Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հայկական է արդյո՞ք Արցախը

Հայկական է արդյո՞ք Արցախը

Մոսկվայի կողմից Ղրիմը ռուսական տարածք հայտարարելուց հետո Հայաստանում ռուս տարբեր պաշտոնյաների հայտարարությունները զարգացան եղանակային սրացումների համատեքստում։ Ու այդ հայտարարություններից առավել հետաքրքիր էին Հայաստանի պատկան մարմինների, իշխանամետ պատգամավորների արձագանքները, որոնք երբեմն լուռ, երբեմն կիսաձայն հիշեցնում էին փաստաբանական վարքագիծ՝ հնարավորինս մեղմել արձագանքները, երբեմն՝ արդարացնել հայտարարությունները։

Առաջին սրացումը նկատվեց գարնանը, երբ ՀՀ- ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց, որ յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք։ «Ու հարցը՝ արդյոք այն կկարողանա ինքնուրույն ինքնորոշվել, անկախություն ստանալ, կախված է հստակ պատմական պայմաններից։ Չէ որ Ռուսաստանը չէր ձգտում ամեն եղանակով վերադարձնել Ղրիմը։ Պարզապես, տվյալ պահին հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հնարավոր չէր՝ ռուսաբնակ Ղրիմը ղեկավարվեր բանդերովցիների, ֆաշիստական տարրերի կողմից։ Մենք օգնության հասանք մեր ռուս եղբայրներին»,- հայտարարել էր դեսպանը։

Սակայն ոչ մեկը չնկատեց, թե ինչու այդ պարագայում Մոսկվան պաշտպանում էր եւ այսօր զինում է ադրբեջանցի ֆաշիստներին, որոնք չեն թաքցրել ու չեն թաքցնում հայկական կոտորածներ իրականացնելու իրենց ցանկությունը։ Գուցե պատճառն այն էր, որ դեսպանի այլ՝ որոշ ՀԿ-ների չեզոքացման մասին հայտարարությունն ավելի աղաղակող էր։ «… զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերեւս հարկ է օգտագործելով նաեւ այլ մեթոդներ»,- գարնանն ասել էր դեսպան Վոլինկինը։ Այս հայտարարության նկատմամբ հայկական արձագանքը բավականին կոշտ էր եւ իմ կարծիքով, բավականին համարժեք։ Սակայն պաշտոնական արձագանքներ գրեթե չեղան։

Երկրորդը ամառային սրացումն էր։ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, Հայաստանում «Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր Դմիտրի Կիսելյովը նշեց, որ այժմ Ղարաբաղի անկախության ճանաչումն արդիական չէ։ «Իմ կարծիքով Հայաստանի կողմից ԼՂ ճանաչումը կնշանակի գործել ազգային շահերի դեմ, եւ Հայաստանը պետք է չշտապի, քանի որ դա ինքնըստինքյան պատերազմ է նշանակում։ Իսկ պատերազմը ավելի վատ է, քան՝ խաղաղությունը»,- հայտարարել էր Կիսելյովը։ Ու ոչ ոք, նաեւ հայաստանյան իշխանություններից, այս անգամ էլ չէր արձագանքել, եթե պատերազմի վտանգն այդքան ակնհայտ է, ինչո՞ւ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին։ Պատճառը՝ ըստ երեւույթին Կիսելյովի այլ աղմկահարույց հայտարարություններն էին ։ Այստեղ հայաստանյան իշխանամետ պատգամավորների արձագանքն արդեն ավելի շատ հիշեցնում էր ստեղծված իրավիճակն ավելի մեղմելու ռազմավարություն։

Եվ ահա աշնանային սրացման ականատեսը եղանք հայ- ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երեւանյան նիստում։

Ղրիմը ռուսական տարածք է, ժողովուրդն այնտեղ ինքնորոշվել է. սա այն հիմնականն է, որը, ըստ հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի, տարբերում է Ղրիմի եւ Ղարաբաղի խնդիրները։ Հայաստանի ազգային հերոսի երեւանյան այս հայտարարության մեջ կար մեկ առանձնահատկություն. «Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է հստակեցվի, և եթե այն հայկական կլինի, ապա հարց չկա՝ Ղարաբաղը նույնպես կարող է դառնալ Եվրասիական միության անդամ: Բայց թե ինչպե՞ս կլուծվի հարցը, կլինի Ղարաբաղը առանձին պետություն թե Հայաստանի կազմում, կյանքը ցույց կտա»։ Ըստ էության Ռիժկովը հարցականի տակ էր վերցրել Ղարաբաղի հայկականությունը (ինչպես հարցականի տակ են դրել Ցարական Ռուսաստանը, Խորհրդային Ռուսաստանը, հետսովետական Ռուսաստանը), միաժամանակ նշելով, որ եթե լինի առանձին պետություն կամ Հայաստանի կազմում, կանդամակցի ԵՏՄ- ին։

Նիկոլայ Ռիժկովի այս հայտարարության շուրջ հայաստանյան արձագանքները բավականին իրարամերժ էին՝ պաշտպանելուց մինչեւ դատապարտելը։ Սակայն այս անգամ էլ պետական գործիչները գերադասեցին մոռացության տալու քաղաքականությունը։ Միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն էր Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ողջունել Ռիժկովի հայտարարությունը՝ կենտրոնանալով Ղարաբաղի Հայաստանին միանալու կամ անկախ լինելու հանգամանքի վրա։ Իսկ ահա այն հարցին, թե հայ- ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկվել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, տվել էր բացասական պատասխան։

Իհարկե հասկանում եմ, որ Բաքվին ռուսական զենքի մատակարարումները բիզնես են, ինչպես եւ 1920 թ. աշնանը հայ- թուրքական պատերազմի շեմին քեմալական Թուրքիային ռուսական զենքի մատակարարումները, սակայն այս բացատրությունից Հայաստանի կյանքը չի հեշտանում։

Առջեւում ձմեռ է՝ հնարավոր նոր սրացումներով։ Իսկ ձմեռը կրեմլյան քաղաքականության սիրած եղանակն է։ Ի վերջո, ինչպես գրականագետ, արմատներով շուշեցի Արտեմ Հարությունյանն էր բնորոշել «երբ զենքդ գալիս է Հյուսիսից, երբ գազդ գալիս է Հյուսիսից, երբ սերտաճում ես նրան», ապա կարծում եմ, իշխանություններն ստիպված են լինելու խաղալ ռուսական խաղի կանոններով։

Ի՞նչ եք կարծում, խիստ ենթադրական՝ հիպոթետիկորեն, եթե Ռուսաստանը որոշի, որ Հայաստանը ԵՏՄ- ի հետ պետք է ցամաքային ուղիղ սահման ունենա եւ այստեղ կարեւորվի Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ի՞նչ կպատասխանեն Հայաստանի իշխանությունները «արդյո՞ք հայկական է Արցախը» հարցին։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները