Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գործս ոչ ոք չիմանա

Գործս ոչ ոք չիմանա

Սահմանադրական դատարանն անցած շաբաթ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց ԵՏՄ- ին ՀՀ անդամակցության համաձայնագիրը։ Սակայն համաձայնագրի մասին չէ, որ ցանկանում եմ խոսել։ Գործը քննվեց գրավոր ընթացակարգով, քանի որ ՍԴ- ն որոշեց, որ հարցն այնքան էլ կարեւոր չէ Հայաստանի համար եւ կարելի է առանց հրապարակային քննության որոշումն ընդունել։ Այն լրագրողները, ովքեր ՍԴ ստեղծման ականատեսն են, կհիշեն, որ դատարանի նիստերին լրագրողների մասնակցությունը ոչ միայն հրապարակայնացնում էր այդ նորաստեղծ ինստիտուտի գործունեությունը, այլեւ քննության ընթացքում լուսաբանման բազաթիվ թեմաներ էին ծնվում։ Այսօր ՍԴ նիստերին հիմնականում մասնակցում են աշխատակազմի ներկայացուցիչները։

Այդ նույն տարիներին կառավարությունում հավատարմագրված լրագրողները կարող են հիշել, որ հավատարմագրման վկայականը մուտք էր կառավարության շենք աշխատանքային ժամերին, հանդիպում պաշտոնյաների հետ, հարցազրույցներ անելու հնարավորություն։ Այսօր հավատարմագրված լրագրողը կարող է միայն ներկա լինել հրավիրված մամուլի ասուլիսներին։
Էլ չեմ ասում այդ տարիների Գերագույն խորհրդի, ապա եւ ԱԺ մասին, որտեղ ցանկացած լրատվամիջոց կարող էր հավատարմագրել իր ներկայացուցիչներին եւ նրանց աշխատանքը խորհրդարանում տարօրինակ պաշտոնյաների արտառոց որոշումներով չէր սահմանափակվում, ինչպես այսօր է։

Որքան տեղեկատվական միջոցները դառնում են հասանելի, այնքան հայաստանյան պետական ատյանները փորձում են դառնալ փակ, իսկ պաշտոնյաների գործունեությունը՝ հույժ գաղտնի։ Ապացույցներից մեկն էլ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ պետաիրավական հանձնաժողովում քննարկված նախաձեռնությունն ու դրա միջոցով բացահայտված իրողությունն է։
Փոստանջյանն առաջարկում է, որ յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորն իր գործունեության վերաբերյալ հանդես գա գրավոր հաշվետվությամբ։ Պատգամավորը Parliamentmonitoring.am կայքից տեղեկացել է, որ մոտ 50 պատգամավոր չի մասնակցում ԱԺ նիստերին, տարբեր հարցերի կամ օրինագծերի քննարկումներին, ելույթ չի ունենում, հարց չի տալիս։ Եվ ահա պատգամավորն անում է առաջարկություն՝ հուսալով, որ ԱԺ մոտ 40 տոկոս «խուլուհամրերի» իմաստնուն մտքերը գրագետ ներկայացնելու հրաշքի ականատեսը կլինենք։

Քննարկումների ընթացքում հնչած երկու կարծիք չափազանց հետաքրքրական էր, քանի որ բնութագրում է հայաստանյան իշխանության որակը։ Գիտենք, որ «խուլուհամր» պատգամավորները հիմնականում ՀՀԿ ու ԲՀԿ խմբակցություններից են։ Խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը խոստովանել էր, որ «այդ մարդկանց պետք է պատվոգիր տալ, որ ելույթ չունենան և չխաթարեն խորհրդարանի աշխատանքը»։ Այսինքն՝ իշխանամետ պատգամավորները շատ լավ հասկանում են, թե երկրում ինչպիսի կադրային քաղաքականություն է վարվում, գիտեն, թե ինչպիսի մարդկանց են բերում խորհրդարան եւ պետական ատյաններ ու, փաստորեն, իմանալով դրա մասին, զբաղվում են, ըստ էության, պետական ինստիտուտների վարկաբեկմամբ։

Ասածիս ապացույցը մեկ այլ ՀՀԿ պատգամավորի՝ Արփինե Հովհաննիսյանի այն տեսակետն էր, որ «Parliamentmonitoring.am կայքը կանդրադառնա դրան, այլ լրատվամիջոցներ նույնպես կօգտվեն այդ տեղեկատվությունից ու համապատասխան հրապարակումներ կանեն: Արդյունքը ո՞րն է: Գաղափարն իրականում հանգում է հասարակական պարսավանքի ինստիտուտի»: Այսինքն՝ կառավարություն ձեւավորող քաղաքական ուժի ներկայացուցիչը շատ լավ հասկանում է, որ իրենց գործունեության ցանկացած լուսաբանում հանգեցնելու է հասարակական պարսավանքի։ Այսինքն՝ իշխանությունը հասկանում է, որ երկրում պարսավանքի արժանի քաղաքականություն է իրականացնում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները