Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Բյուջետային քննարկումներ՝ առանց գոտկատեղից ներքև հարվածների

Բյուջետային քննարկումներ՝ առանց գոտկատեղից ներքև հարվածների


Խորհրդարանն ավարտվեց 2015թ. բյուջեի նախագծի քննարկումների առաջին փուլը: Նախագիծը ներկայացնողները բյուջեն որակեցին սոցիալական, քանի որ ծախսերի մոտ 47 տոկոսն ուղղված է սոցիալ- մշակութային ոլորտին: Հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը պլանավորել է ծախսել մոտ 1 տրիլիոն 298 միլիարդ դրամ և ապահովել 1 տրիլիոն 184 միլիարդ դրամ եկամուտ: Այս երկու թվերի տարբերությունը կամ բյուջետային տերմինաբանությամբ՝ դեֆիցիտը, 114,1 միլիարդ դրամ է, որը կառավարությունը նախատեսում է լրացնել միջազգային կառույցներից և այլ երկրներից ստացվող դրամաշնորհների կամ վարկերի միջոցով: Ընդ որում` հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրված են 1,131 մլրդ դրամի չափով, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի է 34 մլրդ դրամով և կազմում է ընդհանուրի 95,5 տոկոսը` նախորդ տարվա 96,6 տոկոսի փոխարեն:

ՀՆԱ-ի իրական աճը ծրագրվում է 4,1 տոկոսի, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` 23,4 տոկոսի չափով: Ըստ կառավարության հաշվարկների՝ 2015 թ. ապրանքների ներմուծման աճը դոլարային արտահայտությամբ կկազմի 3.7, իսկ արտահանմանը՝ 5.2 տոկոս: Արդյունքում՝ 2015 թ. ապրանքների ներմուծումը եւ արտահանումը կկազմեն համապատասխանաբար 3 մլրդ 974 մլն ԱՄՆ դոլար եւ 1 մլրդ 768 մլն դոլար:

Բյուջեն խորհրդարանին ներկայացնելով` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախագծի հիմքում խորհրդարանի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի, ինչպես նաեւ կառավարության կողմից ընդունված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական եւ 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրային դրույթներն են:

Եվրասիական ուղղվածություն, բայց եվրոպական ակնկալիքներ

Հայտնի է, որ 2015թ. հունվարին Հայաստանն անդամակցելու է Եվրասիական միությանը, մինչդեռ դեռևս պարզ չէ, թե այդ անդամակցությունն ինչ ազդեցություն է ունենալու բյուջեի կատարման վրա: Առայժմ միայն հայտարարվել է, որ հաջորդ տարի ԵՏՄ անդամ չորս երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու նաև Հայաստանի ընդհանուր մաքսային բյուջեի 13,1 տոկոսը կամ մոտ 250 մլն դոլարը բաժին է հասնելու մեր երկրին: Տնտեսական բացասական կամ դրական որևէ ազդեցություն արտացոլված չէ 2015թ. բյուջեի նախագծում: Հատկանշական է, սակայն, որ ԵՏՄ անդամակցությանը հավակնող մեր երկիրը 2015թ. միջազգային ֆինանսական կառույցներից ու Եվրամիության երկրներից ակնկալում է ստանալ ֆինանսական օժանդակություն ՝ 20 մլն եվրոյի և 37 մլն դոլարի չափով:

Գոտկատեղից ներքև հարվածներ չեղան

Բյուջե 2015-ի քննարկումները, նախորդ տարվա համեմատությամբ, ունեին հետաքրքիր առանձնահատկություն. թե մշտական հանձնաժողովների, թե լիագումար նիստերի քննարկումներում կառավարությանն ու վարչապետին ուղղված քննադատությունը բավական մեղմ էր: Եթե անցած տարի այս օրերին ոչ իշխանական ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցություններն իրար հերթ չտալով սուր քննադատության էին ենթարկում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, նրան խորհուրդ տալիս մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք ու իր կատարած հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնել, ապա այս քննարկումների ժամանակ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանին քննադատություն գրեթե չհասցեագրվեց: Ավելին` եռյակի անդամները կրկին հիշեցին Տ.Սարգսյանին, մանրամասն քննադատեցին նրա ծրագրերն ու համարեցին, որ առկա տնտեսական վիճակը Հ.Աբրահամյանը ժառանգել է նախորդից:

Այնուամենայնիվ, ոչ իշխանական խմբակցությունները որոշակի մտահոգություններ ունեին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իշխանություններին մեղադրեց կոռուպցիայի ու ատկատների մեջ: Դրանք, պատգամավորի խոսքով, խոչընդոտում են երկրի զարգացմանը, տնտեսական աճին ու բյուջեի ավելացմանը, իսկ իշխանությունները ոչ մի քայլ չեն անում երկիրը բարդ իրավիճակից դուրս բերելու համար: «Ափսոս վարչապետն այստեղ չէ, առաջարկ ունեմ: Դուք կարող եք ձեր կերպարով դարակազմիկ որոշում ընդունել. եթե վարչապետը և կառավարության անդամները միասին հրաժարական ներկայացնեն, դրանով ոչ թե կգցեն իրենց թիմին, այլ կհաստատեն, որ այս համակարգով հնարավոր չէ անել այն, ինչի մասին խոսում ենք: Դա կլիներ ձեր լավագույն որոշումը, ձեզ կծափահարեն բոլորը, այդ թվում՝ ամենաթունդ հակառակորդները»,- հայտարարեց Ռ.Հակոբյանը` ավելացնելով, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2015թ. բյուջեի նախագծին:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ 2015թ. բյուջեի նախագիծը արտացոլում է Հայաստանի տնտեսության վիճակը` ցածր դիմադրողականություն, արտաքին անմրցունակություն, նվազող ներդրումներ և բարձր գործազրկություն: Նա որպես թերություն նշեց այն, որ փաստաթղթում նշված չէ ստվերի չափը: Պատգամավորը հավելեց, թե որպեսզի իր կողմից անընդհատ քննադատություն չհնչի, առանձնացրել է նաև որոշակի դրական կողմեր: «Առաջին անգամ փաստաթղթում ներկայացվում է հարկային ծախսումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչը լավ նախադեպ է: Մյուս դրական կողմը եկամտային հարկով շինարարության ոլորտում որոշակի խթանման քաղաքականությունն է»,- հայտարարեց Ա.Մինասյանը, բայց չհայտնեց, թե ՀՅԴ-ն ինչպես է քվեարկելու:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր ելույթում նախ նկատեց, որ «գոտկատեղից ներքև հարվածներ չեն լինելու, լինելու է անկեղծ ու ազնիվ գնահատական, քանի որ քննարկվում է երկրի թիվ մեկ փաստաթուղթը»: Պատգամավորը հայտարարեց, որ բյուջեի նախագիծը չի համապատասխանում երկրի տնտեսության մեջ ստեղծված իրավիճակին և չի նախատեսում ստեղծված խնդիրների լուծում: «Կառավարության տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի տնտեսության իրական սեկտորի` արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը: Կառավարությունը պետք է նպաստի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, քայլեր ձեռնարկի` բիզնես դաշտի ազատականացման և մենաշնորհների վերացման ուղղությամբ: Բայց քանի որ ներկայացված բյուջեի նախագիծը չի համապատասխանում այս պահանջներին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին»,- հայտարարեց Մ.Մելքումյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույնպես անդրադարձավ անընդհատ պակասող ներդրումներին, շեշտեց, որ դրանք կրճատվում են կոռուպցիոն երևույթների պատճառով: Պատգամավորի կանխատեսմամբ՝ 2015թ. ՀՆԱ-ի նախատեսված աճը չի ապահովվի, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կբարձրանա մինչեւ 47 տոկոս՝ մոտենալով առաջին վտանգավոր շեմին: «Վերլուծելով ներկայացված փաստաթուղթը, հանգում ենք այն եզրակացության, որ գործ ունենք մի կառավարության հետ, որն ինքն իրեն համարում է ժամանակավոր: Միայն ժամանակավոր կառավարությունը կարող է ներկայացնել բյուջեի փաստաթուղթ, որը չի նախատեսում երկրի զարգացմանն ուղղված քայլեր ու ծախսեր, որն առանց զարգացման միջոցառումների՝ ավելացնում է սոցիալական վճարները՝ հույս ունենալով դրանով զսպել սոցիալական բունտը եւ օրվա ընթացիկ հարցերը լուծելով երկրի ապագայի հաշվին: Սա դասական ֆինանսական բուրգի սխեմայի կառավարություն է, որի նպատակն է՝ ցանկացած գնով պահպանել իշխանությունը: Մենք դեմք ենք այս ռեժիմին, դեմ ենք նրա ներկայացրած բյուջեին»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

«Հաջորդ տարվա տնտեսական քաղաքականության շեշտադրումներն են գործարար միջավայրի բարելավումը, արտահանման զարգացումը, հումքային ոլորտների զարգացումը, կանխատեսվում է 4.1% տնտեսական աճ: Սա ևս բավական բարձր ցուցանիշ է, իսկ դա կապվում է հարկային արտոնությունների տրամադրմամբ, որ իր առջև դրել է կառավարությունը ներդրումային դաշտին ավելի մեծ հնարավորություններ շնորհելու համար: ՀՀ-ն արտաքին պետական պարտքի ցուցանիշով կմնա որպես նվազ կամ միջին արտաքին բեռ ունեցող երկիր: Չնայած ընդդիմադիրներն այլ թվեր էին ասում, սակայն այն իրողությունն ու ծրագրերը, որ կառավարությունը դրել է իր առջև, կտանի վերջնական արդյունքի ապահովմանը: Բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, միտված է ազգաբնակչության սոցիալական վիճակի բարելավմանը, աղքատության, արտագաղթի ու գործազրկության նվազեցմանը: ՀՀԿ-ը կողմ է քվեարկելու և կոչ ենք անում մեր գործընկերներին ավելի սթափ մտածել »,- հորդորեց Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Բյուջետային քննարկումներն օրենսդրության պահանջով առնվազն 4 օրով ընդհատվեցին: 24 ժամվա ընթացքում պատգամավորները կառավարությանը կներկայացնեն իրենց առաջարկները: Հաջորդ քննարկման ժամանակ կառավարությունը կտեղեկացնի, թե քանի առաջարկ է ընդունել, դրանք ֆինանսական ինչ արժեք ունեն և թվային ինչ փոփոխություններ են առաջացնելու փաստաթղթի վերջնական տարբերակում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները