Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Համեստ և ոչ համարձակ բյուջե

Համեստ և ոչ համարձակ բյուջե

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է:

- 2015թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, թե հաշվարկներ են կատարվում, և նոյեմբերի վերջին միայն պարզ կդառնա, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության, բյուջեի կատարման վրա: Հնարավոր համարո՞ւմ եք, որ 2015թ. բյուջեի նախագծի վերջնական տարբերակում այդ ազդեցության ֆինանսական հաշվարկներն արդեն ներառված լինեն:

- Կարծում եմ՝ որոշ ճշգրտումներ կարող են լինել, բայց ամբողջությամբ` ոչ, որովհետև ԵՏՄ անդամակցության տնտեսական ազդեցության գնահատումը ոչ միայն բարդ է ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, այլև շատ դրույթներ, նորմեր դեռ պետք է գործադրվեն, որպեսզի այդ ազդեցությունը երևա: Ակնկալվող արդյունքներից առայժմ գնահատվել են միայն մաքսային բյուջեից հնարավոր հավելյալ մուտքերը՝ մոտ 150-200 մլն դոլար:

- Խոսքը վերաբերում է ԵՏՄ մաքսային ընդհանուր բյուջեից Հայաստանին բաժին հասնող 1,13 տոկոսի՞ն:

-Այո: Բայց դա էլ շատ փխրուն մոտեցում է, որովհետև դեռ չգիտենք, թե ինչ զարգացումներ են լինելու: Եթե շարունակվեն Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, այդ գումարն էլ կարող է էականորեն նվազել: Մյուս կողմից` չմոռանանք, որ անդամակցությունն իր հետ բերելու է խաղի նոր կանոններ, որը կարող է գնաճի պատճառ դառնալ: Իսկ գնաճի ազդեցությունը Հայաստանում էականորեն կնվազեցնի գնողունակությունը: Եվ քանի որ բյուջեում նախատեսված չէ վարձատրության համակարգի աճ, ինչպես նաև մասնավոր համակարգում աջակցության տարբեր սխեմաներ, սա նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ: Դրականը կարող է լինել այն, որ հայկական ապրանքատեսակները կարող են ավելի հեշտությամբ մտնել ԵՏՄ տարածք: Բայց դրա համար էլ մեր կառավարությունից պահանջվելու են մի շարք գործողություններ: Այսօր ռուսական շուկա են մտնում թուրքական ապրանքներ, որոնք հայկականից զգալիորեն ավելի էժան են: Պատճառը հիմնականում այն է, որ Թուրքիան սեփական արտադրողների նկատմամբ կիրառում է ակտիվ սուբսիդավորման քաղաքականություն, ինչը չի անում Հայաստանը: Մեր պետությունը գոնե մինչև 30 տոկոսի չափով պետք է սուբսիդավորի ջերմոցային տնտեսությունների ջեռուցման ծախսերը: Դրա համար կպահանջվի մոտ 1,5 մլրդ դրամ, բայց ազդեցությունը կլինի բավականին մեծ: Իսկ որպեսզի ՀՀ-ն կարողանա ընդլայնվել ԵՏՄ-ի շուկայում, պետք է  այդ ուղղությամբ աշխատանք կատարի:

- Կատարվո՞ւմ է:

- Տեղեկություն չունեմ, բայց բյուջեի նախագծում գյուղատնտեսության ոլորտի այս մի օրինակի բացակայությունը ցույց է տալիս, որ չի կատարվում:

- Այնուամենայնիվ մոտավոր հաշվարկներով ԵՏՄ անդամակցությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ բյուջեի կամ բյուջեի կատարման վրա:

- Միանշանակ չենք կարող ասել: Եթե քաղաքական հարթության մեջ ենք դիտարկում, ընդդիմությունը, հատկապես ԵՏՄ-ին անդամակցելուն դեմ արտահայտվող ուժերը, ասում են, որ բացասական ազդեցություն է ունենալու, իշխանությունը գտնում է, որ լավ է լինելու: Անկախ փորձագետների մի մասն էլ ճշմարտացի կերպով կարծում է, որ այսօր դա դժվար է գնահատել: Ես համոզված եմ, որ պետք է բարձրացնել Հայաստանի տնտեսության պաշտպանունակությունը: Սուբսիդավորման մեխանիզմներ են պետք է , ներդրումներ: «Գույք պարտքի դիմաց» ծրագրով ՌԴ-ին տրված ձեռնարկությունները վերագործարկելու խնդիր է պետք դնել: Չմոռանանք, որ հիմա ռուսական կապիտալը դուրս է գալիս այդ երկրից ու հանդիպում է միջազգային պատժամիջոցների: Նշանակում է՝ այն պետք է ինչ-որ տեղ հոսի: Նշանակում է՝ մենք պետք է կարողանանք այդ կապիտալի մի մասը տեղափոխել Հայաստան: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը կարող է եվրոպական և եվրասիական երկրների միջև կամուրջ դառնալ: Որոշ երկրներ համաձայն չեն պատժամիջոցներին, որովհետև տուժում են նաև նրանց տնտեսությունները, բայց չկա երրորդ երկիր, որի միջոցով փորձեն եվրասիական տարածքում շարունակել իրենց գործունեությունը:

- Իսկ ԵՏՄ-ին անդամակցելու ազդեցությունը կարո՞ղ է այնքան մեծ լինել, որ բյուջեում փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա:

- Հնարավոր է: Շատ հնարավոր է, որ էական փոփոխություններ լինեն, բայց դրանք տեղի ունենան կառավարության մակարդակով, քանի որ հայաստանյան օրենսդրությունը բյուջեի ավելացման կամ կրճատման`սեկվեստորի դեպքում չի պարտադրում պառլամենտի մասնակցությունը: Իմ գնահատմամբ՝ այս համակարգն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ պետական նպատակային ծրագրերի առումով խախտվում է պառլամենտի կողմից սահմանված համամասնությունը: Բացի այդ՝ մի հսկայական համակարգ դուրս է մնում այդ փոփոխություններին մասնակից լինելուց: Արդյունքում՝ հնարավոր է, որ հաջորդ տարի պառլամենտն ու կառավարությունը խոսեն տարբեր լեզուներով: Կառավարությունը տիրապետի այնպիսի տեղեկությունների և այնպիսի հոսքերի, որոնց մասին այստեղ չիմանանք և հակառակը: Սա նաև նշանակում է, որ մենք ունենք ներքին համահարթեցման խնդիրներ:

- Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում 2015թ. բյուջեի նախագիծը:

- 2015թ. համար խիստ համեստ բյուջե է ներկայացված: Եվ երբ կառավարությունն ասում է, թե այն իրատեսական է, իհարկե, իրատեսական է, որովհետև այդտեղ չկա համարձակություն: Բյուջեն համարձակ չէ, քանի որ 2014թ. ծրագրայինի նկատմամբ ընդամենը 52 մլրդ դրամ ծախսային ավելացում է նախատեսում: Ընդ որում` այդ 52 միլիարդից 41 միլիարդը աշխատավարձի աճն է: 5-6 միլիարդը էներգետիկ և այլ ծախսումների ավելացումն է, որոնք պայմանավորված են գնաճով: Արդյունքում՝ մենք կապիտալ ներդրումների համար կամ չունենք ռեսուրս կամ էլ այն այնքան փոքր է, որ էֆեկտը մեծ չի լինելու: Այլ կերպ ասած` 2014 թվականի տեմպերը պահպանող բյուջե է: Միգուցե պատճառներից մեկն այն է, որ առկա է մեծ անորոշություն. մեծ է հատկապես արտաքին անորոշությունը:

Քվեարկության պատմություն

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
0 0
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները