Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԵՏՄ-ում Ռուսաստանը չի դառնում Հայաստանի հայրիկը, իսկ Ղազախստանը՝ մայրիկը

ԵՏՄ-ում Ռուսաստանը չի դառնում Հայաստանի հայրիկը, իսկ Ղազախստանը՝ մայրիկը

ParliamentMonitoring.am-ի զրուցակիցը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն է:

- Պարոն Սաֆարյան, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման, բյուջեի կատարման վրա:

- Իրավական տեսանկյունից համաձայնագիրը պետք է վավերացվի, որ կարողանանք գնահատականներ տալ: Առանց այդ հիմքի՝ չենք կարող բյուջեի մեջ հաշվարկներ ներառել: Բայց այդ հաշվարկները կատարվում են, և կարծում եմ, որ առավելագույնը մեկ ամսվա ընթացքում դրանք կներկայացվեն:

- Բայց չէ՞ որ մինչև համաձայնագրի ստորագրումը փաստաթղթում առկա պայմաններն ամիսներ շարունակ քննարկվել են կառավարությունում: Դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ հաջորդ տարվա Հայաստանի տնտեսության վրա:

- Ֆինանսական ցուցանիշների առումով վստահաբար դրական ազդեցություն է ունենալու: Ինչո՞ւ: Որովհետև երբ բարձրացնում ենք մաքսատուրքերը, սկզբնական շրջանում դա ներմուծման կառուցվածքի փոփոխության, կրճատման չի բերի այն չափով, որ մեր եկամուտներն անկում ապրեն: Մենք կունենանք եկամուտների ավելացում: Եկամուտների ավելացումը կբերի դրանց ծախսման հնարավորությունների մեծացմանը: Իսկ մենք ինչքան ծախս անենք, դա Համախառն ներքին արդյունքի վրա դրական ազդեցություն կունենա՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ բնույթի ծախսեր են` ընթացի՞կ, թե՞ կապիտալ: Ընթացիկ ծախսերի դեպքում, օրինակ, երբ աշխատավարձեր ենք վճարելու, դա գրեթե մեկը մեկին տնտեսական աճ է ապահովելու:

- Բայց մաքսատուրքերի բարձրացումը նաև գնաճ է բերելու, ինչը բացասական ազդեցություն է:

- Այո: Բայց բյուջեն ի՞նչ է: Եկամուտներ: Եթե եկամուտներն ավելանալու են, դա բերելու է ՀՆԱ-ի աճ: Սա դրական ազդեցությունն է: Գնա՞ճ է լինելու, դա էլ բացասական ազդեցությունն է: Աշխարհում քիչ բան կա, որ միայն դրական բաղադրիչ է ունենում: Ինչ-որ մեկը ձեզ ասե՞լ է, որ միայն դրական ազդեցություն է ունենալու:

- Ստացվում է, որ ԵՏՄ-ին անդամակցելու ազդեցությունը բացասական է լինելու:

- Բացասական կլինի այն ժամանակ, եթե այդ գնաճը բնակչության սոցիալական մակարդակի վրա շատ մեծ ազդեցություն ունենա, և պետությունն այդ լրացուցիչ մուտքերի հաշվին չկարողանա փոխհատուցում իրականացնել: Այս դեպքում, իհարկե, բացասական հաշվեկշիռը մեծ կլինի: Եթե այդ եկամուտները վերցնենք ու բոլորովին այլ բաների վրա ծախսենք, իսկ գնաճն էլ բնակչության սոցիալական մակարդակի վրա բացասական ազդեցություն ունենա, այդ դեպքում որևէ խելամիտ մարդ չի ասի, թե արդյունքը դրական էր: Բայց հաշվեկշռվածությունը պետք է պահվի: Այո, այդ գնաճի ազդեցությունը պետք է մեղմվի: Ամենաաղքատ խավերին պետք է փոխհատուցում տրվի:

- Բայց մաքսատուրքերն առանց ԵՏՄ-ին անդամակցելու էլ կարելի է բարձրացնել և Ձեր նշած աճը՝ եկամուտների ու ՀՆԱ-ի, ապահովել:

- Նախ՝ իրավական տեսանկյունից մենք այնքան էլ ազատ չէինք, որ մաքսատուրքերն ինչքան ցանկանայինք, այդքան բարձրացնեինք: Մենք Համաշխարհային մաքսային միության անդամ էինք և երկու բան կարող էինք անել` սահմանել 10 կամ 0 տոկոս մաքսատուրք: Այնպես չէ, որ եթե ցանկանայինք, կարող էինք 15-20 տոկոս սահմանել: Բայց մաքսատուրքերի շատ բարձրացումն էլ, ինչպես նշեցինք, գնաճի ու բացասական այլ հետևանքների է բերում: Իսկ 2015թ. համար սկզբնական փուլում տեղի կունենա եկամուտների ավելացում և գնաճ:

- Ստացվում է, որ մաքսատուրքերի բարձրացման արդյունքում ձևավորված հավելյալ եկամուտներն ուղղվելու են գնաճի հետևանքների փոխհատուցմանը:

- Չեմ կարծում, որ ամբողջ գումարն է դրան ուղղվելու:

- Իսկ Համաշխարհային մաքսային միության պայմանները չե՞ն հակասելու ԵՏՄ-ում գործող պայմաններին:

- Դրանք դեռևս բանակցելի հարցեր են: Ես այդ քննարկումներին չեմ մասնակցել, տեղյակ չեմ:

- 2015թ. բյուջեի եկամուտներում ներգրավված են նաև միջազգային կառույցներից ու արևմտյան երկրներից ստացվող դրամաշնորհներ կամ վարկեր: Տարօրինակ չէ՞, որ ՌԴ-ի նախաձեռնությամբ ստեղծվող ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանը ֆինանսական աջակցություն է ստանում ոչ թե ՌԴ-ից, այլ արևմտյան երկրներից:

- Այդ նույն բանը կարող են ռուսները մտածել, թե ինչու Հայաստանից վարկ չեն ստանում: Մենք ԵՏՄ ենք մտնում որպես հավասար գործընկեր, հո չե՞նք գնում մեր պապայի մոտ ու ասենք` մեզ փող տուր: ԵՏՄ-ն այն կառույցը չէ, որին անդամակցելով մենք դառնում ենք ՌԴ-ի բալիկը, Ղազախստանն էլ` մեր մայրիկը, որ մեզ պետք է փող տան:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները