Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հովիկ Աբրահամյանի առաջին բյուջեն ու հորդորները պատգամավորներին

Հովիկ Աբրահամյանի առաջին բյուջեն ու հորդորները պատգամավորներին

Եկամուտները՝ 1 տրիլիոն 184 մլրդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 298 մլրդ, դեֆիցիտը՝ 114 մլրդ դրամ, նպատակադրվող տնտեսական աճը՝ 4,1 տոկոս, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 23,24 տոկոս. սրանք 2015թ. Պետական բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներն են: Ընդ որում՝ հարկային եկամուտները և պետական տուրքերը 2015թ. համար ծրագրվել են 1,131 մլրդ դրամի չափով, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի է 34 մլրդ դրամով և կազմում է ընդհանուր եկամուտների 95,5 տոկոսը՝ նախորդ տարվա 96,6 տոկոսի փոխարեն: Բյուջեի դեֆիցիտը լրացվելու է միջազգային կառույցներից, Եվրամիության երկրներից ու այլ պետություններից ստացվող դրամաշնորհների, վարկերի ու այլ միջոցների շնորհիվ:

Առանց ԵՏՄ ազդեցության գնահատման

Հատկանշական է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու պայմանագիրն օրերս ստորագրած և 2015թ. հունվարից այդ կառույցի անդամակցությանը հավակնող Հայաստանը հաջորդ տարվա ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից ու Եվրամիության երկրներից ակնկալում է ստանալ 20 մլն եվրոյի և 37 մլն դոլարի չափով դրամաշնորհներ: Հատկանշական է նաև, որ ԵՏՄ անդամակցության ազդեցությունների կանխատեսումները դեռևս բացակայում են այս բյուջեի նախագծից: Բյուջեն ներկայացնելիս ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պարզաբանեց, որ այդ ազդեցության արտացոլումը նախագծում չկա, քանի որ երբ այն խորհրդարան էր ներկայացվում, Հայաստանը դեռ չէր ստորագրել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Եվ այդ բացը կլրացվի առաջիկա մեկ ամսում:

Առանց կախարդական փայտիկի

Բյուջե 2015-ի նախագիծը խորհրդարանին ներկայացնելով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այն իրատեսական է և ունի հստակ սոցիալական ուղղվածություն. բյուջեի ծախսերի 47,9 տոկոսն ուղղվելու է սոցիալական ոլորտին:
Հ.Աբրահամյանն իր ելույթում նշեց, որ տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրվելու են երկու առանցքային ուղղությունների վրա` գործարար միջավայրի բարելավում, արտահանման զարգացում և հենքային ոլորտների զարգացում:

Վարչապետը խոսեց նաև պետության նկատմամբ գործարարների վստահության ամրապնդման, մասնավոր հատվածի հետ գործընկերային հարաբերությունների կառուցման մասին, խնդրեց փոքր ու միջին բիզնեսի համբերատարությունը. «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, և, եթե խոշոր բիզնեսին հաշվետվելի դարձնելու առանձին քայլեր ոմանք ընկալում են որպես փոքր և միջին ձեռնարկություններին ճնշելու փորձեր, ապա հայցում եմ ձեր համբերատարությունն ու աջակցությունը»:

Ինչ վերաբերում է արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ապա, վարչապետի խոսքով, այս նպատակին միտված միջոցառումներն ուղղված կլինեն տնտեսության մրցունակության բարձրացմանը և համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը: «Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առանցքային շեշտադրում կկատարվի ՀՀ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության քայլերի արդյունավետ իրականացման ապահովման ուղղությամբ»,- հայտարարեց նա:

Առանց քաղաքականացնելու

Հովիկ Աբրահամյանը, ով վարչապետի պաշտոնում առաջին բյուջեն էր ներկայացնում խորհրդարանին, քննարկումների մեկնարկին մի քանի հորդոր ուղղեց պատգամավորներին. «Նախ կխնդրեի նկատի ունենալ ձեր ապագա հարցադրումներում` մենք ծախսելու ենք այնքան, որքան ունենք (ողջամիտ պարտքը ներառյալ), անկախ նրանից, թե ինչի և որքան կարիք ունենք»:

Հ.Աբրահամյանը պատգամավորներին նաև խորհուրդ տվեց իրականությունից չկտրվել, հեռու մնալ պոպուլիզմից և հրապարակի կրքերը դահլիճ չբերել «Երկրում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ: Ունենք բազում կուսակցություններ, ամեն մեկն իր շահերով, իր տեսլականով փորձում է ազդել պետական քաղաքականության վրա: Սա ես նորմալ եմ համարում: Իսկ խնդրանքս այն է, որ զերծ մնանք բյուջեի քննարկման և ընդունման ժամանակ ավելորդ քաղաքականացվածությունից, հրապարակի կրքերը չբերենք այս դահլիճ»,- հորդորեց Հ.Աբրահամյանը:

Խորհրդարանական խմբակցություններն ու պատգամավորները դեռ չեն հասցրել ամբողջությամբ ծանոթանալ բյուջեի նախագծին և վերջնական դիրքորոշումներ առայժմ չունեն: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը parliamentmonitoring.am-ի զրույցում միայն նշեց, որ 2015թ. բյուջեն «զարգացման բյուջե չի կարող լինել՝ հաշվի առնելով ենթադրվող 4 տոկոս տնտեսական աճը»:

ԱԺ հանրապետական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հակառակն է կարծում: Նա գտնում է, որ 4,1 տոկոս տնտեսական աճ կանխատեսող բյուջեն ապահովելու է «զարգացում և համաշխարհային տնտեսական միտումներին համընթաց շեշտադրումներ»: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ կարծում է, որ այն սոցիալական ցնցումներ ապահովող բյուջե է, քանի որ դեռևս չի ներառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ազդեցության կանխատեսումները: Պատգամավորի կարծիքով՝ այդ ազդեցությունը բացասական է լինելու և կարող է ոչ միայն սոցիալական լարվածություն առաջացնել, այլև արտահերթ ընտրությունների պատճառ դառնալ:

2015թ. բյուջեի նախագիծն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվելու է մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ: Դրանից հետո ԱԺ խմբակցություններն ու պատգամավորները կամփոփեն իրենց առաջարկություններն ու կներկայացնեն գործադիրին: Թե դրանց որ մասը ընդունելի կլինի կառավարության համար, պարզ կդառնա լիագումար նիստի ընթացքում քննարկման ժամանակ: Նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահը առաջարկելու է հերթական քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկել «ՀՀ 2015թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները