Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ աղմուկն ու… ընչազուրկների լռությունը

ԱԺ աղմուկն ու… ընչազուրկների լռությունը

Միայնակ ապրող, ոչ առողջ 58-ամյա ծանոթուհիս տանը խմորագնդեր է պատրաստում եւ հանձնում երկու փոքրիկ կրպակներին 70 դրամով։ Առողջությունը բավարարում է պատրաստել 40 գնդից ոչ ավելի։ Եթե բախտը բերում է եւ նրա ողջ պատրաստածը վաճառվում է, ապա ստացված եկամուտի կեսը ալյուրին, մարգարինին եւ մյուս պարագաներին տալուց հետո, ամսական կարողանում է մինչեւ 42 հազար դրամ վաստակել եւ դրանով ապրել։ Նրա խմորագունդը բավականին հաջող է եւ, որպես կանոն, լավ է սպառվում։ Պատրաստման գաղտնիքը հայտնել է նախկին հարեւանուհին (որը նույն գործով է զբաղվում)՝ տեսելով նրա ծանր վիճակը։ Ծանոթս ստիպված էր վաճառել տունը՝ երիկամի վիրահատության գումարը հայթայթելու նպատակով եւ տեղափոխվել ծայրամասային արվարձանում գտնվող ավելի փոքր բնակարան։ «Շրջանառության հարկի» փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, որը պահանջում է ողջ ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորել, երկու կրպակների տերերն էլ զգուշացրել են, որ շուտով չեն կարողանալու այլեւս նրա պատրաստած ապրանքը վերցնել։

Անցած շաբաթ «Շրջանառույթյան հարկի» շուրջ ԱԺ դահլիճի ներսում, միջանցքներում եւ շենքից դուրս քննարկումներում եւ բողոքի ցույցերում ծանոթուհուս եւ նրա նմանների խոսքը եւ բողոքը չէր հնչում։ Ոչ այն պատճառով, որ լսել էր «Հրազդան» տոնավաճառի տեր եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ հարցը չքաղաքականացնելու եւ «ընդդիմության խելքի հետեւից չընկնելու» կոչը, այլ որ իր ապրանքը հանձնելուց հետո հազիվ կարողանում է գնալ տուն եւ հանգստանալ՝ իր «առողջության» հետ մեն մենակ։

Դրա փոխարեն խորհրդարանում եւ նրա մոտ այս հարկի շուրջ քննարկումները նորանոր երանգներ էին ստանում։ Մեկ ոչ իշխանական ուժերը առաջարկում էին փոքր բիզնեսին հնարավորություն տալ ընտրել կամ նախկին կարգը, կամ՝ նորը, մեկ միջին բիզնեսի ներկայացուցիչների ցանկությանը տուրք տալով առաջարկում էին այս հարկմանն անցնելու շեմը բարձրացնել մինչեւ 100 մլն դրամ, մեկ էլ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ պատգամավորներն էին համոզում, որ այս հարկն իրենց ոչինչ չի տալու։ Թեեւ փաստաթղթավորման պահանջից հետո հասկանում եմ, որ ծանոթիս եւ նրա նման բազմաթիվ այլ քաղաքացիների տեղը հենց մեծ ու միջին բիզնեսն է զբաղեցնելու։

Ինչեւէ՝ շրջանառության հարկի շուրջ քննարկումների ամենալուրջ արդյունքը կառավարության եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների միջեւ անարդյունք հանդիպումն էր։ Իսկ արտահերթ նիստով այն քննարկելու նախաձեռնությունն էլ տապալվեց կառավարություն ձեւավորած ԱԺ մեծամասնության բոյկոտով։ Ի դեպ՝ ՀՀԿ- ն նման երկու բոյկոտ կազմակերպեց անցած շաբաթ՝ ըստ էության արհամարհելով խորհրդարանի նիստին պարտադիր մասնակցելու ՀՀ Սահմանադրության, ԱԺ կանոնակարգի եւ ՄԴ որոշման պահանջը։ Մեծամասնությունը ցույց տվեց, որ հարկ եղած դեպքում ինքը կարող է արհամարհել եւ ՀՀ Սահմանադրությունը, եւ ՀՀ օրենքները՝ տապալելով իշխանության ցանկացած մարմնի գործունեություն։ Մեծամասնությունը արհամարհելով երկրի օրենքները՝ ստեղծում է դրանք իմ ծանոթի նման ընչազուրկների համար։ Օրենքներ, որոնք թույլ չեն տալիս կենսաթոշակ, նպաստ կամ անվճար ստացիոնար բուժում ստանալ ընդազուրկներին։

Նրան միակ հուսադրողը կարող է լինել ուրբաթ օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հավաստիացումը, թե « եթե մի քանի ամիս անց խնդիրներ առաջանան, մեծամասնությունն ինքը փոփոխությունների հարց կբարձրացնի»։ Մնում է միայն, որ միայնակ ապրող, ոչ առողջ 58- ամյա կինը եւ նրա նման բազմաթիվ այլ քաղաքացիներն այս ամիսներին կարողանան ապրուստի միջոց գտնել եւ, ամենակարեւորը՝ առաջիկա ձմռանը չհիվանդանալ։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները