Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Էթիկայի հանձնաժողովը սպասում է դիմումների

Էթիկայի հանձնաժողովը սպասում է դիմումների

Չնայած 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանը արդեն 2 ամիս ընթացքի մեջ է, էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ոչ մի նիստ դեռ չի գումարել՝ դիմում չունենալու պատճառով: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ հանձնաժողովի վերջին նիստը գումարվել է նախորդ նստաշրջանում, հուլիսի 26-ին, այսինքն, այդ նիստը եղել է նախորդ նստաշրջանում գործած էթիկայի հանձնաժողովի վերջին նիստը: Կայքում տեղադրված վերջին նորությունները ևս առնչվում են նախորդ հանձնաժողովին: Դրանք 5-րդ գումարման խորհրդարանի բոլոր նստաշրջանների ընթացքում գործած էթիկայի հանձնաժողովների գործունեության ամփոփումներն են: Տպավորություն է, թե այսօր արդեն հանձնաժողովի նախագահի աթոռին հրաժեշտ տված ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը որոշել է պաշտոնը թողնելուց առաջ մի լավ գործ անել էթիկայի հանձնաժողովի համար՝ ամփոփ ներկայացնելով այն ամենը, ինչ արել է էթիկայի հանձնաժողովը ստեղծման օրվանից՝ 2012 թվականի մայիսի 31-ից մինչև սեպտեմբերի 8-ը՝ նոր հանձնաժողովի կազմավորման օրը:

Էթիկայի նոր հանձնաժողովի կազմը էական փոփոխություն չի կրել: ՀԱԿ-ը դարձյալ հրաժարվել է մասնակցել դրա աշխատանքներին, իսկ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի ներկայացուցիչները հանձնաժողովում չեն փոխվել. Վահան Բաբայան, Աղվան Վարդանյան, Հովհաննես Մարգարյան: Միակ փոփոխությունը հանձնաժողովում կատարել է ՀՀԿ-ն. Հովհաննես Սահակյանի փոխարեն այս նստաշրջանում հանձնաժողովը կղեկավարի Արփինե Հովհաննիսյանը:

Նա երբևէ այս հանձնաժողովում ընդգրկված չի եղել, բայց առանցքային մասնակցություն է ունեցել դրա կազմավորման հարցում՝ փոփոխություններ առաջարկելով ԱԺ կանոնակարգ-օրենքում: Այդ փոփոխությունների արդյունքում սահմանվեց, որ էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունները ունենում են հավասար թվով անդամներ, իսկ այն խմբակցությունը, որը ոչ ընդդիմադիր է և ոչ էլ իշխանական, ունենում է մեկ ներկայացուցիչ: Այսպիսի փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը առաջացավ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն հայտարարեց այլընտրանք դառնալու մասին:

Նոր հանձնաժողովում, սակայն, որը կազմված է 6 անդամից, այս համամասնությունը պահպանված չէ: Նրանում իշխող «Հանրապետականն» ունի ընդամենը 2 անդամ՝ Արփինե Հովհաննիսյան և Սուքիաս Ավետիսյան, մինչդեռ ընդդիմադիրները 3-ն են՝ ՀՅԴ, «Ժառանգություն», ՕԵԿ, և մեկ անդամ՝ այլընտրանք ԲՀԿ-ից: Օրենքը թույլ է տալիս ՀՀԿ-ին խմբակցության կազմը հավասարակշռելու համար այն համալրել ևս մեկ ՀՀԿ-ականով, բայց հանձնաժողովում, ամենայն հավանականությամբ, դրա կարիքը դեռ չկա, քանի որ, ինչպես հաճախ ասել են հանձնաժողովի նախագահները, որոշումներն ու եզրակացությունները այստեղ ընդունվում են կոնսեսուսով:

Հետագայում, կախված քննարկվող դիմումի բովանդակությունից, իշխանությունը կարող է ավելացնել ՀՀԿ-ականների թիվը ևս մեկով, և եթե հարկ լինի՝ այլընտրանք ԲՀԿ-ի օգնությամբ ընդունել կամ մերժել ցանկացած դիմում և եզրակացություն, ինչի օրինակը նախկինում արդեն եղել է, բայց առայժմ գործունեություն ծավալելու և նիստ հրավիրելու համար էթիկայի հանձնաժողովը դիմումների կարիք ունի:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները