Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Օմբուդսմենն աջակցության կարիք ունի

Օմբուդսմենն աջակցության կարիք ունի

ԱԺ հոկտեմբերի 20-ին մեկնարկելիք քառօրյայի ընթացքում խորհրդարանը կշարունակի «2013թ. ՀՀ ՄԻ պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկումը, որը սկսվել ու ընդհատվել է նախորդ քառօրյայի ընթացքում: Զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձել է Հայաստանի բոլոր գերատեսչություններին ու ոլորտներին, ներկայացրել է բազմաթիվ խախտումներ:

Խորհրդարանում ներկայացնելով փաստաթուղթը՝ Կարեն Անդրեասյանը հատուկ անդրադարձ կատարեց գլխավոր դատախազությանը և առողջապահության նախարարությանը, որտեղ, իր ներկայացմամբ, խախտումներն ավելի խորն են: Զեկույցի ներկայացումից հետո՝ հարցուպատասխանի փուլում, թե օմբուդսմենին, թե զեկույցը քննադատեցին իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորները: ՀՀԿ-ականներին դուր չէր եկել Կ.Անդրեասյանի՝ հատկապես գլխավոր դատախազությանն ու պատգամավորներին ուղղված քննադատությունը:

ՄԻ պաշտպանը հայտարարեց, թե «դատախազությունն անթույլատրելի, ուղղակի հակաիրավական ու հակամարդկային ձևով անձնական հարձակումներ է գործում օմբուդսմենի վրա», նկատեց, որ դատախազությունում շարունակվում է քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառումը, մինչդեռ նախորդ զեկույցում տեսախցիկների տեղադրման առաջարկ է արվել ու անուշադրության է մատնվել: Կամ`ՀՀ օրենսդրության մեջ ամրագրված չէ «բժշկական սխալ» տերմինը: Անդրեասյանի կարծիքով՝ եթե այն ամրագրված լիներ, ապա բժշկական սխալի պատճառով մարդկային կյանքերի կորուստները կնվազեն:

Կարեն Անդրեասյանը պատգամավորներին գրեթե մեղադրեց անգործության մեջ. մտահոգություն հայտնեց, որ ԱԺ-ում այս հարցերի վերաբերյալ հարցադրումներ չեն հնչում, օրենսդրական փոփոխություններ չեն նախաձեռնվում: «Մենք ունենք մի խնդիր, որի մասին մեզ հաճախ հարցնում են քաղաքացիները՝ դուք գրում եք զեկույցներ, դուք անում եք հայտարարություններ եւ ո՞րն է դրա իմաստը: Եթե պետական առանձին կառույցներ ձեզ կոպտորեն հակադարձում են, եթե պետական մարմինները չեն կատարում ձեր խորհուրդները, ապա էլ ինչ իմաստ կամ արժեք ունի ՄԻՊ-ի զեկույցը կամ հայտարարությունը»,- հայտարարեց Կ.Անդրեասյանը:

ՄԻ պաշտպանի այս և մյուս դիտարկումները դուր չեկան ՀՀԿ-ական պատգամավորներին: Նրանք Կ.Անդրեասյանին հիշեցրեցին, որ նա եղել է խորհրդարանական մեծամասնության թեկնածուն և ընտրվել է նրա կողմից: Օմբուդսմենի և գլխավոր դատախազի համակուրսեցի, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց. «Ձեր պատկերացումները վերջին ատյանի ճշմարտությունները չեն, իսկ վերջին մեկ-երկու հարցի պատասխանից դուրս եկավ, որ մենք Ձեզ պետք է պաշտպանենք։ Դուք ՄԻ պաշտպանն եք, Դուք պետք է մարդկանց իրավունքները պաշտպանեք, բայց, փաստորեն, դուրս է գալիս, որ մենք Ձեզ պետք է որոշակի մարմիններից, անձանցից պաշտպանենք։ Մենք Ձեզ ընտրել ենք, ձեր աշխատանքը պետք է քննադատենք»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ անդրադառնալով գլխավոր դատախազության կողմից պաշտպանի վրա հարձակմանը` ավելացրեց. «Դա զավեշտալի է, որովհետեւ ես նման բան չեմ լսել»:

Հատկանշական է, որ օմբուդսմենին պաշտպանեցին ընդդիմադիր պատգամավորները: Նրանք նաև օգտակար ու իրականությունը արտացոլող համարեցին ՄԻՊ-ի զեկույցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, արձագանքելով պաշտպանի հորդորին, հայտարարեց. «Մենք պատրաստ ենք Ձեզ օժանդակել եւ աջակցել բոլոր այն հարցերում, որտեղ քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիր կա: Եվ պիտի խնդրեմ, որպեսզի հանձնարարեք ձեր վարչություններից մեկին, որ ինձ ուղարկեն այն բոլոր կետերը, հարցադրումները, որտեղ Դուք աջակցության անհրաժեշտություն եք տեսնում։ Անձամբ ես եւ իմ գործընկերներն անմիջապես կարձագանքենք, համապատասխան մարմիններին կուղղենք մեր հարցապնդումները»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Կ.Անդրեասյանին հորդորեց պինդ մնալ: «Առաջին անգամ չէ, որ պաշտպանի ինստիտուտի վրա հարձակում է տեղի ունենում։ Տիկին Լարիսա Ալավերդյանի պաշտոնավարման ժամանակ էլ է եղել նման հարձակումներ, Արմեն Հարությունյանի նկատմամբ էլ: Այս դահլիճում բուռն բանավեճ ծավալվեց Ձեր նախորդի զեկույցի վերաբերյալ, կոպիտ արտահայտություններ հնչեցին։ Կարծում եմ՝ կարող եք այս ամենը հաղթահարել»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, թե՝ «ճիշտ տեղում ճիշտ մարդ է նշանակված»: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը օմբուդսմենի հետ համագործակցության դրական օրինակներ հիշեց, իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Կ.Անդրեասյանին հորդորեց չհուսահատվել և չխեղճանալ: «Ես զգացի, որ Դուք խեղճացել եք, նեղն եք ընկել, հուսահատվել եք, բա ըտենց հուսահատված ժողովրդի իրավունքները ո՞նց պիտի պաշտպանեք։ Ես նաեւ քաղաքական մեծամասնության դիրքորոշումն եմ հասկանում, որովհետեւ կարող են քննադատել, ցույց տալ՝ տեսե՛ք, մենք մեր ընտրված պաշտոնյային քննադատում ենք։ Բայց վստահ եմ, եթե Ձեր տեղը կանգնած լիներ քննչական, դատախազական լիազորություններով որեւէ մեկը, այդ հարցերի 70 %-ն ուղղակի չէր հնչի։ Բայց հիմա ինձ մտահոգում է Ձեր հոգեվիճակը։ Դուք նեղն եք ընկել, հուսահատվել եք, դժգոհում եք, ո՞ւմ եք բողոքում։ Դուք ինքներդ պիտի պաշտպանեք, պատգամավորն ի՞նչ պիտի անի, Դուք ավելի մեծ մանդատ ունեք»,- հարցրեց Գ.Ջհանգիրյանը։

Կ.Անդրեասյանը վստահեցրեց, որ հուսահատված չէ և որ հուսահատվածներն արտագաղթում են: «Իսկ ես եկել եմ ԱԺ և ասում եմ, որ, այո՛, ինստիտուտն էլ կարիք ունի աջակցության ու զորակցության, դա նույնիսկ անձնական կարծիք չէ, այլ օրենսդրության տառացի մեկնաբանություն. ինձ տրված չէ կառավարության որեւէ մարմնին որեւէ բան հարկադրելու գործառույթ»:

ՄԻՊ 2013թ. տարեկան զեկույցը բավական ծավալուն է՝ բաղկացած է 434 էջից: Զեկույցում մարդու իրավունքների խախտումներն ու առկա իրավիճակը ներկայացված են ըստ գերատեսչությունների և ըստ իրավունքների: Օմբուդսմենն ընդհանուր առմամբ 204 համակարգային խնդիր է նշում, որոնց մի մասը նոր են, մյուսները տարիներ շարունակ մնում են չլուծված: Ըստ Անդրեասյանի՝ դրանցից ընդամենը 10-ն են ընդունվել պատկան մարմինների կողմից, իսկ ամենամեծ թվով խախտումներն արձանագրվել են դատախազությունում: Ըստ օմբուդսմենի՝ 2013թ. իրավապահ մարմիններում արձանագրվել է բռնության 365 դեպք, քրեական գործ հարուցվել է միայն 12-ի դեպքում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները