Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վ.Բաղդասարյան. Ես պարզապես մտորում էի

Վ.Բաղդասարյան. Ես պարզապես մտորում էի

Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

-Դատելով Ազգային ժողովի վերջին քառօրյայի մթնլորոտից` տպավորություն է, թե խորհրդարանում երբեք այսքան լարված չեն եղել ընդդիմության և իշխանության հարաբերությունները: Դուք եղել եք Աժ գրեթե բոլոր գումարումներում. ինչո՞վ եք բացատրում այսօր խորհրդարանում առկա մեծ լարվածությունը:

-Ես ավելի լարված իրավիճակների եմ ականատես եղել: Այսօր, ընդհակառակը, լարումների հետ միասին կան նաև ընդդիմություն-իշխանություն բանակցություններ, միասնական օրենսդրական նախաձեռնություններ: Ինչ վերաբերում է կոնկրետ նախորդ քառօրյային, ապա բոլոր ժամանակներում էլ, երբ եղել են միտինգային տրամադրություններ, դրանց միշտ լարվածություն է նախորդել:

-Բայց անցած քառօրյայի լարումների կիզակետում Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանն էին, ովքեր միտինգներին չեն մասնակցում:

-Հայտնի խոսք կա. երբ երկու կողմերը վիճում են, շահում է երրորդ կողմը: Քաղաքականության մեջ էլ այդպիսի իրավիճակը բացառված չէ: Եվ Փոստանջյանը, և Փաշինյանը պատահական գործիչներ չեն, ավելին, բավական լուրջ քաղաքական գործիչներ են ու մտածում են, որ իրենց նպատակները կարող են իրականացնել նաև այսպիսի ճանապարհով: Իսկ լարվածության պահով հիշեցնեմ 96 թվականը. այն, ինչ կատարվեց այդ ժամանակ խորհրդարանում, դարձյալ ուղեկցվում էր միտինգներով:

-Դուք կարծում եք այսօրվա և 96-ի իրավիճակների միջև զուգահեռները շա՞տ են:

-96-ը հետընտրական զարգացումների արդյունք էր, իսկ այսօր մինչև ընտրությունները դեռ 3-4 տարի կա: Զուգահեռներ կան միտինգային տրամադրությունների առումով: Բացի դա՝ այն ժամանակ էլ իշխանության պայքար էր: Հետընտրական վիճակ էր, բայց նրանք էլ ցանկանում էին պահպանել իրենց տեղը: Այն ժամանակ հիմքեր կային:

-Իսկ այսօ՞ր:

Այսօր անհիմն է: Մարդիկ ուղղակի աթոռ են ուզում ու բաց չեն թողնում նաև ԱԺ-ի ամբիոնը օգտագործելու առիթը: Դրա համար նրանց պետք են կոնֆլիկտներ, իրարանցումներ: Եթե մենք տոն տանք այդ կոնֆլիկտներին, դրանք կլինեն:

-Բայց անցած քառօրյայում հենց այդպես էլ եղավ. տոն տվեցիք:

-Իսկ ո՞վ սկսեց առաջինը:

-Դա կարևո՞ր է:

-Այսինքն, մտածում եք, թե նրանք կարող են ամեն ինչ ասել, պետության երեսին ցեխ շպրտել, առաջին դեմքերին պետության դավաճան համարել, մենք էլ սպասենք, թե ինչ են ասո՞ւմ: Եթե լռում ես, կարող են մտածել, թե համաձայն ես:

-Դրա՞ համար հայտարարեցիք, թե ելույթներից նավթադոլարների հոտ է գալիս:

-Պետության վրա ցեխ շպրտող ելույթներից ես, այո, այդպիսի հոտ եմ առնում:

-Բայց Ձեր ասածը կարող է նաև զրպարտություն դիտվել:

-Ո՞ւմ հասցեին, անուններ տրվե՞լ են: Ես մտորում էի պարզապես:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները