Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հաշվետվողականությո՞ւն, թե՞ պարսավանքի հնարավորություն

Հաշվետվողականությո՞ւն, թե՞ պարսավանքի հնարավորություն

Յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորն իր գործունեության վերաբերյալ պետք է հանդես գա գրավոր հաշվետվությամբ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ նախագիծը նոյեմբերի 7-ին քննարկվում էր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում առաջարկող օրինագծի համաձայն` պատգամավորի հաշվետվությունը պետք է ներառի «տեղեկատվություն նստաշրջանի ընթացքում հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների, ՀՀ կառավարությանը գրավոր եւ բանավոր հարցերով դիմելու, լիագումար եւ մշտական հանձնաժողովների նիստերում օրինագծերի քննարկման ժամանակ ունեցած ելույթների, խորհրդարանական լսումներում ունեցած ելույթների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների ու պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների, քաղաքացիներից ստացված նամակների եւ դրանց պատասխանների, քաղաքացիների ընդունելությունների, գործուղումների, ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ»: Հաշվետվությունն, ըստ նախագծի, պետք է հրապարակվի ԱԺ կայքում:

Փոստանջյանը կարոտե՞լ է նիստերին չմասնակցող պատգամավորներին

Զ.Փոստանջյանն իր նախագիծը հիմնավորել է ՀՀ օրենսդիր մարմնի աշխատանքն առավել բաց, թափանցիկ եւ հաշվետվողական դարձնելու նպատակով: Նա կարծում է, որ հաշվետու լինելու ինստիտուտի ներդրումը պատգամավորին կշահագրգռի մրցակցել գործընկերների հետ: «Սա կարող է նպաստել, որպեսզի ՀՀ ԱԺ-ն համալրվի առավել կարող, նոր գաղափարներ ու թարմ հայացքներ ունեցող պատգամավորներով՝ այդպիսով խորհրդարանը դարձնելով առավել պրոֆեսիոնալ եւ արդյունավետ գործող պետական ինստիտուտ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Զ.Փոստանջյանի խոսքով` գործունեության 5 տարիների ընթացքում պատգամավորը որևէ ձևաչափով հաշվետու չէ իր ընտրողների առջև, իսկ պատգամավորի գործունեության կամ ակտիվության մասին տեղեկություններ այսօր հնարավոր է ստանալ միայն Parliamentmonitoring.am կայքից, որից էլ հենց Փոստանջյանը տեղեկացել է, որ մոտ 50 պատգամավոր չի մասնակցում ԱԺ նիստերին, տարբեր հարցերի կամ օրինագծերի քննարկումներին, ելույթ կամ հարց չի հնչեցնում:

Հարակից զեկուցող, հանրապետական Լևոն Մարտիրոսյանը, դիմելով Փոստանջյանին, հետաքրքրվեց, թե արդյոք նա կարոտե՞լ է նիստերին չմասնակցող պատգամավորներին, ապա առաջարկեց՝ «այդ մարդկանց պետք է պատվոգիր տալ, որ ելույթ չունենան և չխաթարեն խորհրդարանի աշխատանքը»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ, միանալով այդ կատակին, ավելացրեց, թե պետք է հակառակ բովանդակությամբ օրինագիծ ներկայացնել, որ այդ պատգամավորները հանկարծ ելույթ չունենան:

Զ.Փոստանջյանը օրինագծում իրավական պատասխանատվության որևէ մեխանիզմ չի առաջարկում: Նա կարծում է, որ կարևորը բարոյական պատասխանատվությունն է, նաև այն, որ հանրությունը տեղեկանա, թե որ պատգամավորն է ավելի ակտիվ, որը` ոչ, քանի որ պատգամավորական գործունեության ընթացքում ցուցաբերած ակտիվությունից է մեծապես կախված լինելու վերընտրվելու հավանականությունը:

Հաշվետվողականությո՞ւն, թե՞ պարսավանքի հնարավորություն

Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները նշեցին, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը, քանի որ նման հաշվետվություններ ենթադրվում են «հրամայական» մանդատի դեպքում, իսկ ՀՀ սահմանադրությամբ՝ պատգամավորն առաջնորդվում է ոչ հրամայական մանդատով և պատասխանատվության սեփական զգացումով:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նկատեց, որ նախագիծը իրավական որևէ հետևանք չունի: «Ես կողմ եմ այն գաղափարին, որ պատգամավորները, որոնք չեն գալիս նիստերին, երևան հանրության աչքին, բայց նրանց օրենսդրությամբ որևիցե կերպ չենք կարող բերել և պարտադրել հաշվետվություն ներկայացնել: Parliamentmonitoring.am կայքը դիտարկում իրականացնում է, թե որ պատգամավորն ինչպես է քվեարկել, քանի ելույթ է ունեցել, օրենսդրական քանի կամ ինչ նախաձեռնություն է արել և այլն»,- նշեց Սահակյանը:

Նրա համոզմամբ՝ նման օրինագծի կարիք չկա, իսկ եթե Զ.Փոստանջյանը շատ է ցանկանում ներկայացնել պատգամավորների աշխատանքի վերաբերյալ նման տեղեկություններ, ապա դրանք կարող է վերցնել Parliamentmonitoring.am կայքից և հրապարակել ԱԺ հայտարարությունների ժամին:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արփինե Հովհաննիսյանը, կարծում է, որ օրինագծով կսահմանվի հերթական պարտականությունը: «Parliamentmonitoring.am կայքը կանդրադառնա դրան, այլ լրատվամիջոցներ նույնպես կօգտվեն այդ տեղեկատվությունից ու համապատասխան հրապարակումներ կանեն: Արդյունքը ո՞րն է: Գաղափարն իրականում հանգում է հասարակական պարսավանքի ինստիտուտի»,- եզրակացնում է պատգամավորը:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կողմ է նման մեխանիզմի ներդրմանը, բայց ոչ թե պարտականության, այլ՝ ցանկության սկզբունքով: Նրա կարծիքով կարևոր է նաև պատգամավորի ակտիվության որակը: «Մենք պետք է բովանդակային մասին էլ անդրադարձ կատարենք: Մեկը կարող է ասել, թե 50 ելույթ է ունեցել և 10 օրինագիծ ներկայացրել, բայց թե դրանից ինչ կստանա քաղաքացին, դժվար է ասել»,- ասաց Ա.Մինասյանը` Զ.Փոստանջյանի առաջարկությունը համարելով դրական գաղափար:

Վերապահումներ ունի նաև ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը. «Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ նկատառումներից ելնելով եք այս նախագիծը ներկայացնում, բայց, Սահմանադրության համաձայն, պատգամավորը կաշկանդված չէ իր մանդատով, գործում է ազատ: Օրինակ՝ Էդմոն Մարուքյանը, ով մեծամասնականով է ընտրվել, հաշվետու չէ իր ընտրողին, քանի որ հետկանչի ինստիտուտ չկա: Եթե լիներ այդ ինստիտուտը, ես կստորագրեի այս նախագծի տակ»:

Ձայների 6 «դեմ» և 4 «կողմ» (Զարուհի Փոստանջյան, Գագիկ Ջհանգիրյան, Էդմոն Մարուքյան և Արծվիկ Մինասյանը) հարաբերակցությամբ օրինագիծը դրական եզրակացություն չստացավ: Փոստանջյանը խոստացավ «այլ ճանապարհով» այն ներկայացնել լիագումար նիստերի քննարկմանը:

Քվեարկության պատմություն

Փոստանջյան Զարուհի Համազասպի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Փոստանջյան Զարուհի «Ժառանգություն» 202 252 128 37 344 35 55
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները