Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պատգամավորները հանուն իշխանությա՞ն, թե՞ հանուն հայրենիքի

Պատգամավորները հանուն իշխանությա՞ն, թե՞ հանուն հայրենիքի

«Բռնության սրացումը ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» ոչ հաճո վերնագրով հայ պատվիրակների համար ոչ հաճո մարդու կողմից ԵԽԽՎ համար գրվելիք զեկույցը կրկին բարձրացրեց եվրոպական այս կառույցում մեր պատվիրակության գործունեության արդյունավետության խնդիրը։ Մինչ այս էլ ղարաբաղյան խնդրով տարբեր ձախողումները ԵԽԽՎ հայ պատվիրակները բացատրում էին իրենց եվրոպացի գործընկերների՝ ձկնկիթի նկատմամբ սիրով։ «Ադրբեջանական նավթադոլարներ» սիրող «խավիարակերների» մասին հայտարարություններն այնքան շատ ենք լսել մեր պատվիրակների շուրթերից, որ արդեն սովորական են։ Այնքան սովորական, որ Ստրասբուրգից վերադարձած պատգամավորներն ավանդական մամուլի ասուլիսն այս անգամ այնքան ուշացրեցին, որ մի պահ մտածում էինք, որ նրանց նպատակն է մոռացության տալ ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի հերթական հաջողությունը Ստրասբուրգում։

Սակայն ինչքան էլ խոսենք «խավիարակեր» ու «նավթադոլար» եզրույթների մասին, պիտի հիշենք, որ ԵԽԽՎ- ում, այսպես ասենք, քաղաքական կոռուպցիայի մասին մեր առաջին պատկերացումներն սկսել ենք կազմել այդ տարիներին հայ միակ ընդդիմադիր պատգամավորի՝ Զարուհի Փոստանջյանի այն հավաստիացումներով, թե եվրապատգամավորները նաեւ կոնյակախումներ են եւ ունեն գեղարվեստական նուրբ հոգի։ «Ես ինքս էլ եմ ականատես եղել: 30 արկղ էր՝ հսկայական, նրանք տանում էին: Խմիչք էր, թե ինչ էր, ես չեմ կարող ասել, որովհետեւ նրանց վրա պիտակ էին փակցնում, որ այդ արկղերի մեջ գտնվում են այնպիսի ապրանքներ, որոնք կարող են ջարդվել: Եւ խոսում էին, որ դրանք նկարներ են»,- 2009 թ. հունիսի 29- ին ԵԽԽՎ հերթական նստաշրջանից վերադառնալուց հետո հայտարարել էր նա։

«Ժառանգության» պատգամավորի խոսքերին սկսում էիր հավատալ, երբ տեսնում էիր, թե ինչպես է եվրոպական այս կառույցը համակերպվում Հայաստանում քաղբանտարկյալների գոյությանը։ «Ես չեմ օգտագործում քաղբանտարկյալ եզրը, քանի որ մարդու իրավունքների միջազգային ակտերում այդ եզրին հղում չի արվում»,- 2011 թ. հունվարին հայտարարում էր Հայաստանի հարցով զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ջոն Պրեսկոտը։ Եվ ստացվում էր, որ ԵԽԽՎ չափանիշերով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ալեքսանդր Սոլժենիցինը կամ Անդրեյ Սախարովը ոչ թե այախոհներ էին, այլ՝ քրեական հանցագործներ։

Այսօր արդեն մեկ այլ բրիտանացի պատգամավոր՝ Ռոբերտ Վալտերը պետք է զեկույց կազմի «Բռնության սրացումը ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» թեմայով։ Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ այս բրիտանացին նույնքան ադրբեջանամետ է, որքան հայամետ էր նախկին բրիտանացին՝ Ջոն Պրեսկոտը։ Այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք քաղաքական որոշակի խնդրի հետ, որը լուծելու համար են նաեւ իշխանությունները։

Դեռ մի քանի տարի առաջ մենք տեսել ենք, թե ինչպես պաշտոնական Երեւանը, երբ խնդիրը վերաբերում էր իշխանության հարցին, կարողացավ համախմբել իշխանության ողջ ներուժը՝ խնդիրը լուծելու համար։ Ուստի հարց է՝ ինչո՞ւ նույնը չի անում, երբ խնդիրը վերաբերում է Հայաստանին կամ Արցախին, ինչո՞ւ այսօր Հայաստանի պատվիրակության ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ պատվիրակները չեն օգտագործում այն լծակները, որոնք օգտագործեցին Երեւանի կենտրոնում 10 մարդու սպանությունը մոռացության տալու համար, առավել եւս որ այս անգամ ՀԱԿ- ն ու «Ժառանգությունը» նրանց խանգարելու որեւէ մտադրություն չունեն։ Ինչո՞ւ նրանք չեն գործում հանուն Հայաստանի, հանուն Հայրենիքի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները