Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հանրահավաքի ուրվականը

Հանրահավաքի ուրվականը

Մի ուրվական էր շրջում ԱԺ հերթական քառօրյայում։ Դա ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 24-ին սպասվող հանրահավաքի ուրվականն էր։ Քաղաքական կոշտ, բուռն բանավեճի համար նաեւ բարենպաստ միջավայր էին ստեղծել քննարկվող երկու հարցերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը եւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը։

Ներկա իշխանության 20-ամյա գործունեության արդյունքում եւ մարդու իրավունքներում, եւ սահմանամերձ գոտիներում այնպիսի խոշոր ավերածություններ են տեղի ունեցել, որ եթե միայն թվարկվեին դրանք, ապա չէր կարող կոշտ բանավեճ չլիներ։ Բարեբախտաբար՝ այս անգամ քաղաքական դիսպուտին չէին մասնակցում խորհրդարանական «ինտելեկտուալները» եւ ոչ մեկի «ծնոտը պոկելու» եւ որեւէ մեկին «ռադ» անելու պահանջ չէր դրվում։ Եվ սա հասկանալի է, քանի որ այս «ինտելեկտուալ» «լավ տղերքը» գիտեն երբ խոսել, ինչ ասել, կամ երբ սուսուփուս փախչել։ Իսկ այսօր իշխանական այս համակարգի հիմնադիրների միջեւ ընթացող հակադրությունում նրանք դեռ չեն կողմնորոշվել, թե ում կողքը պետք է լինել։

Դրա փոխարեն խորհրդարանի քաղաքական ոչ իշխանական հատվածի բուռն գրոհին իշխանական մասը կարողացավ բուռն հակագրոհով պատասխանել, երբեմն նաեւ կոռեկտության կոչ անելով։ Թե ինչ նկատի ունեն իշխանավորները կոռեկտություն ասելով, դժվար է հասկանալ։ Մի բան հասկացա հստակ, երբ խորհրդարանական խոսափողերից ոչ իշխանականները հայտարարում էին Սերժ Սարգսյանի անունը, ԱԺ ղեկավարությունը ցայտնոտի մեջ արագ փորձում էր անջատել խոսափողը։ Դե ինչ, մարդիկ շատ են հարգում իրենց հայրենիքը, սակայն չգիտես ինչու Սերժ Սարգսյանն ու հայրենիքը նրանց մոտ նույնացված է։ Ստացվում է, ճիշտ էր իշխանույունը 2008- ին, երբ ասում էր, որ «հայրենիք» (այս դեպում՝ Սերժ Սարգսյան) բառը մարդկանց հոգեխանգարմունքի մեջ է գցում։

Գուցե սա էր պատճառը, որ արդեն հանրահավաքին Լեւոն Տեր- Պետրոսյանն իր ելույթում «Սերժ Սարգսյան» անունը տվեց այնքան, որքան արտաբերեց «մարգինալ» բառը։ Ինձ թվում էր, թե առաջին նախագահը հերթական համաժողովրդական շարժման համար ամենալուրջ վտանգը տեսնում էր մարգինալներից։ Սա արդեն պատմաբան քաղաքական գործչի անհանգստությունն էր։ Ի վերջո 1995 թ. նա խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀՇ շուրջ ձեւավորեց «Հանրապետություն» դաշինքը՝ այնտեղ հավաքելով այդ շրջանի քաղաքական մարգինալ ուժերին, որոնցից մեկը՝ ՀՀԿ- ն, հետագայում դավաճանելով իրեն (ու ոչ միայն), վերցրեց ու մինչեւ այսօր պահում է իշխանությունը։ Առաջին նախագահի քաղաքական վերլուծություններով ելույթն արդեն չի տեղավորվում այս շարժման մեջ, ուստի հասկանալի էր նրա՝ դրան համապատասխանելու միջոցներ գտնելը՝ անեկդոտների օգնությամբ։

Ինչեւէ՝ հանրահավաքն արձանագրեց, որ այսուհետ ոչ իշխանական ուժերի առաջնորդը ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ, խորհրդարանի նիստերից ամենաշատը բացակայող՝ այսինքն ամենաանպատասխանատու պատգամավորն է՝ Գագիկ Ծառուկյանը (ըստ parliamentmonitoring.am- ի վիճակագրության՝ բացակայությունները կազմում են գրեթե 100 տոկոս)։ «…երեք քաղաքական ուժերս գիտակցում ենք այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք»,- ասաց նա`հիշատակելով այս շարժման ամենամեծ հաղթանակի՝ սահմանադրական փոփոխությունների հետաձգման մասին։

«Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհն էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունն ու անհանդուրժողականությունը»,- ասաց ոչ իշխանական շարժման օլիգարխ առաջնորդը՝ մոռանալով, որ չի կարող լինել քաղաքական մենաշնորհ առանց տնտեսականի։

Ի դեպ՝ 2008 թ. հետո հանրահավաքի հարթակում առաջին անգամ հանդիպեցին 2008- ի ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը եւ 2008- ի մարտի 1- ի արյունահեղության ճարտարապետներից ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք առաջին նախագահը մոտեցավ եւ հարցրեց. «Ինչո՞ւ Վարդան, ինչո՞վ էին մեղավոր հայ 10 երիտասարդները»։

Ներեցեք, մարգինալիս՝ ջղաձգումների համար։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները