Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վերահսկիչ պալատի հերթական բացահայտումները

Վերահսկիչ պալատի հերթական բացահայտումները

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի՝ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը: Պատգամավորներն այն քննարկում են՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու: ՎՊ 2013թ. հաշվետվությունը գարնանային նստաշրջանի ընթացքում չի քննարկվել: Այն ընդգրկված է աշնանային նստաշրջանի մեծ օրակարգում:

Սեպտեմբերի 2-ին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հաշվետվությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Այս շաբաթ այն քննարկվում է ԱԺ մշտական մյուս հանձնաժողովներում: Իսկ թե երբ փաստաթուղթը կներկայացվի նիստերի դահլիճում, կախված է ԱԺ նախագահի որոշումից:

Ուսումնասիրության ուղղությունները

Վերահսկիչ պալատը սովորաբար ուսումնասիրում է պետական բյուջեի միջոցներով իրականացվող գնումների օրինականությունը, բայց այս անգամ փորձել է գնահատել գործող համակարգի արդյունավետությունը: ՎՊ-ն անդրադարձել է գնումների համակարգում առկա խնդիրների և ռիսկերի վերացմանն ուղղված բարեփոխումներին: Այդ շրջանակում առանձնացրել է «իրավական դաշտի կատարելագործում», «էլեկտրոնային գնումների համակարգի ներդրում» և «գնագոյացման մեխանիզմների կատարելագործում» ուղղությունները:

Ըստ հաշվետվության՝ գնումների ոլորտում վիճակը գոհացուցիչ չէ, չնայած ոլորտի օրենսդրությունը միջազգային կառույցների աջակցությամբ պարբերաբար բարեփոխվում է: ՎՊ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ գործարքի շահառու կողմերի գործողություններն օրինական են, բայց գնումը արդյունավետ չէ: Հաշվետվության համաձայն՝ էլեկտրոնային գնումների հատվածային ներդրման արդյունքում գնումների արդյունավետության և թափանցիկության բարձրացման ակնկալիքներն արդարացված չեն: Այդ պատճառով էլ, Եվրոպական հանձնաժողովի կատարած դիտարկումների համաձայն՝ առցանց ծառայությունների բարելավման մակարդակով Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 94-րդ տեղը:

ՎՊ-ն ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզել է, որ «գնումների ժամանակ պատվիրատու գերատեսչությունները խտրական վերաբերմունք ցուցաբերելով`որոշ ընկերությունների թույլ են տալիս կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվում, իսկ որոշ անձինք ստանում են գերշահույթ: Որոշ դեպքերում պետության իրական կարիքները չեն գնահատվում, որի արդյունքում ձեռք բերվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հետագայում որևէ կերպ չի ծառայում իր նպատակին կամ մասնակի է ծառայում»:

Հայտնաբերած խախտումներն ու կոռուպցիոն ռիսկերը ՎՊ-ն բաժանել է մի քանի խմբերի: Առաջինը չարաշահումների այն խումբն է, երբ նույն կազմակերպությունը նույն ապրանքը տարբեր կառույցներին մատակարարել է տարբեր գներով: Օրինակ, «Տիսա» ընկերությունը Դավիթաշենի և Շենգավիթի մանկապարտեզներին շաքարավազը մատակարարել է 490 դրամով, Ավանին` 405, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքների մանկապարտեզներին 406 դրամով: Երկրորդ խմբում կոռուպցիոն այն ռիսկերն են, որոնք թույլ են տալիս ապրանքների գնման պայմանագրերը չկնքել անմիջապես տվյալ ապրանքն արտադրող կամ ներմուծող ընկերության հետ: Օրինակ` Պաշտպանության նախարարությունը 1 կգ-ը 370 դրամով շաքարավազ գնելու համար պայմանագիր է կնքել «Դանին» ընկերության հետ, որն իր հերթին այն 360 դրամով գնել է «Ալեքս գրիգ» ընկերությունից: Արդյունքում՝ ՊՆ-ի հաշվին «Դանին» ընկերությունը մոտ 9,7 մլն դրամ է աշխատել:

30 մլն հղիության նպաստ, աջակցություն Զիմբաբվեից

ՎՊ-ն 2013թ. ուսումնասիրել է պետական կառավարման մի շարք ոլորտներ, մասնավորապես, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության, անշարժ գույքի պետական գրանցման, էներգետիկայի, կրթության, ոստիկանության և այլ ոլորտները: Ուսումնասիրությունները բոլոր ոլորտներում պետական միջոցների ծախսման չարաշահումներ կամ ոչ արդյունավետ դեպքեր են արձանագրել: Օրինակ, պետական միջոցներով դեղորայքի գնման դեպքում արձանագրվել է, որ 2012թ. և 2013-ի առաջին կիսամյակում Առողջապահության նախարարությունը մրցութային կարգով «Նատալի ֆարմ» և «ՄԼՆ ֆարմ» ընկերություններից ձեռք է բերել մոտ 224 հազար սրվակ ինսուլին` յուրաքանչյուր սրվակը 4800 դրամ արժողությամբ: Հետագայում նախարարությունը բանակցային եղանակով ինսուլինը ձեռք է բերել «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից` 1 սրվակը 1345 դրամով: ՎՊ-ն արձանագրել է, որ առողջապահության նախարարությունը 2014թ. միայն ինսուլինի ձեռք բերման ուղղությամբ խնայել է 736 մլն դրամ:

ՎՊ-ն հայտնաբերել է, որ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը 2012 և 2013 թվականների ծրագրով պետք է ստուգումներ անցկացներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, սակայն որևէ ստուգում չի կատարել: Իսկ 01.01.2011-01.11.2013 ժամանակահատվածում արձանագրված խախտումներով մոտ 560 մլն դրամից պետբյուջե է փոխանցվել ընդամենը 286 մլն դրամը: Կամ «Հայկական միրգ» ընկերությունը Հայաստանում ծիրանի, դեղձի և ընկուզենու այգիներ հիմնելու և ծրագրին աջակցելու նպատակով մոտ 462 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Զիմբվաբվեում գրանցված աֆրիկյան «Մաքֆերսոն Քընսալթինգ Գրուպ» ընկերության հետ: Ստուգման պահին մոտ 292 հազար դոլարը փոխանցված է եղել: Իսկ թե ինչ ծառայության դիմաց է այդ գումարը փոխանցվել, առայժմ չի հաջողվել պարզել:

ՎՊ-ն նման ծրագրերը համարել է ռիսկային: Ընդ որում` գյուղատնտեսական այս ծրագրերում մտահոգիչ է գնահատել հատկապես այն, որ դրանք կատարվում են վարկային միջոցներով: Վարկը գյուղատնտեսական ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով միջազգային կառույցներից ստանում է Հայաստանի Հանրապետությունը և բանկերի ու վարկային կազմակերպությունների միջոցով բաշխում ֆերմերներին: ՎՊ-ն եզրակացրել է, որ այդ ոլորտում վարկային գործարքները նպատակին չեն ծառայել:

Չարաշահումներ կամ թերություններ են հայտնաբերվել նաև սոցիալական ոլորտում, հատկապես հղիության կամ անաշխատունակության նպաստների տրամադրման գործընթացում (նպաստները վճարում է ոչ թե գործատուն, այլ ՝ պետությունը): ՎՊ-ն բազմաթիվ դեպքեր է հայտնաբերել, երբ գործատուն հղիության վերջին ամսում պայմանագրային աշխատանքի է ընդունել որևէ հղի կնոջ՝ շատ բարձր աշխատավարձով, կամ հղի կնոջ աշխատավարձը հղիության ընթացքում կտրուկ բարձրացվել է: Ծննդաբերությունից հետո արդեն այդ կինը պետությունից աշխատավարձին համարժեք նպաստ է ստանում: Օրինակ` «Ղ-Տելեկոմ» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30մլն 400 հազար դրամ հղիության և ծննդաբերության նպաստ: Կամ` «Նատալի ֆարմ» ընկերության բժիշկ-կոնսուլտանտին 2013թ. սեպտեմբերին 16 մլն 450 հազար դրամ հղիության և ծննդաբերության նպաստ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները