասարդ պատգամավորների տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ստացվում է՝ հանրապետութան նախագա՞հն է պոպուլիստ, թե՞, այնուամենայնիվ, ընդդիմությունն է այս տարիների ընթացքում ճիշտը ասել»:

ԲՀԿ: Բյուջեի նախագծի քննարկումները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար պարզել են` հաջորդ տարվա բյուջեն ժողովրդի կենսամակարդակի բարձրացման խնդիր չի լուծելու: Ըստ ԲՀԿ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ՝  աղքատության դեմ հռչակված «սրբազան պատերազմը հերթական անգամ մնալու է բարոյական պատերազմների տիրույթներում»: «Սա սողալու բյուջե է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ բարձր է գնահատում ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, և մենք կողմ չենք քվեարկելու մի բյուջեի, որը ստիպելու է ՀՀ քաղաքացուն սողալ, որի արդյունքում մեծանալու է արտագաղթը», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ՕԵԿ: Կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» խմբակցությունը, ինչպես հայտարարեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, կողմ է քվեարկելու խորհրդարանին ներկայացված 2013 թվականի բյուջեի նախագծին, «քանի որ այն ոչ միայն գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն է, այլ նաև քաղաքական փաստաթուղթ է»:  

ՀՀԿ: Բյուջեի նախագծին, ինչպես ենթադրվում է, կողմ կքվեարկի Հանրապետական խմբակցությունը. խմբակցության տեսակետը ներկայացնելիս ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը նախ պատասխանեց իրենց քաղաքական ընդդիմախոսներին, այնուհետև բացատրեց կառավարության ներկայացրած նախագծի էությունը: «Բյուջետային քննարկումների ժամանակ երբեմն թվում էր, թե աշխարհի բոլոր հիմնախնդիրները, ցանկությունները և երազանքները հենց հիմա, այս պահին պետք է լուծվեն, և շատ դեպքերում էլ կիրառվում էր մեկ վարքագիծ՝ չտեսնել ակնհայտը և հերքել բացարձակ փաստերը»,- հայտարարեց Նաղդալյանը: Նա համոզված է` անտրամաբանական է մտածել, թե ինչ-որ մեկը խորհրդարանում դեմ է աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացմանը. «Հակառակը, կարող էինք հենց այսօր բարձրացնել աշխատավարձերը և դրանով հսկայածավալ ընտրազանգված գրավել: Բայց մենք չենք ուզում կորցնել երկիրը, շեղվել տնտեսության զարգացման ուղուց: Մեզ համար առաջնահերթ են տնտեսության կայունությունը և զարգացումը, և ոչ թե պահի թելադրանքով լուծումները»:

Երկրի ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկումների վերջին ակորդը տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա մատնանշեց հաջորդ տարվա կառավարության թիվ մեկ անելիքը` ժողովրդին և պետությանը զերծ պահել ցնցումներից և արտաքին ռիսկերից: Ըստ վարչապետի՝ սա է  պատճառը, որ կառավարությունը խորհրդարանին է ներկայացնում հավասարակշռված և իրատեսական բյուջե: «Շատ մեծ է գայթակղությունն ընտրություններից առաջ Ազգային ժողովին ներկայացնել մի բյուջե, որը կնախատեսեր աշխատավարձերի, սոցիալական նպաստների, թոշակների կտրուկ ավելացում: Բայց մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, քանի որ պատասխանատվության բարձր աստիճան ենք զգում և մեր գերխնդիրն է լինելու երկիրը զերծ պահել ավելորդ վտանգներից: Իհարկե, մեր հանրության մեջ կան արդարացի դժգոհություններ, մենք երբևէ հավակնություն չենք ունեցել ձեզ ներկայացնել բացարձակ ճշմարտություններ և մշտապես պատրաստ ենք այդ հիմքի վրա երկխոսության», -Աժ-ում հայտարարեց գործադիրի ղեկավարը` նկատելով, որ պատգամավորների ներկայացրած 60 առաջարկությունների մի մասը կընդունվեն: Բյուջեի նախագծի քննարկումներից հետո պատգամավորներին տրվում է 24 ժամ նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար, իսկ  բյուջետային  քննարկումներն ընդհատվում են առնվազն  չորս օրով: Ըստ ԱԺ կանոնակարգի 84-րդ հոդվածի՝ բյուջետային քննարկումների վերսկսումից առնվազն 24 ժամ առաջ կառավարությունը խորհրդարանին է ներկայացնում բյուջեի վերջնական տարբերակը, որից հետո այն կրկին դրվում է քննարկման;Նույն հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն երկու տարբերակ ունի. բյուջեի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք, կամ բյուջեի հաստատման առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը: 

Բյուջե 2013-ի հիմնական ցուցանիշներն ու առանձնահատկությունները

Բյուջե 2013-ի եկամտային մասը, ըստ կառավարության ներկայացրած նախնական տարբերակի,  կկազմի  1 տրիլիոն 31  մլրդ դրամ՝ 2012 թ-ի ցուցանիշից մոտ 13 տոկոսով ավելի: Եկամուտների մեջ առյուծի բաժինը ՝ մոտ 96 տոկոսը, ապահովելու են  հարկային եկամուտներն ու պետական տուրքերը:  Հարկեր - ՀՆԱ հարաբերակցության   2013 թվականի ծրագրային մակարդակը  21.8 տոկոս է՝ 2012-ի այդ ցուցանիշից մոտ 1 տոկոսով ավելի: Բյուջե 2013-ի ծախսային ծավալը 1 տրիլիոն  151 մլրդ դրամ է՝ մոտ 10 տոկոսով կամ 107 մլրդ դրամով նախորդ տարվա ցուցանիշից ավելի: Բյուջեի   ծախսերի 42 տոկոսը կառավարությունը նախատեսում է հատկացնել  սոցիալական ոլորտին, 21 տոկոսը` պաշտպանությանը, 14 տոկոսը` տնտեսության ճյուղերին, 4.6 տոկոսը` պետական պարտքի սպասարկմանը: Ավելի ստույգ՝  պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի 52,5 մլրդ դրամ:

« 2013 թվականը մեզ համար սահմանափակ հնարավորությունների տարի է ՝ պայմանավորված նախկինում վերցրած վարկերի մարման գրաֆիկով: Մարումների առումով պիկը հենց 2013 թվականն է, քանի որ  40 մլրդի չափով  վարկային մարումներ ունենք», - խորհրդարանում ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ դրանով պայմանավորելով բյուջեի «խնայողական»  ռեժիմը: 2013-ին կառավարությունը 6.2 տոկոս տնտեսական աճ է ակնկալում՝ 2012-ին սպասվող աճի 7 տոկոսանոց ցուցանիշի փոխարեն, իսկ  գնաճի համար ծրագրում է վերջին տարիներին կրկնվող   4 ±(1,5%) ցուցանիշը:

Ըստ կառավարության ՝  2013 թ. պետական բյուջեն հիմնված է  այն նույն երեք սկզբունքների վրա, որոնց հիմքով կազմվել է նաև կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը՝ տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի եւ արդյունավետ ինստիտուտների զարգացում: Ըստ այս սկզբունքների՝   կառավարությունը թիրախավորել  է իր  4  հիմնական նպատակները՝  տնտեսական աճի պահպանում, սոցիալական քաղաքականության ընդլայնում,  գործարար ու  ներդրումաին միջավայրի բարելավում և  մակրոտնտեսական կայունության ապահովում:

Որակում, որպես այդպիսին, կառավարության կողմից բյուջեն չի ստացել, բայց նշվել է դրա առանձնահակությունը:  «Առաջին անգամ պետական բյուջեն ներկայացվում է «Ծրագրի ռիսկերն ու դրանց առանձնահատկությունները» ֆորմատով: Նախկինում մենք խոսում էինք ռիսկերի ուղղությունների և կանխարգելման միջոցառումների մասին, այս անգամ փորձում ենք թվային գնահատականներ ներկայացնել, թե այդ ռիսկերն ինչպես կարող են դրսևորովել և ինչպես ենք մենք դրանք կառավարելու» (Տ. Սարգսյան): ՀԲ-ի հետ, ըստ Տիգրան Սարգսյանի,  կա պայմանավորվածություն 100 մլն դոլարի ֆինանսկան օժանդակություն ստանալու վերաբերյալ, այն դեպքում, երբ  համաշխարհային տնտեսական  բացասական դրսևորումներն  ազդեն բյուջեի կատարման վրա:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները