Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մեծամասնականների մասին՝ տեղերից

Մեծամասնականների մասին՝ տեղերից

5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ նստաշրջանների ընթացքում «Մանդատ» ՀԿ-ն 3 մարզային այցելություն է կատարել: Կազմակերպության անդամները եղել են Շիրակի, Արմավիրի և Սյունիքի մարզերի Գյումրի, Արմավիր և Գորիս քաղաքներում, ներկայացրել նախորդ՝ 5-րդ նստաշրջանի աշխատանքները ամփոփող զեկույցը, հանդիպումների մասնակիցներին ծանոթացրել ParliamentMonitoring.am-ի հնարավորություններին:

3 մարզերը միասին ընդգրկում են 9 ընտրատարածք. 4-ը՝ Շիրակի մարզում, 3-ը՝ Արմավիրում, 2-ը՝ Սյունիքում: 9 ընտրատարածքը նշանակում է մեծամասնական ընտրակարգով ընտրված 9 պատգամավոր, որոնցից ոչ մեկին, սակայն, մեր հանդիպումների ընթացքում չտեսանք: Մեր չտեսնելը՝ ոչինչ. այսպես թե այնպես, քառօրյաների ժամանակ մենք նրանց տեսնում ենք, բայց նրանց տեսնել ուզում էին ընտրողները՝ հատկապես parliamentmonitoring.am վիճակագրությանը ծանոթանալուց հետո:

Այս 9 պատգամավորներից 7-ը ՀՀԿ-ականներ են, ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության՝ օրենսդրական գործունեության գրեթե նույն պատկերով: Նրանք (Աշոտ Աղաբաբյան, Արման Սահակյան, Հրանտ Գրիգորյան, Սեդրակ Սարոյան, Ալեքսան Պետրոսյան, Արմեն Կարապետյան, Հայկ Գրիգորյան) մասնակցել են Ազգային ժողովի գրեթե բոլոր լիագումար նիստերին, գրեթե բոլոր օրինագծերին քվեարկել են կողմ, իսկ ձեռնպահ ու դեմ քվեարկություններ կամ չունեն, կամ դրանք վերաբերում են բացառապես փոքրամասնության նախագծերին:
Այս մարզերում ԲՀԿ-ականներին ընտրողների «բախտն էլ չի բերել». 9-ից ԲՀԿ-ական են ընդամենը 2-ը՝ Մարտուն Գրիգորյանն ու Մուշեղ Պետոյանը, որոնց դժվար է համարել ԲՀԿ խմբակցության ակտիվ պատգամավորներից: Թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ Մարտուն Գրիգորյանը մեկն էր այն երկու պատգամավորներից, ում գրասենյակի ներկայացուցիչը արձագանքել էր հանդիպման հրավերին ու ներկա էր քննարկմանը: 2-րդը ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էր, ով թեպետ պատգամավոր է դարձել համամասնական ընտրակարգով, սակայն, ավելորդ չէր համարել օգնականին ուղարկել քննարկմանը. ինչպես պարզ դարձավ քննարկումից հետո՝ ընդամենը ներկա լինելու համար:

Արմավիրում մեծամասնականով ընտրված պատգամավորի ներկայություն ակնկալելն անգամ միամտություն կլիներ: Հրանտ Գրիգորյանը, Ալեքսան Պետրոսյանը և Սեյրան Սարոյանը Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության «չխոսող» պատգամավորներից են. որևէ նախագիծ չեն ներկայացրել, որևէ նախագծի վերաբերյալ հարց չեն տվել ու ելույթ չեն ունեցել: Տարիներ շարունակ ձգվող այս լռությունը աշնանային նստաշրջանում խախտեց Սեյրան Սարոյանը, բայց ոչ թե օրինագծին վերաբերող հարցով, այլ ընդամենը ՀՀԿ-ին ուղղված անկեղծ պոռթկմամբ՝ «եկեք էս անգամ էլ ժողովրդի մասին մտածենք»:

Երբ «Մանդատ» ՀԿ-ն գնացել էր Գորիս, Գորիսից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը Փարիզում էր: Բայց այդ մասին ոչ թե գորիսեցիները տեղեկացրին մեզ, այլ մենք՝ նրանց (այդպես մեզ ասել էր հենց ինքը՝ պատգամավորը, ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում ):

Գորիսի բնակիչներն իրենց պատգամավորին շատ վաղուց չէին տեսել: Ասացին՝ դեռ նրան չընտրած գիտեին, որ երեսը չեն տեսնելու: Սովորաբար հենց այդպես էլ լինում է. ընտրվում են ու մոռանում: Քննարկման մասնակիցներին չզարմացրեց նաև իրենց պատգամավորի աննկատ գործունեությունը Ազգային ժողովում. համատարած կողմ և ընդամենը 3 դեմ, ոչ մի ելույթ և ընդամենը 2 հարց: Նայեցին Parliamentmonitoring.am-ի տվյալներին ու հաստատեցին. «Հա, մեր Հայկը էդպես համեստ տղա է»:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները