Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ոչ իշխանականները սպառնում են ժողովրդական ճնշումով, կառավարությունը` նոր մարտի 1-ով

Ոչ իշխանականները սպառնում են ժողովրդական ճնշումով, կառավարությունը` նոր մարտի 1-ով

Իշխող Հանրապետական կուսակցությունն ու կառավարությունը վերջին օրերին բանակցում էին ոչ իշխանական ուժերի հետ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունից հետո ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հարցի շուրջ: Հիշեցնենք՝ հունիսի 21-ին Ազգային ժողովը, ավելի ստույգ՝ խորհրդարանական մեծամասնությունը 67 «կողմ» 0 «դեմ» և 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության հեղինակած հարկային փաթեթը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից:

Օրենսդրական փոփոխությամբ շրջանառության հարկի դրույքաչափը թեև 3,5 տոկոսից իջեցվել է մինչև 1 տոկոս, բայց միաժամանակ փոքր բիզնեսի համար սահմանել է ողջ ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորելու պարտադիր պահանջ: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնց մեծ մասը տոնավաճառներում առևտուր իրականացնողներ են, դժգոհում են փոփոխություններից: Նրանք պատրաստ են շարունակել վճարել 3,5 տոկոս շրջանառության հարկ, միայն թե ապրանքների ձեռքբերման վերաբերյալ հաշիվ-ապրանքագրեր չներկայացնեն հարկային մարմիններին: Առևտրականները պատճառաբանում են, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ումից ապրանք են ձեռք բերում ու տոնավաճառներում իրացնում, փաստաթղթեր չեն տրամադրում: Հարկային նոր ռեժիմից դժգոհ առևտրականները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության, ԱԺ-ի շենքերի մոտ, նաև՝ Գյումրիում՝ պահանջելով չեղյալ համարել շրջանռությունը պարտադիր փաստաթղթավորելու պահանջը:

Ոչ իշխանական ուժերը լուծում են առաջարկում

ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները սեպտեմբերի 30-ին փորձեցին արտահերթ նիստ հրավիրել՝ խորհրդարանական մեծամասնությանն առաջարկելով քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների իրենց նախագիծը: Առաջարկվում էր տնտեսվարողին ընտրության հնարավորություն տալ՝ շարունակել աշխատել առանց փաստաթղթերի՝ վճարելով 3,5 տոկոս կամ աշխատել փաստաթղթերով`վճարելով 1%: Առաջարկվում էր նաև ՓՄՁ-երի շրջանառության սահմանային շեմը՝ 58,31 միլիոնը, դարձնել 150 միլիոն դրամ, որպեսզի այն սուբյեկտները, ովքեր կաշխատեն փաստաթղթավորմամբ, մնան շրջանառության հարկի ռեժիմում և չհայտնվեն ավելացված արժեքի հարկման դաշտում:

Խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտեց նիստը, արտահերթը չկայացավ: Ոչ իշխանական ուժերն առաջարկեցին այլ ձևաչափով քննարկել հարցն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել: Նրանք ԱԺ նախագահի մոտ խորհրդակցության հրավիրվեցին, որին միացան նաև կառավարության ներկայացուցիչները. նախ՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ապա` վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ-կառավարություն բանակցություններն արդյունք չտվեցին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե կառավարությունն իրենց առաջարկները չի ընդունում: «Պետք է խոստովանեմ, որ բանակցություններն ընթանում են շատ ծանր, կառավարությունը պնդում է իր տեսակետը, մեր առաջարկություններից որևէ մեկը չի ընդունվում»,- ասաց Մ.Մելքումյանը։
«Կառավարությունը միգուցե չի զգում իրավիճակի լրջությունը, բայց դա զգում է Հանրապետական խմբակցությունը»,- իր հերթին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Ա.Մանուկյանը:

Հոկտեմբերի 2-ին կայացած քննարկումից հետո պարզ դարձավ, որ կառավարությունը մտադիր չէ որևէ փոփոխություն կատարել «Շրջանռառության հարկի մասին» օրենքում: Պատգամավորներին միայն ներկայացվեց վարչապետի հանձնարարականն ու ֆինանսների նախարարի հրամանը՝ ուղղված հարկային ծառայություններին: Հանձնարարկանով վարչապետը հորդորում է «ձեռնպահ մնալ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ անհիմն ստուգումներ իրականացնելուց՝ թիրախավորելով խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ պատշաճ հսկողությունը»:

Կառավարությունն անդրդվելի է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ հայտարարել է, որ հարկային նոր ռեժիմի կիրառումը միտված է փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռի թեթևացմանը: Փոփոխություններով կառավարությունը ցանկանում է հարկային դաշտ բերել խոշոր բիզնեսին ու կրճատել տնտեսության ստվերային հատվածը:

Կառավարություն-ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի դիտարկմանը, թե «ձեր բարեփոխումը դառնում է չարեփոխում, մարդիկ չեն ուզում այդ օրենքով աշխատել, ժողովրդի ճնշումը գնալով մեծանալու է, լինելու է լարվածություն, որը, կարծում եմ, ոչ մեկին էլ պետք չէ մեր երկրում», Հ.Աբրահամյանը հայտարարեց. «Մենք բազմաթիվ փաթեթներ ենք բերում ԱԺ, որը սատարում է, թեթևացնում է բեռը, բիզնեսի, տնտեսության զարգացմանն է նպաստում: Հրավիրում ենք, զանգ ենք տալիս ԱԺ նախագահին, առաջարկում ենք, որ ֆրակցիաների հետ հանդիպենք, մեր փաթեթը ներկայացնենք մինչեւ ԱԺ բերելը, եթե պետք է՝ մենք գանք ԱԺ, եթե պետք է՝ կառավարությունում լինի: ԱԺ նախագահն ասում է, որ իրենք ցանկություն չունեն: Բա ձեր ցանկությունն ի՞նչ է, ի՞նչ եք դուք ուզում, որ այս երկրում իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի: Ի՞նչ եք ուզում: Ի՞նչ, երկրորդ Մարտի մեկ եք ուզո՞ւմ այս երկրում ունենալ, ձեր ցանկությունն ի՞նչ է: Մենք ձեզանից չենք խուսափում, առաջարկում ենք ձեզ համատեղ աշխատանք, ասում ենք՝ երբ կլինեն հարցեր, որ մենք սխալ կլինենք, ներողություն կխնդրենք»:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները