Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ քառօրյա. 29.09-02.10

ԱԺ քառօրյա. 29.09-02.10

Դատելով ԱԺ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի քառօրյայի օրակարգից` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը փոփոխելու մեծ ցանկություն ունեն հատկապես «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Այս քառօրյայում անդրադարձ եղավ օրենքին վերաբերող 3 օրենսդրական նախաձեռնության, որոնց հեղինակները «Ժառանգության» պատգամավորներն են: Օրակարգ չընդգրկվեց միայն մեկը, որով առաջարկվում էր քառօրյա նիստերը դարձնել եռօրյա և դրանք անցկացնել ոչ թե երեք, այլ երկու շաբաթը մեկ պարբերականությամբ: Օրակարգ ընդգրկված և քննարկված նախագծերից մեկով առաջարկվում է ուղիղ հեռարձակում ապահովել ԱԺ մշտական հանձնաժողովների դռնբաց նիստերի համար, մյուսով` ուրիշի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին համարել կարգազանց ու նրա նկատմամբ կիրառել օրենքով սահմանված կարգապահական միջոցները: Երկու նախագծերին էլ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Օրակարգին չառնչվող, բայց քննարկման ենթակա

Չնայած նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները ՄԱԿ-ի ամբիոնից ուղակել էր «գրողի ծոցը», Հայաստանի Ազգային ժողովում դեռ հայտնի չէ, թե դրանք երբ են դուրս բերվելու օրակարգից: Այս մասին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց ինչպես միշտ` որոշելու է երկրի նախագահը:

Օրակարգին չառնչվող, բայց լայնորեն քննարկվող մյուս հարցը վերաբերում էր Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելուն: Նիկոլ Փաշինյանը ուզում էր հասկանալ` ինչո՞ւ են Սուրեն Խաչատրյանին, ով սպանել է Ավետիք Բուդաղյանին, ում անունը կապվում է քրեական պատմությունների հետ, նորից մարզպետ նշանակել: Նշանակո՞ւմ է, սա, որ իշխանությունը նրան նորից սպանություններ գործելու արտոնագիր է տալիս: Այս հարցը ևս, ըստ Գալուստ Սահակյանի, ԱԺ-ում բարձրացնելը տեղին չէր: «Երբ կարողանաք այնպես անել, որ Ազգային ժողովը իրավական, դատական հարցեր լուծելու իրավասություններ ունենա, այն ժամանակ էլ այդ հարցը կբարձրացնեք»,-պատասխանեց ԱԺ նախագահը:

Օրակարգային, բայց օրակարգ չընդգրկված

Սահմանամերձ համայնքների մասին Նիկոլ Փաշինյանի նախագիծը, որը դրական եզրակացություն չէր ստացել ոչ կառավարությունում, ոչ գլխադասային հանձնաժողովում, քառօրյայի օրակարգ չընդգրկվեց: Գալուստ Սահակյանը բացատրեց, թե հատվածաբար հանդես գալով` ընդհանրական խնդիրներ լուծել չի կարելի: «Հատվածաբար» ասելով` նա նկատի ուներ անկախ պատգամավոր Փաշինյանին, ով նախագծի միակ հեղինակն էր:

Մինչդեռ սահմանամերձ համայնքների վերաբերյալ օրենսդրական փաթեթ ունի նաև կառավարությունը, որն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ԱԺ 6 խմբակցությունների առաջարկությունները: Փաշինյանը բացատրեց. «Ես առաջարկում եմ գազի, էլեկտրոէներգիայի և այլ ծախսերի կրճատում 50%-ով, այսինքն, գումարները անձամբ պետք է տրվեն սահմանային 40 համայնքների գյուղացիներին, մինչդեռ կառավարության նախագծով գումարները տրվում են ոչ թե գյուղացուն, այլ ինստիտուտներին` համայնքներ, ՍՊԸ-ներ, ինչ-որ ծրագրեր»: Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը պաշտպանող հայտարարություններով հանդես եկան Զարուհի Փոստանջյանն ու Հեղինե Բիշարյանը: Բիշարյանը մտահոգված էր. «Ամեն անգամ մենք ենք ընդառաջ գնում ու աջակցում կառավարությանը, այս անգամ էլ թող կառավարությունը մեզ աջակցի,գա և ընդունի պատգամավորի, խորհրդարանի նախագիծը»:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ կառավարությունը չի աջակցել ոչ միայն Փաշինյանին, այլև ՕԵԿ-ին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ խմբակցությունը, կառավարության խորհրդով, չի մասնակցելու ՕԵԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին: ՕԵԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները ստորագրություններ էին հավաքել արտահերթ նիստ հրավիրելու և դրա ընթացքում ԴԱՀԿ-ի կողմից, առանց դատարանի որոշման, քաղաքացիների գույքի և հաշիվների վրա կալանք դնելու խնդիրը քննելու: Արտահերթը հրավիրեց, բայց քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ:

Արտահերթ քննարկումներ, այնուամենայնիվ կլինեն

Քառօրյայի երկրորդ օրը, երկրորդ նիստի ընթացքում քննարկվելու է ՀԱԿ-ի նախագիծը` «Արտակարգ դրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Դրանով առաջարկվում է նախագահին զրկել արտակարգ դրության ժամանակ զինված ուժերին դիմելու հնարավորությունից: Նախագիծը պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել, բայց ընդգրկվել է քառօրյայի օրակարգ, քանի որ ՀԱԿ խմբակցությունը դրա քննարկումը համարել է արտահերթ:

Արտահերթ կարգով, արտահերթ նիստի ընթացքում ընդդիմադիրները նախատեսում են քննարկել նաև շրջանառության հարկի շուրջ ձևավորված խնդիրը: ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունները առաջարկում են փոփոխություն կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում` փորձելով բավարարել վերջին օրերին փոքր և միջին բիզնեսով զբաղվողների դժգոհությունները: Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքով շրջանառության հարկը 3%-ից իջեցվում, դառնում է 1%, փոխարենը խստացվում է փաստաթղթեր ներկայացնելու կարգը:

Ընդդիմադիրներն առաջարկում են հարցը կարգավորել` առևտրականներին հնարավորություն տալով ընտրել`շարունակե՞լ գործել 3% հարկ վճարելով` առանց փաստաթղթավորման, թե՞ վճարել 1% շրջանառության հարկ`ենթարկվելով փաստաթղթեր ներկայացնելու պահանջին: Ընդդիմադիրները, սակայն, վստահ չեն, որ այս դեպքում ևս, ինչպես սովորաբար պատահում է, ՀՀԿ-ն, չգրանցվելով, չի տապալի արտահերթ նիստը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները